Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր միավորումը չի շտապում արձագանքել նոր դաշինքի ստեղծմանը


Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորման այսօր կայացած խորհրդի նիստում Հայկոմկուսի, «Ազգային Միաբանության» եւ «Սոցիալիստական Հայաստան»-ի՝ երեկ ստեղծած Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի վերաբերյալ որեւէ որոշում չընդունեց: Նիստին մասնակցում էին նաեւ դաշինքը կազմած կուսակցությունների ներկայացուցիչները:

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանից եւ Ազգային ժողովրդավարների դաշինքի (ԱԺԴ)նախագահ Արշակ Սադոյանից բացի, «16»֊ի մյուս բոլոր ուժերն նիստում ներկայացված էին ոչ առաջին դեմքերով:

Ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները բավական զգուշավոր էին նաեւ իրենց մեկնաբանություններում: Կարելի է առանձնացնել, թերեւս, Հայկումկուսի ղեկավար անդամ Խորեն Սարգսյանին, որն ասաց, թե բացարձակապես տեղյակ չէր, որ իր կուսակցությունը նման դաշինքում է եւ բամբասանքի տեղ էր ընդունել նման տեղեկությունը: Մյուսները հիմնականում փորձում էին ապացուցել, թե քայլը բնական էր, եւ դրանից միավորմանը պառակտում չի սպառնում:

Ընդդիմադիր միավորման շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Վաղարշակ Հարությունյանի խոսքերով, «16»֊-ի բոլոր ուժերը առաջնորդվում են միասին մշակած փաստաթղթերով եւ նախընտրական մարտավարությամբ: Առաջադրում են նախագահի իրենց թեկնածուները, եւ, նրա խոսքերով, երեկ ստեղծված դաշինքը արդեն կներկայանա մեկ թեկնածուով: «16-ի գործը հեշտացնում է, հստակեցնում է ամեն ինչ, եւ դա ես համարում եմ նորմալ երեւույթ», - ասաց Հարությունյանը:

«Ես չեմ ուզում հիմա տրամադրված խոսել 16-ի տրոհման մասին», - ասաց ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) ղեկավար անդամ Ալքեսանդր Բուտաեւը, - «Պարզապես խոշորացում է գնում 16-ի ներսում: Ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում այս փուլում»:

Անգամ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը սկանդալային ոչինչ չի տեսնում համագործակիցների թիկունքում դաշինք ձեւավորելու մեջ: Հարցին, թե պատրա՞ստ է հանել իր թեկնածությունը, եթե որոշվի, որ «16»֊-ի միասնական թեկնածուն ժողովրդահայրենասիրական դաշինքի թեկնածուն է, Սադոյանը դրական պատասխանեց՝ պայմանով, որ այդ միասնական թեկնածուն իր վրա է վերցնելու «այս վարչախմբից ազատվելու պարտականությունները եւ անցումային նախագահի՝ ոչ միայն խոսքով, այլեւ ծրագրային պարտավորությունները»:

Ձախերի դաշինքի շուրջ թեական էր միայն ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի տեսակետը, որն ավելի շուտ էր դուրս եկել խորհրդի նիստից, եւ, ըստ երեւույթին, տեղյակ չէր ընդհանուր պայմանավորվածությանը՝ նոր դաշինքի մասին առայժմ «կամ լավը, կամ ոչինչ»:

«Եթե նայենք տեսականորեն, դա չի խանգարում հիմնարար նպատակին հասնելուն», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Բայց, իհարկե, մենք հասկանում ենք, որ ահագին բարդացնում է»: Եթե ժողովրդի կողմից ընդունելի միասնական թեկնածու չեղավ, Քոչարյանի խոսքերով, այդ տրոհումը «նպաստելու է իշխանության վերարտադրությանը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում մամուլում հրապարակված տեղեկությանը, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, «16»-֊ի միավորման շտաբի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ընդունվե՞լ է այդպիսի որոշում, թե՞ոչ: Իսկ որպես երեւույթ, դա համարում է «ուղղակի անընդունելի»:

«Դա ուղղակի հակասում է Սահմանադրությանը», - ասաց Հարությունյանը: - «Քոչարյանը ժամանակին ինձ մեղադրում էր, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Եթե սա կայանա, ուրեմն հասկանում եք, թե ինչի համար է դա արվում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG