Մատչելիության հղումներ

Հայաստանում ահաբեկչությանը ծառայող գումարներ չեն լվացվում


Հայաստանը, ի թիվս այլ երկրների, վերջերս խստացրել է բանկային վերահսկողությունը՝ բացառելու անօրինական փողերի լվացումը, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը: Երկրի համապատասխան օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն, մասնավոր բանկերը պարտավոր են սառեցնել բոլոր կասկածելի հաշիվները:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավաստիացրել է, թե ներկայումս Հայաստանի բանկերի միջոցով ահաբեկչական նպատակների ծառայող գումարներ չեն լվացվում, նման փոխանցումներ չեն արվում։

«Այսօր մեր բանկային համակարգում կան համապատասխան գործիքներ՝ կանխելու նման կազմակերպությունների գործողությունը», - նշեց Տիգրան Սարգսյանը: - «Մենք ունենք այդպիսի կազմակերպությունների ցուցակ, որը տրամադրված է բոլոր առեւտրային բանկերին, եւ օգտվելով օրենքի պահանջներից, նրանց տրված է համապատասխան հանձնարարական, որ այդ ցուցակում ընդգրկված կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հաշիվները կամ ֆինանսական միջոցները՝ եթե այդպիսիք հայտնաբերվեն, անհապաղ պետք է սառեցվեն»:

Այդուհանդերձ, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, մեր բանկային համակարգը շարունակում է մնալ լիբերալ, եւ բոլոր այն ներդրողները, որոնք օրինական գործունեություն են ծավալում Հայաստանում, այսուհետ եւս արգելքներ չեն ունենա։

Կենտրոնական բանկի նախագահը բացառեց, թե հակաահաբեկչական նկատառումներով կատարված օրենսդրական փոփոխությունները թուլացնում են բանկային գաղտնիքը: «Քանի որ այդ գործողությունները չեն ենթադրում, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը հրապարակվելու է, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ գործելու ենք բանկային գաղտնիքի կոնցեպցիայի ներքո, եւ ընդունված փոփոխությունները բոլորովին էլ չեն ընդլայնում այն սուբյեկտների քանակը, որոնք դառնալու են բանկային գաղտնիքի կրող»:

Սարգսյանը հավելեց նաեւ, որ եթե դատական քննության ընթացքում պարզվի, որ Կենտրոնական բանկը անհիմն ձեւով է կալանքի տակ դրել որեւէ հաշիվ, ապա բանկը ոչ միայն պետք է փոխհատուցի վնասները, այլեւ՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG