Մատչելիության հղումներ

Ստեղծվեց ռուսամետ ու ձախ ուժերի նոր դաշինք


16 կուսակցությունների ընդդիմադիր միավորմանը մաս կազմող ռուսամետ ու ձախ ուժերը՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, այսօր հայտարարեցին նոր՝ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի ստեղծման մասին:

Դա ազդարարող հայտարարությունը «Սոցիալիստական Հայաստան» միավորման՝ այսօր տեղի ունեցած համագումարում ընթերցեց «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը. - «Հանրապետությունը համընդհանուր ճգնաժամից դուրս բերելու եւ կործանարար գործընթացները կասեցնելու նպատակով, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը, «Սոցիալիստական Հայաստանի» միավորումը որոշում են ստեղծել Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք»:

Հայտարարության մեջ այնուհետեւ ասված է, որ ստեղծվող դաշինքը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միասնական թեկնածուով եւ միասնական բլոկով: Ու թեեւ նշվում է նաեւ, թե դաշինքը շարունակելու է բոլոր հայրենասիրական ուժերի միավորման գործընթացը, ըստ էության, սակայն, պարզ է, որ այս քայլով ընդիմադիր միավորման մի մասը, մեղմ ասած, առանձնացնում է իրեն:

Հայտարարությունն ընթերցվեց այսօր տեղի ունեցած «Սոցիալիստական Հայաստան» միավորման համագումարում, ուր արդեն պաշտոնապես որպես նախագահի թեկնածու առաջադրվեց Գառնիկ Մարգարյանը:

Կարո՞ղ է արդյոք այս դաշինքի ստեղծումը տանել դեպի «16»-ի պառակտում՝ դեռեւս դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ ընդդիմադիր միավորման մյուս անդամների համար դաշինքի ստեղծումն ազդարարող հայտարարությունն անակնկալ էր:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադոկայանին ասաց, որ այդ մասին «տեղեկացված չեն եղել»: «Չեմ կարծում, որ սա կարող է պառակտման հիմք դառնալ», - շարունակեց նա: - «Նախաձեռնողները հավանաբար փակ են պահել այդ որոշումը, որպեսզի էֆեկտը ավելի մեծ լինի»:

Համագումարին ուղղված ողջույնի խոսքում Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը՝ ասելով, որ դաշինքի ստեղծումը «դրական քայլ է», ավելացրեց, այդուհանդերձ, թե «այդ դրական քայլը չպետք է տանի դեպի պառակտում»: «Այսօրվա խնդիրը կայանում է նրանում, որ «16»-ը՝ ե'ւ ձախ թեւով, ե'ւ աջ թեւով, կարողանա հանդես գալ միասնական, որովհետեւ իշխանափոխության երաշխիքը դա է», - ասաց Քոչարյանը:

«16-ի պառակտման մասին խոսակցությունները վաղաժամ են», - ասաց Գեղամյանը՝ չբացառելով, որ ինքը կարող է դառնալ նորաստեղծ դաշինքի թեկնածուն:

Այսօրվանից, ի դեպ, սկսվել է 2003 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում թեկնածուների պաշտոնական առաջադրման ժամկետը, որը ավարտվելու է դեկտեմբերի 6-ին:

Հայաստանի գործող նախագահին մոտ կանգնած աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջադրելու նպատակով ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնող խումբ, որոշված է, թե ով է ղեկավարելու նախընտրական շտաբը: Սակայն կոնկրետ անուններ կամ այլ մանրամասներ մեր աղբյուրը չհայտնեց: Պաշտոնական հաղորդագրություն կլինի առաջիկա օրերին:

Երեկ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչությունը որոշում է կայացրել հերթական 13-րդ համագումարը հրավիրել նոյեմբերի 28-ին: Համագումարում կուսակցությունը հավանաբար առաջադրելու է նախագահի իր թեկնածուին, սակայն այսօր էլ դեռ հստակ չէ,թե ով է լինելու նախկին իշխանական կուսակցության թեկնածուն: Դեռեւս չի բացառվում, որ դա կարող է լինել թե նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ կուսակցությունը զբաղված է նախընտրական շտաբի ձեւավորման գործընթացով: Բնականաբար, ինչպես համագումարն է որոշել, սահմանված ժամկետում ԿԸՀ-ին են ներկայացնելու իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Իրենց թեկնածուներին են առաջադրելու նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը՝ Ստեփան Դեմիրճյանին: Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ չհերքեցին, որ որոշակի փուլում կարող են պաշտպանել ընդդիմության միասնական թեկնածուին:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Ալբերտ Բազեյանը նույնպես չբացառեց, որ «Հանրապետությունը» պաշտպանի միասնական թեկնածուին: Նրա խոսքերով, կուսակցությունը հակված է առաջադրելու իր թեկնածուին, բայց առաջիկա համագումարում քաղաքական ղեկավար մարմինը լիազորություն կստանա՝ ըստ նպատակահարմարության համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ անգամ այն դեպքում, եթե այդ թեկնածուն «Հանրապետություն»-ից չլինի:


Արմեն Զաքարյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG