Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը ստացել է Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններին մասնակցել հորդորող բաց նամակի նոր տարբերակ՝ այն ստորագրած կազմակերպությունների քանակի ավելացմամբ: Սրանց թվում են արդեն «Լեռնային ծաղիկներ» բարեգործական հասարակական կազմակերպությունը Եղեգնաձորից եւ «Մարդիկ հանուն առողջ ապրելակերպի»-ի Վայոց ձորի մասնաճյուղը: Այս ընթացքից «Առավոտ»-ը տպավորվել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխին պարզապես «սարքում» են:

«Վաղը մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ նիստ են գումարելու՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքացիական նախաձեռնությամբ նախագահի թեկնածու առաջադրելու նպատակով», - ավելի լավատեսորեն տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը, ընդդիմադիր «16»-ի կյանքից էլ փոխանցելով. - «Միավորումը մշակել է իր առաջիկա գործողությունների ժամանակացույցը, որտեղ նշված է, թե ո՞ր պահին պետք է առաջադրված թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը՝ հօգուտ միասնական թեկնածուի, եւ ե՞րբ պետք է 16-ի միավորման քննարկմանը ներկայացվի ստվերային կառավարության կազմը... Միավորման թիվ մեկ խնդիրը մնում է միասնական թեկնածուի ընտրության գործուն մեխանիզմների մշակումը: Այս պահին, սակայն, այդպիսիք չկան: Գուցե որեւէ նոր բան ավելացնի վաղը կայանալիք հերթական աշխատանքային նիստը»:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր ընդգծվում է, թե Հայաստանում իշխանության քաղաքական այլընտրանքի ձեւավորման համար չի հասունացել ոչ միայն ընդդիմությունն ինքը, այլեւ ողջ երկիրը. - «Պատճառն ակնհայտ է՝ Ղարաբաղյան հիմնահարցի չլուծված լինելը նման այլընտրանքի ձեւավորումը տեղափոխում է տվյալ հարցի հանդեպ իշխանության մոտեցումներից սկզբունքորեն տարբերվող այլընտրանքային պլատֆորմի ձեւավորման հարթություն: Նման պլատֆորմ ունեն միայն ՀՀՇ-ն եւ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը, բայց այն անընդունելի է ոչ միայն գործող իշխանության, այլեւ 16 կուսակցությունների միավորումից բաղկացած ընդդիմադիր ուժերի հիմնական մասի համար»: Այս իրավիճակում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի բնորոշմամբ, բուռն գործունեություն ցույց տալու մղումը ընդամենը մեկ բաժակ ջրում փոթորիկների շարան է առաջացնում: «Այդպիսի մի փոթորիկ է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի շուրջ տրամադրություններ շոշափելու եւ հասարակական սպասումների դաշտ ստեղծելու ներկա ողջ պրոցեսը», - գրում է մեկնաբանը: - «Մի բաժակ ջրում խաղարկվող նման փոթորիկ է նաեւ Ստեփան Դեմիրճյանի անձի շուրջ՝ իր հոր քաղաքական խարիզման վերակերպավորելու անպտուղ փորձը: Խիստ արհեստական ու հենց իր իսկ թեկնածության համար վնասաբեր փոթորիկ է Արտաշես Գեղամյանի համառ փորձը՝ ճեղքել իշխանամետ եւ ընդդիմադիր դաշտերը՝ վերածվելով երրորդ ուժի: Նույնը կարելի է ասել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ստեղծվող հասարակական սպասումների մթնոլորտի մասին»: Այդ գնահատումների կողքին «Հայոց Աշխարհ»-ում, սակայն, միաժամանակ նշվում է, որ նման գործընթացից իշխանությունը , ամենակարեւորը՝ երկիրն էլ չեն շահելու. - «Փոխադարձ անհանդուրժողականության մեծացման եւ ժողովրդի հիմնական զանգվածի անտարբերության խորապատկերի վրա անխուսափելի է դառնում կոշտ, հաճախ էլ քաղաքական պայքարի թույլատրված նորմերը շրջանցող դիմակայությունը: Նման դիմակայությունից Հայաստանը դուրս է գալու որպես պառակտված, խիստ թուլացած, միմյանց հանդեպ թշնամացած մարդկանց մի կոնգլոմերատ: Իսկ այդպիսի մարդկանցից բաղկացած հասարակությունը ղեկավարելը շատ ավելի բարդ խնդիր է լինելու, քան նրանց մեծամասնության վստահության քվեն ստանալը»:

Ներքաղաքական պայքարի ընթացքից «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է իր հետեւյալ դիտարկումները. - «16-ի միավորման ներսում հիմա իրականում վճռվում է այն հարցը, թե ում կաջակցեն գաճաճ կուսակցությունները, քանի որ արդեն ակնհայտ է՝ 2-3 ու նույնիսկ 4 թեկնածու այդտեղից անպայման քվեարկվելու է: Եթե Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել, Քոչարյանից հետո թիվ երկու թեկնածուն հենց նա կլինի, եւ մնացյալը կմղվեն երկրորդ պլան», - դասակարգում է մեկնաբանը, այս առումով նաեւ նշելով. - «Ուրեմն ինչքան թույլ է ներկա ընդդիմությունը, որ ցանկացած պահի առաջատարի դերը կարող է զիջել Տեր-Պետրոսյանի կերպարով մեկին: Ամեն դեպքում, Տեր-Պետրոսյանի առաջադրումը վնասելու է միայն արմատական ընդդիմությանը եւ ավելի հեշտացնելու Քոչարյանի հաղթանակը»:

Արձանագրելով, որ վերջին շրջանում հերթական անգամ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի զգալի ակտիվացում է նկատվում, «Օրրան» թերթը ուշադրություն է հրավիրում, որ հիմա չափազանց մեծ նշանակություն է տրվում Պրահայում կայանալիք Քոչարյան - Ալիեւ հանդիպմանը: «Մեր ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ չափազանց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել», - մատուցվում է «Օրրան»-ում: - «Վերջնականապես պարզելով, որ ոչ մի ճնշում չի ստիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը ընտրությունների նախաշեմին փոխզիջման գնալ՝ Մինսկի խմբի համանախագահները որոշել են փոքր-ինչ այլ մոտեցում մշակել: Էությունը հետեւյալն է. մինչեւ ընտրությունները հայկական եւ ադրբեջանական կողմերը հակամարտության կարգավորման շուրջ ընդհանուր մոտեցումներ են մշակում, որոնց հիման վրա պատրաստվում է հակամարտության կարգավորման նախնական համաձայնագիրը: Մինչ ընտրությունների ավարտը համաձայնագրի առկայությունն ու դրա բովանդակությունը գաղտնի են պահվելու: Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները երաշխավորում են Վաշինգտոնին ու Փարիզին, որ վերընտրվելու դեպքում կստորագրեն հակամարտության կարգավորման արդեն պատրաստի համաձայնագիրը՝ փոխարենը ստանալով Եվրոպայի ու ԱՄՆ-ի աջակցությունն ընտրությունների ընթացքում»: «Այսպիսով՝ Արեւմուտքը, ընտրությունների ընթացքում ներկայիս ղեկավարությանն աջակցելու դիմաց, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխիք է ստանում», - ուրվագծված է «Օրրան»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG