Մատչելիության հղումներ

logo-print

Արեւմտյան դիվանագետները կոչ են անում համապետական ընտրություններից առաջ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը


Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի որոշ երկրների Հայաստանում համատարմագրված դեսպանները, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչները կոչով դիմել են երկրի իշխանություններին՝ «ձեռնարկել միջոցներ ժամանակին բարեփոխելու ընտրական ընթացակարգերը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) հասցեագրված նամակում Հայաստանում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի դեսպանները առաջարկել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք, նրանց կարծիքով, կսահմանափակեն ընտրակեղծիքների հնարավորությունը: Չորեքշաբթի օրը հրապարակված նամակը ստորագրել են նաեւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչները:

«Ընտրությունների հարցերով զբաղվող միջազգային աշխատանքային խմբի անդամները դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին եւ ՀՀ իշխանություններին ձեռնարկել միջոցներ ժամանակին բարեփոխելու ընտրական ընթացակարգերը մինչ 2003թ. փետրվարի 19-ի նախագահական եւ 2003թ. մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների անցկացումը», - ասված է նամակում:

Նամակի հեղինակների առաջարկությունները հիմնականում վերաբերում են ընտրացուցակներում առկա անճշտություններին, քվեները հաշվելու ընթացքում թափանցիկության բացակայությանը եւ չլիազորված անձանց ներկայությանը ընտրատեղամասերում:

«Ընտրացուցակները պետք է վերանայվեն եւ թարմացվեն՝ մինչ սպասվող ընտրությունները դրանք հնարավորինս ճշգրիտ դարձնելու նպատակով», - առաջարկված է նամակում: - «Ընտրողների ինքնությունը պետք է ստուգել մինչեւ վերջիններիս կողմից քվեարկելը, եւ քվեարկությունը պետք է կատարվի անձամբ այն ընտրողի կողմից, որի անունը գրանցված է ընտրացուցակում»:

Ընտրացուցակների խնդիրը մեծ տեղ է գրավում նաեւ ընդդիմադիր պատգամավորների կողմից Ազգային ժողովի քննարկմանն առաջարկվող փոփոխություններում:

Արեւմտյան դիվանագետները իրենց նամակում նշել են, որ թեւեւ «ընտրությունների անցկացման գործընթացում նկատվել է դրական տեղաշարժ նախորդ տարիների համեմատությամբ», Ընտրական օրենսգրքի դրույթների կիրառումը, մասնավորապես որոշ ընթացակարգային հարցեր, այդուհանդերձ, մտահոգության առիթ են տվել քվեարկության ճշգրտության եւ թափանցիկության առնչությամբ»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG