Մատչելիության հղումներ

logo-print

Նորաստեղծ կազմակերպությունը պաշտպանելու է Քոչարյանի թեկնածությունը


Ամռանը ստեղծված «Հաղթանակ» հասարակական կազմակերպության համագումարում այսօր որոշվեց 2003 թվականի փետրվարի նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Նման որոշումը հիմնականում Հայաստանի մարզաշխարհի հետ առնչություններ ունեցողներից կազմված կազմակերպության համագումարի ընդունած հայտարարության մեջ հիմնավորվում է երկրում քաղաքական կյանքի կայունացմամբ, կայուն տնտեսական աճով, հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ»:

«Հաղթանակ» հասարակական կազմակերպության ստեղծումից հետո մամուլը շրջանառում էր, թե այն՝ վերածվելով կուսակցության, դառնալու է առաջիկա նախագահական ընտրություներում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանությամբ հանդես եկող հիմնական ուժը՝ որպես այլընտրանք Հայաստանի հանրապետական կուսակցությանն (ՀՀԿ) ու Դաշնակցությանը:

Իսկ կազմակերպությունը անդամակցում են Հայաստանի ինչպես ֆինանսական, այսպես էլ վարչական շոշափելի ռեսուրսներ ու լծակներ տնօրինող անձինք. «Մուլտի Գրուպ»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը (շաքարավազի խոշոր ներկրողներից մեկը), որ արդեն նաեւ «Լուսաստղ» ցանցի սեփականատերն է՝ բենզալցակայաններով, խանութներով, ռեստորաներով, օղու արտադրությամբ եւ այլն, Գյումրիի վերընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, բազմաթիվ այլ քաղաքապետեր, տեղական համայնքների ղեկավարներ ու գործարարներ:

Համագումարին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը եւ նախագահ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարգսյանը:

Բավական ներկայանալի այս համագումարը այսօր գումարվեց «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում: Իր հրամանագրով Հայաստանի տարածքում մշակութային օջախները կուսակցություններին եւ կազմակերպություններին տարբեր միջոցառումների համար տրամադրելը արգելած մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը ոչ միայն թույլ էր տվել այստեղ անցկացնել համագումարը, այլեւ մասնակցեց դրան եւ ընտրվեց «Հաղթանակ»-ի նախագահության անդամ:

Կազմակերպության նախագահ ընտրվեց մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG