Մատչելիության հղումներ

Արմեն Քոլոյան, նույն ինքը Բիձա Ռոքեր
Ամերիկահայերի ռոք-խումբը՝ լավագույնների շարքում

Հուզված եմ, բարեկամներ, գուցե պառավե՞լ եմ, հուզվո՞ւմ եմ, երբ հիշում եմ, որ խումբն այս մերոնք են՝ հայեր: Հոգ չէ, որ հայերեն չեն երգում, րոպեավճարի, սահմանադրական բարեփոխումների կամ էլ իշխանության եւ ընդդիմության պրոբլեմներով չեն ապրում, նրանք հայ են, քանզի սկզբունքային հարցերից գոնե մեկում համայն աշխարհից արդարություն են պահանջում այդ հայ մարդիկ հայաշատ Կալիֆորնիայից:

Անցյալ ապրիլին հայությանը հուզող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք Ամերիկայի նորընտիր նախագահ Ջորջ Բուշը պատրաստ է կատարել նախընտրական խոստումը եւ հրապարակավ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: "Սիսթեմ Օֆ Ը Դաուն" խմբի տղաներն իրենց երկրպագուներին կոչ էին արել՝ էլեկտրոնային նամակներով հեղեղել Սպիտակ տունը, պահանջել, որ նախագահի Ապրիլ 24-ի ավանդական ուղերձում հնչի ճիշտ գնահատականը:
Ջորջ Բուշ-կրտսերը, եթե հիշում եք, խուսափեց «ցեղասպանություն» բառը գործածել, թեեւ բուն ուղերձը որպես այդպիսին շատ ծանր էր թուրքերի համար: Իսկ «Սիսթեմ Օֆ Ը Դաուն»-ը հայտարարեց, թե հարցը փակված չի համարում եւ շարունակելու է պայքարը հանուն պատմական իրողության ճանաչման:

Անցյալ տարվա ապրիլին արդեն հայտնի էր, որ «Սիսթեմ»-ը ստուդիայում ձայնագրում է նոր ալբոմ՝ "Թոքսիսիթի": Այն թողարկվեց օգոստոսին եւ այսօրվա դրությամբ շատ լավ գնահատականներ է ստանում՝ վաճառքի մի քանի ամսվա ընթացքում դարնալով պլատինե ալբոմ:

9Օ-ական թվականների կեսերին է ծնվել «Սիսթեմ Օֆ Ը Դաուն» խումբը: Սիսթեմի արմատները ձգվում են մինչեւ 8Օ-ականների «թրեշ մեթալ» եւ վաղ 9Օ-ականների «ալտերնաթիվ ռոք», որի վառ ներկայացուցիչն էր «Ջեյնս Ադիքշն» խումբը: Ազդեցություն են գործել «Մետալիկան», «Ֆեյթ Նոու Մորը», «Հելմեթը», «Սլեյերը», «Սեպուլտուրան»: Դրանք «Սիսթեմի» «ավագ եղբայրներն» էին, իսկ, այսպես ասած, «համադասարանցիներ» «Լիմպ Բիզկիթը», «Ֆիար Ֆեքթորին», «Քորնը», «Մաշին Հեդը» եւ «Դեֆթոնս»-ն են:
Մեկնաբանները սիրում են ամեն երեւույթին տալ ճշգրիտ գիտական անուն, ուրեմն, ճանապարհը, որով ռոքի աշխարհում առաջ են շարժվում «Սիսթեմ Օֆ Ը Դաուն»-ը ու նշված խմբերը, կոչվում է dark, neo-gothic alternative metal՝ այսինքն «մութ, նեո-գոթական այլընտրանքային մետալ»:

Երգիչ Սերժ Թանկյան, կիթառահար Տարոն Մալաքյան, բաս-կիթառաար Շավո Օդաջյան եւ հարվածող Ջոն Դոլմայան: Խմբի անունը՝ «Սիսթեմ Օֆ Ը Դաուն» տղաները վերցրել են՝ Տարոնի մի բանաստեղծությունից:
Ինչի՞ մասին է երգում խումբը, ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը: Այստեղ հարկ է նշել երեք հանգամանք՝ հետաքրքիր մեղեդի, գերպրոֆեսիոնալ կատարում, հետաքրքիր տեքստեր: Կալիֆորնիացի հայերը երգում են աշխարհի երիտասարդներին հուզող խնդիրների մասին, իսկ դրանք նույնն են թե' Ամերիկայում եւ թե' Եվրոպայում՝ մարդու միայնակություն, դեպրեսիա, սեքս, թմրադեղ, ոստիկանական անարդար համակարգ,, պատերազմներ, մարդու կողմից բնության ապականում:
«Սիսթեմը» շատ քաղաքական խումբ է: Ահավասիկ, Սերժ Թանկյանի դիպուկ հայտարարություններից մեկը. «Մենք ապրում ենք կառավարելի հրթիռների եւ անկառավարելի ղեկավարների դարաշրջանում»: «Սիսթեմն» ուրույն ճանապարհով առաջ ընթացող քառյակ է, խումբ, որը չի ընդունում շոու-բիզնեսի ընդհանուր կանոնները եւ իրար հետեւից չի արտադրում քաղցրիկ երգիկներ:

Իբրեւ շատ համերգներ տեսած եւ ավելի շատ սի-դիներ լսած Բիձա՝ ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ կարող ենք հպարտանալ, որովհետեւ "Սիսթեմով" ֆանտաստիկ արժեք ենք մատուցել ռոք-աշխարհին: Ի դեպ, մենք նրանց հայ չենք դարձնում, քավ լիցի, նրանք են ամեն անգամ հիշեցնում, որ հայ են:
Ամենահեղինակավոր հանդեսները գովեստով են գրել "Թոքսիսիթի" ալբոմի մասին. «Տարվա բազմաթիվ ալբոմներից առանձնացնենք «Սիսթեմ Օֆ Ը Դաունի» աշխատանքը» («Թայմ»), «Սա «նյու-մետալի» թիվ մեկ ալբոմն է, այս է մեր օրերի լավագույն հնչյունը» («ՍՓԻՆ» հանդես), «Թոքսիսիթին» սոցիալական լուրջ հարցադրումների եւ հիրավի խելացի ռոքի օրինակ է» («Ռոլլինգ Սթոուն»), «Ֆոլք, ջազ եւ Արեւելքի մեղեդիներ. այս ամենը մատուցում են հումորի զգացում եւ քաղաքական մտածելակերպ ունեցող հեղինակներ» («Էնթերթեյնմենթ Ուիքլի»):

«Էմ-Թի-Վի» երաժշտական հեռուստակայանի մեկնաբանությունն էլ հետաքրքիր է. «Սերժ Թանկյան՝ խենթ քարոզչի տեսքով երգիչ, Տարոն Մալաքյան՝ քաոսային թռիչքներ կատարող կիթառ, Շավո Օդաջյան՝ վայրենի բաս-կիթառի մեծ վարպետ, Ջոն Դոլմայան՝ կատաղի հարվածող»:

«Մենք ապրում ենք Լոսում, Լոսը՝ աշխարհի լավագույն տեղերից է. կուզես ծով տեսնել՝ մեքենայով կհասնես, կուզես լեռներ տեսնել՝ երկու ժամից այնտեղ ես, ամեն բան մոտ է: Բայց այս ամենի հետ մեկտեղ կան նաեւ բացասական իրողություններ՝ կենսոլորտի աղտոտումը, հանցագործությունը, մարդկանց միայնակությունը, դժբախտ, դժգոհ մարդիկ շատ են: Ամեն ինչ կա Լոսում»,- ասել է Ջոնը «Վիվա» հեռուստակայանին տված հարցազրույցում:

Իսկ Սերժը կայանի մեկնաբանին ասել է. - «Արդիական հասարակարգն այնպիսին է, որ մարդը չի հասցնում մտածել գլոբալ խնդիրների մասին: Սա մեր էգոիզմի հետեւանքն է: Այսօրվա ախտն է: Մեզ այդպես են դաստիարակում: Որոշակի ճիգ է պահանջում համաշխարհային հնչեղության հարցերի մասին մտորելը: Մարդիկ հազիվ հասցնում են կերակրել-հագցնել երեխաներին, վճարումներ անել, մարել պարտքերը, երազում են նոր ավտոմեքենաների, տների եւ նման, ըստ էության, ունայն բաների մասին, իսկ ուրիշների ցավը նրանց չի հետաքրքրում»:
Սերժը նաեւ հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, ձայնագրվել է նաեւ հայ ունկնդիրներին քաջ հայտնի Արտո Թունբոյաջյանի հետ:

«Ռոք Նյուզ» հանդեսի լրագրողը հարցրել է երաժիշտներին. «Տղերք, դուք կոչ եք արել, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ»: Սերժ Թանքյան. - «Բանաձեւը պետք է ընդունվեր Կոնգրեսում, միայն այն ժամանակվա նախագահ Քլինթոնի միջամտությունը դա կանխեց: Տգեղ քայլ էր դա: Ֆրանսիան եւ մի շարք երկրներ նմանօրինակ բանաձեւեր ընդունել են»: Տարոն Մալաքյան. - «Սա քաղաքական խնդիր չէ, անձնական է: Եթե տատի տատը կոտորվել, քացնահարվել է, ես կարող եմ ասել, որ նրա դատը կպաշտպանեմ, իմ՝ ոչ բռնի ճանապարհով":

Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած համերգի ականատեսը գրել է. «Հզոր ու դաժան երգերի ցանկում վերջինը՝ Հայոց ցեղասպանության մասին է, հանդիսատեսը խենթացած վիճակում է, երաժիշտները դանդաղ հեռանում են, բարձրախոսներից հնչում է Ջոն Լեննոնի «Իմեջին» հանճարեղ երգի մեղեդին»:

«Մեզ համար հաջողությունն այն չէ, թե քանի հազար օրինակով վաճառվեց ալբոմը, ինչքան փող կվաստակենք, կարեւորն այն զգացումն է, որն ապրում ես, երբ ավարտում ես աշխատանքն ալբոմի վրա, այն օրը, երբ ավարտեցինք ձայնագրությունը՝ մենք շատ ուրախ էինք եւ հպարտ», - ասել են հայ երաժիշտները:

Մի մեջբերում էլ կիթառահար Տարոնի խոսքից. - «Ռոքը նոր ոճի կարիք ունի, այլ ոչ թե «Զեփելինի» անվերջանալի կրկնօրինակում, ինչպես եւ որեւէ արվեստ՝ ռոքը կամ էվոլյուցիա կապրի կամ կմահանա»:
Համաշխարհային ռոքի էվոլյուցիայի գործում ավանդ ունեն նաեւ այս հայ տղաները, հավատում եմ, որ հաջորդ ալբոմն էլ հայտնություն կլինի: Եվ մենք էլի կխոսենք «Սիսթեմի» մասին:

20 եւ 27 ապրիլի, 2002 թ.

Հետգրություն
Իսկ նոր ալբոմն արդեն ուր որ է կլսենք: Կոչվում է «ողացիր այս ալբոմը»: Ինչո՞ւ: Բանն այն է, որ «Թոքսիսիթի» ալբոմի վրա աշխատելու ընթացքում տղաները ձայնագրել են բազմաթիվ երգեր, որոնց մի մասն ալբոմում չի ընդգրկվել: «Թոքսիսիթի»-ի թողարկումից որոշ ժամանակ անց դրանցից մի քանիսն ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել են ինտերնետում: Երաժիշտները խիստ վիրավորվել էին այսօրվա դրությամբ դեռեւս անհայտ չարագործի այդ տհաճ քայլից, ինչն, ըստ էության, գողություն է: Հարկ էր վերջ տալ երգերի չարտոնված տարածմանը: Դա էլ ստիպեց պատրաստվել «չսպասված զավակի» ծնունդին:
«Մենք չենք խաբում մեր ունկնդիրներին: Սա չենք կարող նոր ալբոմ անվանել: Բայց սա բնավ չի նշանակում, որ այդ երգերը՝ երկրորդ կարգի են»,- ասել է Տարոնը Մալաքյանը: "Steal This Album" սկավառակի թողարկման հայտարարված ժամկետը՝ նոյեմբերի 26-ն է: Եվ երբ ալբոմը հասնի "Ազատության" ձայնադարան՝ խոստանում եմ, անպայման միասին կլսենք "Սիսթեմի" նոր երգերը: Եվ պարբերաբար կհանդիպենք նաեւ մեր այս նորաստեղծ Ինտերնետայնին էջում:

Ողջունում քեզ, մաքսլիբերտիական բարեկամ: Հաջողություն մաղթենք Մաքս Լիբերտիի ինտերետային էջին:

Հարգանքով
Արմեն Քոլոյան, նույն ինքը Բիձա Ռոքեր
bidzarocker@com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG