Մատչելիության հղումներ

«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը բաշխիչ ցանցերի բացարձակ սեփականատերն է


Ատոմ Մարգարյան, Երեւան
Նոյեմբերի 1-ին Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցի տնօրինումը եւ կառավարումը ստանձնած «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը այլեւս դրա բացարձակ սեփականատերն է: Ընկերության մոսկովյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Անդրեյ Զավրաժնովը եւ «Հայցանց» բաժնետիրական ընկերության նորանշանակ գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը, հավելումն իր ունեցած 80,1 տոկոս բաժնետոմսերի, գնել է նաեւ մնացած 19,9 տոկոսը:

Դեռեւս պարզ չէ, թե ինչու է կառավարությունը այդքան հապճեպորեն ազատվել իր բաժնեմասից, իսկ «Միդլենդ»-ի ներկայացուցիչները այդ մասին գերադասեցին լռել:

«Մենք կատարել ենք պայմանագրով նախատեսված բոլոր ֆինանսական պարտավորությունները՝ կապված գումարների փոխանցման առաջին փուլի հետ: Կառավարությունը այդ փողերը սահմանված ժամկետում արդեն ստացել է մեզանից: Այս պահին մարում ենք ցանցերի վարկային պարտավորությունները», - ասաց Անդրեյ Զավրաժնովը։ Ըստ այդմ, բաժնետոմսերի դիմաց մասնավորեցման հատուկ հաշվին փոխանցվել է մոտ 12 միլիոն դոլար: Մնացած 27,5 միլիոն դոլարը պետք է վճարվի ցանցերի պատքերի դիմաց, այդ թվում 22 միլիոն դոլար՝ որպես առեւտրային բանկերի վարկերի մարում։ Այդ վարկերը անցած երկու ամսվա ընթացքում (բաշխիչ ցանցի տնօրինությունը «Միդլենդ»-ին փոխանցելուց հետո) տարօրինակորեն աճել են՝ 6 միլիոնից հասնելով 22 միլիոն դոլարի: Ըստ Զավրաժնովի, դրանք մինչեւ հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսները պետք է մարվեն։

Հավանաբար այս պատճառով է, որ կառավարությունը ստիպված է եղել ցանցերի հանձնման-ընդունման ընթացքում, «Միդլենդ»-ին հանձնել նաեւ ցանցերի բանժնետոմսերի մնացած 19,9 տոկոսը՝ դրանով իսկ ձեռքից բաց թողնելով ռազմավարական ներդրողի որոշումների վրա ազդելու կարեւոր լծակը։

Ցանցերը վաճառելու պայմանագրի համաձայն, դրանք ստանալուց անմիջապես հետո նոր սեփականատերը պետք է մրցույթով ընտրի էներգետիկ բաշխիչ ցանցերի կառավարման փորձ ունեցող հեղինակավոր ընկերություն եւ նրա հետ երկարաժամկետ պայմանագիր կնքի։ Անդրեյ Զավրաժնովի ասելով, այդ ընտրությունն արդեն կատարված է, եւ երկու-երեք օրից նրա հետ պայմանագիրը կստորագրվի:

«Այժմ անմիջականորեն քննարկվում է կառավարիչի հետ կնքվելիք պայմանագիրը: Ես առայժմ չեմ ասի, թե դա ինչ ընկերություն է, սակայն, դա էներգետիկայում բավականին հայտնի ընկերություն է, որի թեկնածությունը հաստատել է նաեւ Համաշխարհային բանկը», - ասաց Անդրեյ Զավրաժնովը՝ ավելացնելով, թե կառավարիչի ընտրությունը թափանցիկ է եղել ու բոլոր կողմերը՝ կառավարությունը եւ Համաշխարհային բանկը, առավելագույնս տեղեկացված են եղել։

Բաշխիչ ցանցերի նոր տերերը այսօր հայտարարեցին, որ իրենք դժգոհ են ցանցերի ֆինանսական վիճակից: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով իրենք ոչ թե շահույթ, այլ 800 հազար դոլարի վնաս են կրել, բնականաբար, առաջին հերթին՝ հոսանքի գողությունից: «Ամեն օր մենք գողության մի հավելյալ, ավելի նոր ձեւի ենք հանդիպում», - ասաց Զավրաժդնովը եւ ավելացրեց, թե վերջին ամիսներին հոսանքի գերկորուստները ավելացել են:

«Այժմ ընդհանուր կորուստները ցանցերում մոտ 36 տոկոս են կազմում», - իր հերթին ասաց Եվգենի Գլադունչիկը:

Ցանցերի նոր տերերը հայտարարեցին, որ կտրուկ քայլերի են դիմելու: Ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում նրանք արդեն հասցրել են համակարգից 700 մարդ ազատել: Այժմ ցանցերում շուրջ 9800 մարդ է աշխատում, այդ թվում՝ 3000 տեսուչ։ Թույլ տրված չարաշահումների եւ յուրացումների համար միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում շրջանային էլեկտրացանցերի 5 պետ է հեռացվել աշխատանքից։

«Միդլենդ»-ի ղեկավարները նաեւ տեղեկացրին, որ բնակչությունը հոսանքի դիմաց վճարումները կատարում է 93 տոկոսով, մինչդեռ մասնավոր ձեռնարկությունները եւ պետական հաստատությունները վատ են վճարում: Չվճարողների նկատմամբ «Հայցանցը» մտադիր է խիստ միջոցներ է կիրառել: Բացառությամբ ռազմական օբյեկտների, Մատենադարանի, ջրմուղի եւ մետրոյի, սպառած հոսանքի վարձը չվճարող բոլոր պետական օբյեկտները հոսանքազրկվելու են՝ ի դեպ, կառավարության հոկտեմբերի 31-ի որոշմամբ։

«Դուք հասկանում եք, որ մենք բարեգործական հիմնարկ չենք ու չենք պատրաստվում մեր գրպանից վճարել ուրիշների փոխարեն: Այդ պատճառով ստիպված ենք լինելու դիմել այդ բավականին դաժան միջոցին՝ հոսանքազրկումներին», ասաց Զավրաժնովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG