Մատչելիության հղումներ

Դատարանը սառեցնում է մրցույթի անցկացումը


Կարինե Քալանթարյան
Երեւանյան 5 դեցիմետրային հեռուստատեսային կապուղիների համար ներկայացված առաջարկներով փաթեթները այսօր չբացվեցին, քանի որ Տնտեսական դատարանը՝ բավարարելով «Նոյյան տապան» լրատվական գործակալության միջնորդությունը, արգելել է Հեռուստատեսություն եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին այս փուլում անցկացնել մրցույթը:

«Նոյյան Տապան»-ը տնտեսական դատարան էր դիմել նոյեմբերի 14-ին այն բանից, հետո, երբ դրանից մեկ շաբաթ առաջ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը հրաժարվել էր ընդունել հեռուստաընկերության հայտը: Հանձնաժողովի ներկայացուցիչները պատճառաբանել էին, թե հայտը չեն ընդունել, քանի որ նշված չի եղել, թե կոնկրետ որ հաճախության համար հայտարարված մրցույթին է պատրաստվում մասնակցել «Նոյյան տապան»-ը:

Գործակալության ղեկավար Տիգրան Հարությունյանը, սակայն, պնդում է, թե օրենքում նման պահանջ չի ամրագրված: Իսկ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հակառակն է պնդում՝ վկայակոչելով իրենց հանձնաժողովի կանոնակարգի 50-րդ հոդվածը, ըստ որի՝ «լիցենզիայի ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակելու լիցենզավորման մրցույթ»:

Տիգրան Հարությունյանի խոսքերով, իրենք չէին նշել կոնկրետ կապուղի, քանի որ հավակնում էին երեւանյան բոլոր կապուղիներին: «Մեր առաջարկները նույնն էին բոլոր հաճախականությունների համար, եւ եթե, օրինակ, հանձնաժողովը համարեր, որ մենք չենք բավարարում, ասենք, երաժշտական կապուղու պահանջներին, թող մենք այդ կապուղու վրա պարտվեինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ իրենք պատրաստ էին նշելու այդ կապուղիները: - «Բայց նրանք ասացին՝ ոչ, դուք գնացեք, բազմացրեք ձեր այդ 380 էջանոց դիմումը 5 օրինակ եւ բերեք ամեն մեկի համար առանձին»:

Եվ դա այն դեպքում, երբ հայտերն ընդունելու վերջնաժամկետին մնացել էր ընդամենը կեմ ժամ, մինչդեռ, Հարությունյանի խոսքերով, ըստ Ազգային հանձնաժողովի կանոնակարգի, թերությունները շտկելու համար 10-օրյա ժամկետ է տրվում:

Թեեւ տնտեսական դատարանում հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 2-ին, «Նոյյան տապան»-ը այսօր արդեն հաշտության նամակ է ուղարկել ազգային հանձնաժողովին՝ առաջարկելով համաձայնության գալ միջդատական փուլում:

«Վերցնեն մեր դիմումը եւ խոստանան, որ մրցութային փաթեթների բացման գործողությունը կկատարեն մի քանի օրվա ընթացքում», - պարզաբանեց Տիգրան Հարությունյանը: - «Եթե նրանք դա կատարեն, մենք հենց այս պահին պատրաստ ենք այդ հաշտությունը ստորագրել»:

Հանձնաժողովն արդեն ստացել է հաշտության նամակը:Գրիգոր Ամալյանը չբացառեց, որ նամակը կարող է քննարկվել հանձնաժողովի վաղը կայանալիք նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG