Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր «16»-ի ներկայացուցիչները չեն շփվում Տեր-Պետրոսյանի շրջապատի հետ


Ռուզան Խաչատրյան, Երեւան
Ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները հերքում են, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շրջապատը հանդիպումներ է ձեռնարկել իրենց կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ շոշափելու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը 2003 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից պաշտպանելու հնարավորությունները:

Նման տեղեկատվություն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր ՀՀՇ-ական շրջանակներին մոտ կանգնած անանուն մնալ ցանկացած աղբյուրը: Ըստ նրա, Տեր-Պետրոսյանը պատրաստ է ակտիվորեն ներգրավել ընտրական գործընթացում, եթե իր թեկնածությունը պաշտպանի համախումբ ընդդիմադիր դաշտը, եւ նախկին նախագահի շրջապատը արդեն հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր միավորման կուսակցություններից մի քանիսի ներկայացուցիչների հետ:

Ընդդիմադիր ամենաազդեցիկ՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի տեղեկություններով, իրենց կուսակցության ներկայացուցիչների հետ նման հանդիպումներ չեն եղել: «Չեմ կարծում, որ լիներ՝ ես չիմանայի», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, թե տեղեկություն չունի նաեւ, թե այդպիսի հանդիպումներ եղել են «16»֊-ի անդամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը ասաց, թե իրենց պաշտոնաթերթ «Իրավունք»-ի շրջանակներում շփումներ լինում են բոլոր ուժերի, այդ թվում Լեւոն Տեր֊Պետրոսյանի շրջապատի գործիչների հետ: «Հնարավոր է ոչ պաշտոնական զրույցներ եղած լինեն, բայց բանակցություն կամ լուրջ խոսակցություն չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, թե ինքը նախադրյալներ չի տեսնում նաեւ, որ «16»-֊ից որոշ ուժեր պաշտոնապես կամ ստվերում աջակցեն Տեր֊Պետրոսյանի թեկնածությանը: Իսկ իր կուսակցության դեպքում նման որոշումը բացառվում է:

Նման շփումների կամ բանակցությունների հնարավորությունը Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անունից բացառեց կուսակցության ղեկավար անդամներից Խորեն Սարգսյանը:

«Կարող եմ պաշտոնապես ասել, որ ԱԺՄ-ի հետ որեւիցե այդպիսի բանակցություններ չեն եղել», - ասաց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Ավելին՝ նույնիսկ 16 կուսակցությունների մեր ընկերների մեջ ոչ մեկը ինձ այդպիսի ինֆորմացիա չի տվել»:

Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ թեկնածու առաջադրվել֊չառաջադրվելը Լեւոն Տեր֊Պետրոսյանի որոշելիքն է: Նա ասաց նաեւ, որ, իր տպավորությամբ, «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ մասի համար ընդունելի չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG