Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու առաջադրված ՀԿԿ առաջնորդը չի բացառում ընդդիմության միասնական թեկնածուին պաշտպանելը


Հրաչ Մելքումյան, Երեւան
Ընդդիմադիր միավորման 16 կուսակցություններից եւս մեկը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով: Միաժամանակ, կոմունիստները պատրաստակամ են ընտրապայքարի որեւէ փուլում՝ եթե ընդդիմադիր ճամբարը կարողանա միասնական թեկնածու առաջադրել, պաշտպանել վերջինիս: Կոմունիստների թեկնածուն, բնականաբար, կուսակցության առաջին քարտուղարն է՝ 71-ամյա Վլադիմիր Դարբինյանը:

2003 թվականի ընտրություններին մասնակցելու հարցի քննարկումը կոմունիստները դեռ մեկ տարի առաջ էին նախատեսել, եւ դրա համար հարկ չկար համագումար հրավիրել: 2001 թվականի մարտին անցկացված ՀԿԿ 35-րդ համագումարում որոշվել էր երկարաձգել պատվիրակների լիազորությունները եւ նույն կազմով քննարկել նաեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցերը: Երեկ փաստորեն կայացել է 2001 թվականի համագումարի լրացուցիչ նիստը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վլադիմիր Դարբինյանը շեշտեց, որ կարող է դուրս գալ ընտրապայքարից՝ հօգուտ ընդդիմության միասնական թեկնածուի:


«Պատասխանատվությունը մեզ ստիպում է հիվանդագին պատվախնդրությունից հեռանանք, տարակարծությունները հաղթահարենք մեր մեջ եւ հանուն Հայրենիքի համատեղենք մեր ջանքերը», - ասաց Դարբինյանը: - «էսօր պահը եկել է՝ ժողովրդահայրենասիրական ուժերի ջանքերը համատեղել, իրատեսական գաղափարական հիմքի վրա դաշինք ստեղծել, ծրագիր ընդունել եւ գնալ դեպի ընտրություններ»:

Նախագահի թեկնածու Վլադիմիր Դարբինյանը միասնական թեկնածուի համար իր նախընտրած թեկնածուն ունի, բայց թե ով է, չի կոնկրետացնում: «Իհարկե, ունեմ», -ասաց նա: - «Բայց եկեք ազգանուններ չտանք, որովհետեւ դա մյուս կողմից հիվանդագին կարող է ընկալվել»:

Վլադիմիր Դարբինյանը դեռեւս չի բացառում, որ ընդդիմությանը կհաջողվի համախմբվել, փոխընդունելի գաղափարական հիմքի վրա նախընտրական դաշինք կազմել ու միասնական թեկնածուով գնալ ընտրությունների:

Բայց, քանի որ ամեն ինչ դեռ անորոշ է, եւ, ավելին՝ առաջադրված մյուս թեկնածուների հայտարարություններից արդեն զգացվում է, որ դժվար թե միասնական թեկնածուի հարցում ընդդիմությունը համաձայնության գա, կա նաեւ երկրորդ տարբերակը, երբ, Դարբինյանի խոսքերով, չի բացառվում, որ թեկնածուները համախմբվեն ընդդիմությունից երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուի շուրջը:

Կոմունիստներիը նախորդ համապետական ընտրություններում բավականին կայուն ձայներ են հավաքել. 1998 թվականի նախագահական ընտրություններում նրանց առաջնորդ Սերգեյ Բադալյանը 12 տոկոս ձայն էր ստացել: Մոտավորապես այդքան էլ ստացել էին 1999-ի խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG