Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, տնտեսական աճը Հայաստանում կկազմի առնվազն 9,5 տոկոս


Անցած սեպտեմբերին հրապարկած զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի այս տարվա տնտեսական աճը կանխատեսել էր առավելագույնը 7,5 տոկոս, մինչդեռ, այս տարվա առաջին տասը ամիսների արդյունքները ցույց են տալիս, որ տարին կեզրափակվի առնվազն 9 տոկոս աճով։ Հայաստանում ԱՄՀ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ջեյմս ՄըքՀյուն «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցարզրույցում ասաց, թե հիմնադրամի նման կանխատեսումը բավականին վաղ էր արված՝ հուլիս ամսին, այդ պատճառով որոշ չափով ցածր էր: Այժմ, մինչդեռ, այդ ցուցանիշը վերանայվել է, եւ, ըստ հիմնադրամի նոր գնահատականի, այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի առնվազն 9,5 տոկոս։

ՄըքՀյուի դիտարկմամբ, Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը բարենպաստ է, աճը կայուն է, սղաճը՝ ցածր։ Նա հուսով է, որ այդ աճը հաջորդ տարի կշարունակվի։ Միեւնույն ժամանակ, հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով, պետության հավաքած եկամուտների մակարդակը բավարար է, ինչը թույլ է տալիս նաեւ ժամանակին կատարել պլանավորված ծախսերը։

ԱՄՀ-ի պատվիրակությունը վերջերս Հայաստանի կառավարության հետ բանակցում էր հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի օժանդակության ծրագրի կատարման, ինչպես նաեւ 2003 թվականի պետական բյուջեի պլանավորման խնդիրների շուրջ։ Անդրադառնալով բանակցությունների արդյունքներին, հիմնադրամի ներկայացուցիչը ասաց, թե ԱՄՀ-ի առաքելության հիմնական մտահոգությունը բյուջե 2003-ի առնչությամբ կապված էր դեֆիցիտի արտաքին ֆինանսավորման հետ:

«Դուք գիտեք, որ բաշխիչ ցանցերի մասնավորեցումը կասկածի տակ դրեց ՍԱՔ-4 վարկի հատկացումը։ Այդ կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարվա բյուջեն կլինի բավականին ճկուն, որպեսզի այդ անորոշությանը լուծում տա», - ասաց ՄըքՀյուն՝ հույս հայտնելով, թե բյուջեի նախագծում կպահպանվեն առաջնահերթ սոցիալական ծախսերը, հատկապես կրթության եւ առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ կշարունակվի առաջընթացը ներքին եւ արտաքին պարտքերի մարման հարցում։ Ջեյմս ՄըքՀյուն իր խոսքում շեշտեց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմնական պարամետրերի շուրջ հիմնադրամի եւ կառավարության միջեւ լիարժեք փոխհամաձայնություն է կայացել։

ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքերով, կառավարությունը պարտավորվել է մարել նախորդ տարիների պարտքերը, ընդ որում, պարտքերը ամբողջությամբ կմարվեն, եթե ծրագրված ողջ արտաքին ֆինանսավորումը ստացվի: Դրանք առաջին հերթին Համաշխարհային բանկի ՍԱՔ-5 վարկի երկու տրանշներն են՝ ընդհանուր առմամբ 40 միլիոն դոլար ծավալով։

Իսկ բյուջեի նախագծի վերաբերյալ ԱՄՀ-ի ներկայացուցչի գնահատականն այսպիսին է. - «Բյուջեի նախագիծն իրատեսական է, այնտեղ լավ են լուծվում հնարավոր ռիսկերը, որոնք կապված են արտաքին ֆինանսավորման հետ»: Նա ավելացրեց, թե իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ հաջորդ տարի բյուջետային աշխատավարձերի աճ կլինի, սակայն, այն պետք է «ոչ բարձր լինի, բավականին համեստ եւ կայուն լինի»։

Խոսքն, անշուշտ, ուսուցիչների, բուժաշխատողների, մշակույթի գործիչների եւ պետական ծառայողների որոշ կատեգորիաների մասին է, որոնց աշխատավարձերի բարձրացումը եկող տարի, իրոք, համեստ է լինելու՝ կազմելով ընդամենը 20 տոկոս։ Երկրի բարձրագույն պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի, պատգամավորների եւ նախարարների աշխատավարձերի աճը, մինչդեռ, լինելու է շոշափելի՝ 2-3 անգամ։

ԱՄՀ-ի պատվիրակությունը դրական եզրակացություն է տվել Հայաստանի կառավարության հետ իրականացվող Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի օժանդակության եռամյա վարկային ծրագրի իրականացման ընթացքին։

Ընդհանուր առմամբ 87 միլիոն դոլար արժեցող այդ ծրագրի առաջին 13 միլիոն դոլարանոց տրանշը Հայաստանը ստացավ անցյալ տարվա մայիսին, իսկ երկրոորդ եւ երրորդ տրանշները՝ 27 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, փոխանցվեցին այս տարվա սեպտեմբերին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG