Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթին նորանոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչության պատմական նիստի մասին, որում որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այս նախաբանի ներքո «Հայոց Աշխարհ»-ը այսօր մատուցում է. - «Նոյեմբերի 5-ի առավոտյան Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ներկայիս նստավայր է հրավիրել Բաբկեն Արարքցյանին, Արա Սահակյանին, Դավիթ Շահնազարյանին, Վահագն Խաչատրյանին, Վիգեն Խաչատրյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Երջանիկ Աբգարյանին եւ Արարատ Զուրաբյանին: Հյուրերին առաջարկվել է ներկայացնել նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը հիմնավորող բոլոր փաստարկները: Բոլորին լսելուց հետո նախկին նախագահը պարզաբանումներ է պահանջել նաեւ հնարավոր թիմի միասնական աշխատանքը կազմակերպելու հնարավորությունների ու նախադրյալների մասին... Մոտ հինգ ժամ տեւած հանդիպման վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հրավիրել էր ներկաներին առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իր արդեն կայացրած որոշման մասին տեղեկացնելու... Նույն օրը գումարվել է ՀՀՇ վարչության նիստ, ուր ներկայացվել են առավոտյան հանդիպման հանգամանքները: Իսկ ավելի ուշ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե արդեն տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին ՀՀՇ համագումար հրավիրելու եւ ներկայացված առաջարկներին միահամուռ հավանություն տալու որոշման մասին»:

«Իրավունք» թերթի լրատվությամբ էլ, ՀՀՇ-ն ու նրա մերձավորները քննարկել են «Համաձայնություն» կամ «Համերաշխություն» անվամբ միավորում ստեղծելու մի նախագիծ: Ներկայացնելով դրա տեքստը, «Իրավունք»-ը ամփոփում է. «Այսպիսով, ՀՀՇ-ականները շատ լուրջ են նախապատրաստվում ե'ւ նախագահական, ե'ւ խորհրդարանական ընտրություններին, ու հենց որ ավարտվեն «ներքին բազարները», ասպարեզում ցանկացած պահի կարող է հայտվել լուրջ միջոցներով օժտված հսկայական կառույց»:

«Եթե սիմվոլիկ ասենք, որ նախագահ լինելը իրավունքների բեռ է, ապա այդ իրավունքը Հայաստանում կարող են ունենալ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը». «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, մեջբերելով Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի այս արտահայտությունը երեկվա իրենց զրույցից, ընդհանրացրել է. - «Վերջերս ակնհայտորեն նկատելի է դառնում քաղաքական գործիչների արտահայտությունների զգուշավորությունը՝ Տեր-Պետրոսյանի անունն արտասանելիս: Այդ զգուշավորությունը դիտորդներից ոմանք հակված են բացատրել իշխանամետ ճամբարում տիրող՝ Տեր-Պետրոսյանի հնարավոր վերընտրման հետ կապված մտայնություններով»:

Նախընտրական փասյանսի դեռեւս բազմաթիվ անհայտները ուրվագծելով, «Իրավունք»-ի մեկնաբանն էլ առայժմ առանձնացնում է. «Իշխանական քարոզչամեքենան շարունակում է շրջանառել այն միտքը, թե Ռոբերտ Քոչարյանը հաղթելու է ընտրությունների հենց առաջին փուլում: Եվ բնականաբար, նախագահը ձգտելու ամեն գնով հասնել հենց այդպիսի հանգուցալուծման, քանի որ երկրորդ փուլի դեպքում վարչական ռեսուրսը դժվար թե լրիվ ուժով աշխատի հօգուտ Քոչարյանի: Սակայն վարչական ռեսուրսի եւ օլիգարխների տատանվելու «ուղտը» կարծես թե չոքելու է Ռոբերտ Քոչարյանի դռանը հենց առաջին փուլում: Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանական առաջադրման դեպքում վերջինիս թիմը աշխատելու է ըստ էության նույն դաշտում, ինչ Քոչարյանի շրջապատը, եւ արդյունքում Տեր-Պետրոսյանը ձայներ է հավաքելու հատկապես ի հաշիվ Քոչարյանի»:

Հանրապետության ներքաղաքական կյանքում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները «Երկիր» շաբաթաթերթի մեկնաբանին հիմք են տվել ենթադրելու, որ առաջիկա նախագահական ընտրությունները մեզանում առանձնահատուկ են լինելու թե' քաղաքական պայքարի ինտենսիվության, թե' հասարակական վերաբերմունքի ակտիվության եւ թե' երկրի բարձրագույն գործադիր իշխանավորի պաշտոնին հավակնողների թվի տեսանկյուններից։ Թեկնածուների այս բազմաթիվությունը, մեկնաբանի հայացքով, արտահայտությունն է այն իրողության, որ մեզանում իրականում գոյություն չունեն երկրի վիճակը բարելավելու նույն քանակի ծրագրեր ու տարբերակներ, այլ պարզապես առկա է գերքաղաքականացված միջավայր՝ գումարած չկայացած քաղաքական համակարգ։ Միայն այդ պայմաններում կարող է շատ թե քիչ հայտնի որեւէ գործիչ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին:

«Հայոց Աշխարհ» թերթի պատկերմամբ, ընդդիմության շրջանում ծնունդ է առնում սուր անհանգստություն ու տագնապ՝ երկրաչափական պրոգրեսիայով աճող նախագահացուների թվաքանակի եւ նույն պրոգրեսիայով էլ կրճատվող ընդդիմադիր էլեկտորատի անհամապատասխանությունից. - «Այդ մտահոգությունը այսօրվանից արդեն թելադրում է ընդդիմության առաջնորդներին դաժան ու անզիջում պայքար սկսել ոչ միայն իշխանության թեկնածուի, այլեւ սեփական գործընկերների դեմ՝ ընդդիմադիր էլեկտորատը իր կողմը գրավելու համար»: Ու մասնավորապես մի իսկական պատերազմ է սկսվել Կարեն Դեմիրճյանի ժառանգության շուրջ: Մեկնաբանի ընդգծմամբ, սակայն, այդ էլեկտորատը անցման շրջանի բեկումնային պահի ծնունդ էր, երբ նորի ու հնի պայքարը չէր ավարտվել: Անցած տարիների ընթացքում փոխվել է ոչ միայն այդ ժամանակաշրջանը, ու նոր հարաբերությունների հաղթանակը դարձել անդառնալի, այլեւ փոխվել է հենց ինքը՝ 1998-99-ի ընդդիմադիր էլեկտորատը. մի մասը ձուլվել է պետական ապարատին, մեկ այլ ստվար զանգվածի սոցիալական վիճակն է փոխվել,. ոմանք էլ պարզապես հեռացել են Հայաստանից: «Այնպես որ», - բխեցվում է «Հայոց Աշխարհ»-ում, - «Կարեն Դեմիրճյանի ժառանգության համար սկիզբ առած ներկա պայքարը ցույց է տալիս պարզապես, որ ընդդիմադիր դաշտում հայտնված ուժերն ու գործիչները վերջնականապես կորցրել են իրականության զգացողությունը»:

«Օրրան» թերթի մեկնաբանն այսօր գրում է. - «Պետք է արժանին մատուցել Ռոբերտ Քոչարյանին: Ինչքան էլ քննադատում ենք նրան, ինչքան էլ օտար համարում, այնուհանդերձ, ճակատագրորեն իրեն վերապահված դերը նա անթերի է կատարում: Իսկ այդ դերը նրանում է, որ վերջինս եռացնի հանրության «հատակը» ու եղած աղբը դուրս թափի»: Եվ այս ընթացքում, կարծես, փոշիանում-փչանում են բոլորն ու ամեն ինչ:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG