Մատչելիության հղումներ

Երեւան - Լոս Անջելես չվերթներ իրականացնող բելգիական ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել


4 ամիս առաջ՝ հունիսի 30-ից, բելգիական «Վի-ՋԻ-էյրլայնզ», ընկերությունը, որ հետագայում վերանվանվել էր «Դելսի», «Հայկական ավիաուղիներ»-ի հետ դեռեւս ապրիլին կնքված պայմանագրով սկսեց իրականացնել Երեւան - Բրյուսել - Լոս Անջելես կանոնավոր չվերթները: Իսկ հոկտեմբերի 29-ին բելգիական ավիաընկերության Ա-330 ինքնաթիռը սովորականի պես վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայնում, բայց, այն ժամանակ դեռեւս անհայտ պատճառներով դատարկ, առանց ուղեւորների, վերադարձավ Բրյուսել:

Ավիաընկերության տոմսերի վաճառքով զբաղվող գործակալության աշխատակիցները նախապես չէին զգուշացվել, տեղյակ չէին, թե թռիչքներն ինչ պատճառով են խափանվել: Ընդամենը երեք օր առաջ վերը նշված գրասենյակում մեզ հայտնեցին, թե բանակցություններ են ընթանում, հույսեր կան, որ չվերթը կվերականգնվի, հնարավոր է փոխվի չվերթի աշխարհագրությունը կամ հաճախականությունը: Այդ ընթացքում գրասենյակում փորձում էին Երեւան ժամանած ուղեւորներին դեպի Եվրոպա իրականացվող տարբեր չվերթների միջոցով ուղարկել Լոս Անջելես:

Բայց երեկ «Ասոշիեթեդ փրես» գործակալությունը հաղորդեց, որ Բելգիական տնտեսական դատարանի որոշմամբ «Դելսի» ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել: Ընդամենը հինգ ամիս առաջ ստեղծված ընկերությունը միակն էր Բելգիայում, որ միջմայրցամաքային թռիչքներ էր իրականացնում դեպի Ամերիկա. Շաբաթական հինգ անգամ Բոստոն, երեք անգամ՝ Լոս Անջելես, երկուսը՝ Երեւանից, իսկ հոկտեմբերի 29-ից ծրագրված էր իրականացնել Բրյուսել - Նյու Յորք շաբաթական հինգ անգամյա թռիչքները:

Ավիաընկերության երեւանյան գրասենյակի աշխատակիցների վկայությամբ Երեւան - Բրյուսել - Լոս Անեջելես եւ հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքներն իրենց արդարացնում էին, համարյա թերբեռնված չէին:

«Դելսի» ավիաընկերության հիմնադիրները փաստորեն զրոյից էին սկսել իրենց գործունեությունը: Մեկ տարի առաջ բելգիական «Սաբենա» ազգային ավիաընկերության սնանկացումից հետո լիզինգով վարձակալել էին «Սաբենա»-ի նախկին երեք ինքնաթիռները եւ, ըստ երեւույթին, առանց լուրջ հիմնադրամ ունենալու սկսել իր գործունեությունը: Փաստորեն, մասամբ եկամուտ էր ապահովում Երեւան - Բրյուսել - Լոս Անջելես չվերթը: Ավիաընկերության երեւանյան գրասենյակի աշխատակիցների վկայությամբ, չվերթը շահավետ էր նաեւ Հայաստանի համար:

Շահում էին Երեւանից Լոս Անջելես մեկնող ուղեւորները, քանի որ հնարավորություն ունեին առանց ինքնաթիռ փոխելու հասնել Միացյալ Նահանգներ, վստահ լինելով նաեւ, որ ապահովագրված են ավելորդ քաշքշուկներից ու ուղեբեռի հնարավոր կուրուստներից:

Թե ինչ կորուստներ ու վնասներ կկրեն կոնկրետ այս չվերթի երեք հիմնադիրները, որոնցից երկուսը ամերիկահայեր էին, իսկ երրորդը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Հովհաննես Երիցյանը, դժվար է ասել: Երիցյանի մեկնաբանությունները ստանալ անհնար էր, քանի որ ներկայումս նա բացակայում է երկրից:

Երբ բացվեց Երեւան - Բրյուսել - Լոս Անջելես չվերթը, Հովհաննես Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, թե Երեւան - Փարիզ չվերթը կիրականացվի ՏՈՒ-154 ինքնաթիռով, իսկ Ամստերդամ եւ Ֆրանկֆուրտ չվերթները «հավանաբար կփակվեն»: Սակայն այսօր վերը նշված ավիաընկերությունների միջեւ կնքված պայմանագրով համատեղ իրականացվում են դեպի Փարիզ եւ Ֆրանկֆուրտ թռիչքները, իսկ դեկտեմբերի 1-ից կվերաբացվի դեպի Ամստերդամ չվերթը:

«Հայաստան» միջազգային ավիաընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ թռիչքներն իրականացվում են լիզինգով վարձակալած իրենց Ա-320 ինքնաթիռով: Ավիաընկերությունը չվերթներ է իրականցնում նաեւ դեպի Աթենք, Դուբայ, ԱՊՀ անդամ երկրների մի քանի քաղաքներ: Առաջիկայում նախատեսված է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG