Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյանը «համագործակցության փայլուն օրինակ» չի համարում գույքով Ռուսաստանի պարտքի մարումը


Դեռ մոտ մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ , որ Ռուսաստանին փոխանցվող ձեռնարկությունների ցանկում է նաեւ «Մարս» գործարանը, այդ փաստի առթիվ նաեւ քաղաքական բնույթի մեկնաբանություններ եղան: Քանի որ գործարանի տնօրենը ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճանն էր, ու այս ընթացքում ՀԺԿ-ի ընդդիմադիր դիրքը գնալով ավելի ու ավելի էր ընդգծվում, մեկնաբանությունների հիմնական ասելիքն այն էր, թե իշխանությունները, օգտագործելով առիթը, աշխատում են ըննդիմադիր գործիչներին զրկել փոքր կամ մեծ պաշտոններից:

Նույնաբնույթ մեկնաբանություններ եղան նաեւ Արարատի ցեմենտի գործարանը սեփականաշնորհելու ժամանակ. այդ գործարանի արդեն նախկին տնօրենը նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր մեկ այլ՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանն էր:

Քաղաքական բնույթի մեկնաբանությունները անհիմն չէին: Մի քանի տարի ի վեր ձեռնարկված փորձերը՝ վաճառել «Մարս» գործարանի տարածքը, սեփականաշնորհել՝ հօգուտ կոլեկտիվի, ձախովեցին: «Մարս»-ի կոլեկտիվին չհաջողվեց անգամ ստանալ բաժնետոմսերի 20 տոկոսը, երբ Հայաստանում այդ գործընթացը գրեթե համատարած կիրառություն ուներ: Տպավորությունն այնպիսի էր, թե գործարանը պահում-պահպանում էին ինչ-որ առանձնահատուկ նպատակի համար: Այսօր արդեն հայտնի է «Մարս»-ի ճակատագիրը՝ այն անցել է Ռուսաստանին՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում:


««Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի կիրառումը ներկայացնել որպես համագործակցության փայլուն օրինակ, կարծում եմ, սխալ է», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց «Մարս» գործարանի տնօրեն Ստեփան Դեմիրճյանը:

Դեմիրճյանի խոսքերով, «համագործակցություն» կարելի էր ասել այն դեպքում, եթե համատեղ ձեռնարկություն ստեղծվեր, ավելանային պատվերները, աշխատեղերը, իսկ պարտքը փակելու այսպիսի ձեւը անվճարունակության արդյունք է:

«Գործարքը արդարացված կլինի, թերեւս, այն դեպքում, եթե դրա շնորհիվ գործարանները ավելի արդյունավետ աշխատեն, ստեղծվեն աշխատատեղեր եւ այլն», - ասաց նա: - «Ցավոք, այսօր այդ երաշխիքները դեռեւս չկան»:

Ստեփան Դեմիրճյանը դժվարացավ կոնկրետ թիվ նշել, թե փակված 100 մլն դոլար պարտքում ինչքան է գնահատվել «Մարս»-ը: Նրա խոսքերով, սակայն, «Մարս»-ը թանկ գործարան է:

Երեւանում «Մարս»-ը կառուցում էին անգլիացիները: Շինարարությունը, սարքավորումները, մոնտաժը, մի խոսքով՝ զրոյից մինչեւ շահագործան հանձնելու նախագծային արժեքը՝ 260 միլիոն ֆունտ ստեռլինգ էր: Անգլիացիները, սակայն, մինչեւ վերջ չհասցրին աշխատանքները՝ դրանք դադարեցնելով 1993 թվականին:

«Չի կարելի չնշել, որ անտեսվել են կոլեկտիվի շահերը, ամեն ինչ արվել է կուլիսներում, մեզ բացարձակապես տեղյակ չեն պահել», - շեշտեց Դեմիրճյանը՝ շարունակելով՝. - «Ավելին ասեմ՝ արդյունաբերության մինիստրությունում էլ առանձնապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում»:

Հարցին, թե արդյո՞ք ինքը չի կարծում, թե դա իր դեմ ուղղված քայլ էր, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. - «Ամեն դեպքում, երեւույթը տգեղ է: Հարցը անձի մեջ չէ, հարցն այն է, թե ինչ ձեւով են աշխատում»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG