Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր միավորումը ջանում է համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց ընդդիմադիր միավորման կազմի մեջ մտնող «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը, 16 ուժերի խորհուրդն այսօր որոշել է, որ իր կազմի մեջ մտնող կուսակցությունների համագումարները՝ նախագահի թեկնածու առաջադրելուն զուգընթաց կուսակցության ղեկավար մարմնին կամ հենց թեկնածուին «16»֊-ի մյուս ուժերի հետ միասնական թեկնածուի հարցով համաձայնությունների գալու լիազորություն տան:

Շարունակում է քննարկվել նաեւ Լեւոն Տեր֊Պետրոսյանի՝ ՀՀՇ֊ի կողմից թեկնածու առաջադրվել-֊չառաջադրվելու հակասական լրահոսը: Հարցը կարող է հստակվել նոյեմբերի 19֊-ից դեկտեմբերի 3֊ն ընկած ցանկացած օր. դա թեկնածուների պաշտոնական առաջադրման ժամանակահատվածն է: Այս մասին մեկ անգամ եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում հիշեցրեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը՝ հղում անելով նախկին նախագահի գրասենյակի հայտարարությանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը կորոշվի «օրենքով սահմանված ժամկետում»:

Հովակիմյանը ասաց նաեւ, որ ՀՀՇ վարչության վերջին նիստում համագումարի անցկացման հետ կապված հարցերի մեջ թեկնածուի առաջադրման խնդիրը չի քննարկվել:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, օրինակ, ուզում է հավատալ, որ Տեր֊-Պետրոսյանը «այդ աստիճանի կտրված չէ իրականությունից, որ առաջադրվի»: Իսկ եթե առաջադրվի, ուրեմն, Գեղամյանի պնդմամբ, «ժողովրդի թիկունքում պայմանավորվածություն կա նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ»:

Աժ պատգամավոր, ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանի կարծիքով, Լեւոն Տեր֊Պետրոսյանը «առնվազն այնքան տրամաբանություն ունի, որ չի էլ դնի իր թեկնածությունը»:

«Որովհետեւ ժողովրդի վերաբերմունքը Տեր-Պետրոսյանին բոլորիս համար ակնհայտ է», - ասաց նա՝ ավելացնելով, թե նախկին նախագահի առաջադրումը (եթե դա տեղի ունենա) ձեռնտու է ընդդիմությանը՝ «որովհետեւ նա տանելու է Ռոբերտ Քոչարյանի ձայները»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG