Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկը մտադիր է տրամադրել հետաձգված վարկերը


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը երեք ամիս առաջ ստանձնելուց ի վեր հրավիրած առաջին մամուլի ասուլիսում Ռոջեր Ռոբինսոնը անդրադարձավ, հիմնականում, Համաշխարհային բանկի երկու պատվիրակությունների այցի ավարտին: Պատվիրակություններից առաջինը կառավարության հետ բանակցում էր Համաշխարհային բանկի՝ կառուցվածքային բարեփոխումների օժանդակության (ՍԱՔ-4) վարկի վերջին՝ 20 միլիոն դոլար մասաբաժնի, իսկ երկրորդը՝ ՍԱՔ -5 վարկի առաջին՝ նույնպես 20 միլիոն դոլարանոց մասաբաժնի հատկացման շուրջ։

Անցյալ շաբաթ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել էր, թե կառավարությունը կատարել է այդ վարկերի հատկացման բոլոր նախապայմանները, ու վստահաբար պնդեց, որ մինչեւ տարեվերջ այդ գումարների գոնե մի մասը կհատկացվի:

Այսօրվա ասուլիսում Ռոբինսոնը նույնպես նման կարծիք հայտնեց: ՍԱՔ 4-ի վերջին՝ «լողացող» տրանշի ստացման նախապայմանը բաշխիչ էլեկտրացանցերի բարեհաջող մասնավորեցումն էր: Այս կապակցությամբ Ռոբինսոնն այսօր ակնարկեց, թե այն անհանգստությունները եւ անորոշությունները, որոնք սկզբում կային ցանցերը օֆշորային ծագում ունեցող «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությանը վաճառելու հետ, որոշ չափով նվազել են:

«Ինչպես կառավարությունը, այնպես էլ Համաշխարհային բանկը «Միդլենդ»-ի հետ համագործակցել են բաշխիչ ցանցերի կառավարման պատշաճ փորձ ունեցող օպերատորի ներգրավման հարցում», - ասաց Ռոբինսոնը:

Նա հաստատեց, որ կառավարությունը գործնականում կատարել է ՍԱՔ-4 ի «լողացող» տրանշի հետ կապված պայմանները, եւ բանկի պատվիրակությունը, ընդունելով այդ փաստը, դեկտեմբերի սկզբին կզեկուցի իր ղեկավարութանը, որից հետո տրանշի հնարավոր հատկացման վերաբերյալ որոշում կկայացվի:

Մի խոսքով՝ Համաշխարհային բանկը ցանցերի վաճառքի հարցում զգալիորեն մեղմել է դիրքորշումը. այդ գործարքը, իր հայաստանյան ներկայացուցչի մատուցմամբ, արդեն առաջխաղացում է համարվում։

Առավել խնդրահարույց է է ՍԱՔ-5 վարկի առաջին տրանշի հատկացումը. եթե նույնիսկ համարվի, որ նրա պայմանները ապահովվել են, ապա այն տեխնիկապես հնարավոր չի լինի մինչեւ տարեվերջ ստանալ, այնպես որ այդ գումարը, ինչպես նաեւ ՍԱՔ-5-ի 2-րդ տրանշը՝ եւս 20 միլիոն դոլարի չափով, ամենայն հավանականությամբ, կներառվի հաջորդ տարվա բյուջեի նախագծում։

Պատասխանելով Ռուսաստանի պարտքը հայաստանյան ձեռնարկություններով մարելու գործարքին վերաբերող հարցին, Ռոջեր Ռոբինսոնը ասաց. - «Ես կարծում եմ, որ սա իբրեւ դրական քայլ կարելի է գնահատել: 20 միլիոն դոլար էր պահանջում ամեն տարի այդ պարտքը սպասարկելու խնդիրը: Ակտիվների մի մասը, որ փոխանցվել է պարտքի դիմաց, օրինակ՝ Մաթեմաթիկական մեքենաների ինստիտուտը, չէին գործում կամ վատ էին գործում։ Եվ ինչ-որ դրական քայլեր կարող են արձանագրվել նրանց [ռուսաստանյան կողմի] գալով», - ասաց Ռոջեր Ռոբինսոնը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG