Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Կասյանովը ժամանեց Հայաստան





Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակը միջպետական պայմանագրի ստորագրումն է, որով վերջակետ կդրվի Ռուսաստանի պարտքը ձեռնարկությունների միջոցով փակելու մեկ տարուց ավելի ձգվող գործընթացին:

Բանակցությունները վարում էին հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը: Այսպես կոչված «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակում ընթացող բանակցությունների շրջանակում անցած մարտին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հավանություն տվեց Ռուսաստանի մոտ 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց փոխանցվող ձեռնարկությունների ցանկին:

Հուլիսի 17-ին Իլյա Կլեբանովն ու Սերժ Սարգսյանը ստորագրեցին համաձայնագիր, որով իրավաբանորեն ձեւակերպվեց պարտքի դիմաց Հայաստանի 4 ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու գործարքը. Այդ համաձայնագրով ռուսական կողմին են անցնում Հրազդանի ջերմակայանը ու ռազմարդյունաբերական համալիրի էլեկտրոնային արդյունաբերության 3 ձեռնարկություններ: Իլյա Կլեբանովի մատուցմամբ, ջերմակայանը հավատարմագրային կառավարման է հանձնվելու ՌԱՈ ԵԷՍ-ին, իսկ էլեկտրոնային ձեռնակությունները՝ Ռուսաստանի համակարգային կառավարման դաշնային գործակալությանը: Ձեռնարկությունների հստակ գինը, սակայն, նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո չնշվեց:

Այսօր, սակայն, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գույքի փոխանցումով ամբողջովին մարվելու է Հաայստանի պարտքը:

Միխայիլ Կասյանովը Հայաստան է եկել տիկնոջ՝ Իրինա Կասյանովի հետ: Օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կառավարության անդամներ: Ռուսաստանի պատվիրակության կազմում են ռազմական բնագավառի ղեկավարներ, տնտեսական, առեւտրի ոլորտների փոխնախարարներ, ՌԱՈ ԵԷՍ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:

Ռուսաստանի վարչապետը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:


Շաքե Ավոյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG