Մատչելիության հղումներ




Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Մուրադ Բոջոլյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարության նախորդ նիստում ընդունել էր, որ 1971 թվականից կամավոր համաձայնել է գործակցել Խորհրդային միության զինվորական հետախուզության հետ: Այսօրվա դատական նիստում Բոջոլյանը ասաց, որ 1995-96 թվականներին հանրապետության համապատասխան մարմինների առաջարկով համագործակցել է նաեւ հայկական հետախուզության հետ:

Այդ տարիներին նա Թուրքիայի մասին նյութեր է տրամադրել, թարգմանություններ կատարել, ինչին, ըստ Բոջոլյանի, նպաստել են թուրք լրագրողների եւ գործարարների հետ ունեցած իր շփումները:

Զուգահեռաբար ԱԳՆ-ի եւ նախագահի աշխատակազմի առաջարկով ուղեկցել է Հայաստան ժամանած այն թուրք լրագրողներին, ովքեր հանդիպել եւ հարցազրույցներ են վերցրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից, այդ թվում՝ հանրապետության նախագահից: 1996թ Բոջոլյանի միջնորդությամբ եւ այն ժամանակ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի նախաձեռնությամբ հատուկ Բոջոլյանի համար ավագ թարգմանչի եւ գլխավոր մասնագետի հաստիք է բացվել:

«Իմ աշխատանքը զուտ ձեւական էր», - դատարանում ասաց Բոջոլյանը, ավելացնելով, թե ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլից թարգմանություններ, վերլուծություններ է ներկայացրել, ինչի դիմաց ստացել է 20 հազար դրամ աշխատավարձ: 1998-ի իշխանափոխությունից մի քանի ամիս անց՝ օգոստոսին հեռացվել է աշխատանքից՝ հաստիքի կրճատման պատճառով: Սա հաստատեցին նաեւ «Ազատություն» ռաիոկայանին հավաստի աղբյուրները, նշելով, որ Բոջոլյանի մատուցած ծառայությունների կարիքն այլեւս չկար:

Պետական աշխատանքից վերջնականապես զրկվելուց հետո Բոջոլյանը փորձել է զբաղվել բիզնեսով, բնակարան գնելու համար թուրք բիզնեսմեններից պարտքեր է վերցրել, եղել է 1997-ին ստեղծված հայ-թուրքական գործարար հանձնաժողովի քարտուղարը: Այնուհետեւ նորից որոշել է զբաղվել լրագրությամբ, մանավանդ, որ 1998-ի նախագահական ընտրություններից հետո «Անադոլու» գործակալությունից թղթակցելու առաջարկ է ստացել: Մեկ տարի թղթակցելուց հետո, երբ Բոջոլյանը խնդրել է 100 դոլարով ավելացնել աշխատավարձը, գործակալությունն ընդհանրապես հրաժարվել է նրա ծառայություններից:

Դատական նիստը կշարունակվի չորեքշաբթի:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG