Մատչելիության հղումներ

Հայաստանը ստանձնել է նախագահությունը Սեւծովյան տնտեսական համագործակցությունում


Նոյեմբերի 1-ից Հայաստանը ստանձնել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Կազմակերպության վեցամսյա նախագահությունը: Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՍԾՏՀ գլխավոր քարտուղար, դեսպան Վալերի Չեչելաշվիլին երկուշաբթի օրը հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանի հետ: Նրան ընդունել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այցի նպատակը շատ պարզ է՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության ավանդույթով գլխավոր քարտուղարը այցելում է կազմակերպության նախագահությունը ստանձնող երկիրը՝ համաձայնեցնելու վեցամսյա գործողությունների ծրագիրը», - արտգործնախարարությունում անցկացրած հանդիպումներից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Չեչելաշվիլին: - «Պարոն նախարարի հետ մենք քննարկեցին այն առաջնահերթությունները , որոնք Հայաստանի նախագահության ժամանակահատվածում կարող են դրվել գործողությունների ծրագրի հիմքում»:

Անդրադառնալով այդ առաջնահերթություններին, Չեչելաշվիլին նշեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները զարգացումը: Նրա խոսքերով, նախագահողի համար շատ լուրջ թեմա է բանակցություններ վարել այն երկրների հետ, որոնք հավակնում են Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ դառնալ:

«Համապատասխան մադատը տրվել է նախագահողին, արտաքին գործերի նախարարին, հիմա պետք է այդ մանդատը կիրառել», - ասաց Չեչելաշվիլին: - «Ես կարծում եմ, հանդիպումները կշարունակվեն, եւ այցի ավարտին կհաստատվի Հայաստանի նախագահության օրոք իրականացվելիք բավականին հետաքրքիր ու տպավորիչ ծրագիր»:

Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրներից Եվրամիությանը անդամակցում է միայն Հունաստանը: Գալիք հունվարի 1-ից Հունաստանը ստանձնելու է Եվրամիության նախագահությունը, այնպես որ առաջիկա ամիսներին այդ երկու կառույցերի միջեւ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններ կընդլայնվեն:

Սեւծովյան տնտեսական համագործակցությունը ստեղծվել է 1992 թվականին: 11 անդամների թվում են Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Անցած փետրվարին Ստամբուլում բացվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: Դա Հայաստանի դիվանագիտական առաջին առաքելությունն է Թուրքիայում:

Այսօր Վալերի Չեչելաշվիլին նաեւ դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասաց, թե կազմակերպությունում սկսել են մտածել, թե այն ինչպիսի դեր կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերում:

Չեչելաշվիլին ասաց նաեւ, որ 4 երկիր՝ Հարավսլավիան, Մակեդոնիան, Իրանը եւ Ուզբեկստանը ցանկանում են անդամակցել ՍԾՏՀ-ին: Նրա տեղեկացմամբ, նախարարների խորհրդի վերջին նիստում որոշվել է, որ Հարավսլավիան եւ Մակեդոնիան իրավասու են կազմակերպության անդամ դառնալ եւ ներկայումս նախագահող երկիրը՝ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, սկսելու է խորհրդակցություններ անցկացնել այդ երկրների հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG