Մատչելիության հղումներ

Նախընտրական շրջանում տպագիր մամուլը ֆինանսական վիճակի շտկում է ակնկալում





Հայաստանի տպագիր մամուլի ղեկավարները հույս ունեն, որ նախընտրական շրջանում կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը եւ ավելացնել տպաքանակները:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նման, ով համարում է, թե նախընտրական շրջանը «երանելի ժամանակ է» հայաստանյան տպագիր մամուլի համար», ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթի փոխխմբագիր Լեւոն Ղազարյանն էլ է կարծում, որ դա «ոսկի մի շրջան է մամուլի համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը տրամագծորեն հակառակ կարծիքին է. - «Թե' անցած խորհրդարանական, թե' անցած նախագահական ընտրություններին «Հայոց Աշխարհ»-ը որեւէ գումար չի աշխատել»:

Գրեթե բոլոր տպագիր լրատվամիջոցների ղեկավարները ենթադրում են ընտրությունների շրջանում տպաքանակի ավելացում:

Բոլոր թերթերի ղեկավարները պնդեցին, որ ընտրությունների ժամանակ շարունակելու են ներկայացնել քաղաքական լայն շրջանակների անցուդարձը, բայց եւ չհերքեցին համակրանքի կամ հակակրանքի դերը որոշակի անձերի կամ ուժերի հանդեպ. առաջիններին պատրաստ են անվճար էլ քարոզել, երկրորդներին՝ միլիոն էլ տան՝ տեղ չտալ թերթի էջերում:

Բացառություն է «Առավոտ»-ը, որի գլխավոր խմբագիրը պատրաստ է ցանկացած քաղաքական գովազդ հրապարակել, եթե այն մնում է էթիկայի սահմաններում: Բացառությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու պարագան է. վերջինիս թեկնածությունը թերթը կպաշտպանի անվճար: Աբրահամյանը, սակայն, վստահ է, որ նախկին նախագահը չի առաջադրելու իր թեկնածությունը:

«Հայոց Աշխարհ»-ի գլխավոր խմբագիրը համոզված է, որ թաքուն թե անթաքույց ընտրությունների շրջանում բոլոր թերթերն էլ իրենց ֆավորիտն են ունենալու: Թերթը, Գագիկ Մկրտչյանի խոսքերով, տարիներ շարունակ պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը: «Առաջիկա ընտրություններին անելու ենք ամեն ինչ, որպեսզի գործող նախագահը վերընտրվի»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ոչ վճարովի մասով մյուսներից ավելի կաջակցեն գաղափարական իմաստով իրենց հոգեհարազատ թեկնածուի: «Մենք, իհարկե, մեծ հաճույքով կաջակցենք եւ մեր ընթերցողներին կուղղորդենք դեպի այդ թեկնածուն», - ասաց նա՝ ավելացնելով, որ առաջադրվելու մտադրություն հայտնածների մեջ այդպիսի թեկնածու առայժմ չկա:

Լեւոն Ղազարյանը («Գոլոս Արմենիի») ասաց, թե թերթը չի փոխելու իր մշտապես ունեցած ընտրական մարտավարությունը: «Գաղտնիք չէ, որ մենք ունենք քաղաքական կամ գաղափարական հակառակորդներ», - շարունակեց նա՝ ավելացնելով. - «Ճիշտ է մեզ հիմա փորձում են դա վերագրել որպես իշխանամետ դրսեւորումներ, բայց, ասենք թե, մեր հակադրությունը կամ պայքարը ՀՀՇ-ի դեմ միշտ եղել է»:

Հարցին, թե արդյո՞ք գործող նախագահի թեկնածության հանդեպ է «Գոլոս Արմենիի»-ի համակրանքը, Ղազարյանը, վկայակոչելով պետականամետ լինելու իրենց սկզբունքը, ասաց. - «Եթե պաշտպանելով այդ սկզբունքները, այդպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք քոչարյանամետ թերթ ենք, մենք ոչինչ անել չենք կարող»:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահ Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, ընտրական շրջանում թերթը «ավելի շատ ներկայացնելու է ամբողջ ընտրապայքարը՝ բոլոր թեկնածուներին եւ իրենց ծրագրերը»: Հարցին, թե այս կամ այն թեկնածուին աջակցելու մասին ՀՅԴ-ի կողմից որոշում ընդունելու դեպքում, ինչպիսին կլինի պաշտոնաթերթի դիրքորոշումը, Մանուկյանը պատասխանեց. - «Իր անկողմնակալությունը «Երկիր»-ը շարունակելու է: Ուրիշ հարց, որ իր հավելվածներով կամ ինչ-որ բացառիկ համարներով թերթը փորձելու է մեր համակրանքը եւ մեր պաշտպանությունը վայելող թեկնածուին առանձին ներկայացնել: Բայց «Երկիր»-ը իր էջերով ներկայացնելու է ամբողջ ընտրապայքարը»:

Կուսակցության կողմից ընտրությունների ընթացքում ֆինանսական հատկացումների ավելացմանը վերաբերող հարցին ի պատասխան, Մանուկյանը ասաց, թե տեղական ընտրությունների ընթացքում «որեւէ լումա կուսակցությունը չի ավելացրել», իսկ հետագայում՝ «կախված կլինի սպառման ծավալից» եւ կուսակցության տրամադրած միջոցներից:

ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) կուսակցության «Իրավունք» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը ասաց, որ քաղաքական գովազդ ընդունում են քաղաքական դաշտի ամենատարբեր կողմերից: Անվճար կպաշտպանեն «16»֊ի միասնական թեկնածուին, այդպիսին չլինելու դեպքում՝ իրենց կուսակցության առաջադրած թեկնածուին: Իսկ առաջադրվելու մտադրություն հայտնած Արամ Կարապետյանին «Իրավունք»-ի աջակցությունը, Բաբուխանյանի խոսքերով, «գաղափարակիցների, զինակիցների, համախոհների համագործակցություն է»:

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարակ միություն) պաշտոնաթերթ «Այժմ»-ը կուսակցական թերթերից միակն է փաստորեն, որ հայտարարում է միմիայն իր իսկ առաջնորդին՝ Վազգեն Մանուկյանին աջակցելու մասին: Թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանը՝ ընդունելով, որ պաշտոնաթերթերինը չէ ապագան, ասում է, որ այլ միջոց չկա, որպեսզի որեւէ ընդդիմադիր կուսակցություն երեւա հասարակությանը, քանի որ հայկական հեռուստատեսային էկրանը փակ է ընդդիմադիր գործիչների համար:

Հարկ է հիշեցնել, սակայն, որ այս բոլոր թերթերի տպաքանակները միասին՝ իրենց ինտերնետային ընթերցողներով հանդերձ, մի հեռուստաընկերության լսարանի կեսն էլ չեն կազմում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG