Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հինգ տարի առաջ, 1997 թվականի նոյեմբերի 1-ին հանրապետության թերթերը տպագրեցին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը: Այսօր կրկին ներկայացնելով այն, «Հայկական ժամանակ» թերթը նշում է. - «Հայաստանի առաջ կանգնած են նույն մարտահրավերները, ինչ հինգ տարի առաջ: Եվ ցավոք, այդ մարտահրավերների վերաբերյալ հինգ տարիների ընթացքում չի ասվել ավելի լուրջ, ամբողջական ու ծանրակշիռ խոսք: Կարծում ենք, որ այն ժամանակ հանրությունը մի շարք գործոնների ազդեցության տակ ի վիճակի չէր հանգիստ ու սառնասրտորեն գնահատել Տեր-Պետրոսյանի խոսքը, մանավանդ՝ հայրենի մտավորականության ռազմահայրենասիրական ճառերի ֆոնի վրա: Այսօր, սակայն, երբ թե' ռազմաշունչ կոչերը եւ թե' խաղաղության բանաձեւը որոշակի փորձաշրջան են անցել, վերընթերցենք Տեր-Պետրոսյանի հոդվածը, եւ յուրաքանչյուրս մեզ համար պատասխանենք այդ պարզ թվացող հարցին. պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», - առաջարկում է «Հայկական ժամանակ»-ը:

«Օր» թերթի մեկնաբանի անդրադարձում կա ե'ւ հանդիմանանք, ե'ւ գնահատում. - «Տեր-Պետրոսյանը դիմեց հասարակության աջակցությանը՝ չցանկանալով գիտակցել, որ այն այլեւս գոյություն չունի: Այնուամենայնիվ, նա իր մեջ գտավ այդ համարձակությունը եւ քննարկման հրավիրեց հասարակությանը... Յուրաքանչյուր նախագահ պիտի գրի իր «Պատերա՞զմ, թե խաղաղություն»-ը»: Նույն մոտիվներով «Ազգ» թերթում այսօր էլ ձեւակերպված է, թե «Հայաստանի տնտեսական զարգացումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ինչ-որ չափով կապակցված են, սակայն «լավ չենք ապրի մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան» հարցադրումը խիստ վտանգավոր է: Վտանգավոր այս առումով, որ մեր վատ ապրելու, տնտեսական ճգնաժամի պատճառ մատնանշվում է Ղարաբաղը»:

Ավելի նայելով Տեր-Պետրոսյան - Քոչարյան առաջիկա հնարավոր մրցակցությանը, «Առավոտ»-ի մեկնաբանն այսօր գրում է. - «Տեր-Պետրոսյանի առաջադրումը կկաթվածահարի Քոչարյանի ընտրարշավը... 2003-ի ընտրություններում պետական մեքենան կերկատվի եւ չի կարողանա հօգուտ Քոչարյանի աշխատել: Պաշտոնյաների ծառայամտությունն ու գավառամտությունը անհնար կդարձնեն հաշվարկելը, հետեւաբար եւ կողմորոշվելը՝ որ տիրոջը ծառայել: Անցյալ հինգ տարիների քոչարյանական քարոզչամեքենայի հյուսած միֆը՝ իշխանությունից հեռանալուց հետո Տեր-Պետրոսյանի պահպանած ազդեցության, առնչությունների եւ հնարավորություների մասին, բումերանգի պես հարվածելու է Քոչարյանին»: Ըստ «Առավոտ»-ի մեկնաբանի, Քոչարյանը մի լուրջ պատճառ էլ ունի նախագահական ընտրարշավում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում չցանկանալու: Երբ 1998-ին իրականացվում էր իշխանափոխություն, Քոչարյանը, թերեւս, հավատում էր, թե վիճելի խնդիրներում ինքն ի զորու է ավելի մեծ հաջողություններ արձանագրել, քան Տեր-Պետրոսյանը: Հինգ տարի անց Քոչարյանը հարկադրված է ընդունել, որ տարաձայնությունների հիմնական հարցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ինքն աններելիորեն ժամանակ է վատնել:

Ներիշխանական հակասությունների թեմայով «Հայկական ժամանակ» թերթն այսօր զարգացնում է նախագահ - վարչապետ դիմակայությունը. - «Վարչապետը եւ նրա շրջապատը լավ են հասկանում, որ ընտրություններից հետո Քոչարյանը իր կողքին չի հանդուրժի որոշում կայացնելու հավակնություն ունեցող երկրորդ՝ իր համար օտար ու անծանոթ անձի: Քոչարյանը հասկանում է անշուշտ, որ եթե Մարգարյանը հասնի մինչեւ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններ, ինքը նորից հայտնվելու է անգլիական թագուհու կարգավիճակում»: «Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ, վարչապետն այս պահին հակված է Քոչարյանին իր համար ընդունելի եղանակով նախագահ դարձնելու տարբերակին. - «Մարգարյանը ուզում է հավատալ, որ ընտրություններից հետո էլ ինքը կկարողանա պահպանել վարչապետի պաշտոնը, մանավանդ որ, Քոչարյանը հակված է նրան համապատասխան խոստումներ տալ: Սակայն ակնհայտ է, որ առանձին մնալով, թե' նախագահը եւ թե' վարչապետը սթափ վերլուծում են իրավիճակը եւ հասկանում, որ իրենց քաղաքական անհամատեղելիությունը այլեւս դարձել է իրողություն»:

Արամ Սարգսյանն էլ, որն ուղիղ երեք տարի առաջ դարձել էր վարչապետ, «Օրրան» թերթի հարցազրույցում ասում է. - «Մինչեւ 1999 թվականը Ռոբերտ Քոչարյանը բոլորի համար երկրորդական-երրորդական դերակատարություն ունեցող մարդ էր, մեկը թիմից՝ ոչ առաջինը, ոչ վերջինը: Նույնիսկ նախագահ դառնալուց հետո նրա նկատմամբ եղած վերաբերմունքը քիչ էր փոխվել»: Գալով մեր օրերին, Արամ Սարգսյանը ընդգծում է. - «Քաղաքական դաշտում նոր դեմքեր, նոր գաղափարներ են պետք: Դրանք արմատավորելու, ավելի շուտ, նախ՝ կայացնելու միակ նախադրյալը իշխանության փոփոխությունն է: Գործող նախագահի քաղաքականությունը ոչ մի դրական տեղաշարժի հույս չի տալիս: Նա այդ ամենի ոչ միայն քաղաքական կամքը չունի, այլեւ գիտակցումն իսկ»:

Այս պատում-մատուցումների ժանրում «Հայոց Աշխարհ» թերթն էլ իրենց դիրքերի շեշտադրումն է շարունակում ամրագրել, որ հարաբերությունները «16»-ի միավորման ներսում միայն ծուռ հայելու մեջ կարող են բարեկամական երեւալ, եւ ընդհանրապես՝ «իրականությանը պետք է սթափ նայել՝ ոչ թե ցանկությունների պրիզմայից»:

Գրող, պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն, ի դեպ, «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այսօր գնահատում է. - «Մեր մամուլը երբեք այսքան սահմանափակ չէր նայել կյանքին: Տարիների ընթացքում մեր ԶԼՄ-ները դաստիարակեցին մի ընթերցողի, որը չի հետաքրքրվում ուրիշ ոչնչով, բացի քաղաքականությունից կամ քաղաքական դաշտին վերաբերող ասեկոսեներից: Իսկ եթե որեւէ տեղ հավասարակշռությունը խախտվում է, ուշադրությունը կենտրոնանում է միայն մեկ բնագավառի վրա, ապա այդ հասարակությունն աննորմալ է: Որովհետեւ եթե սեեւռվում ես միայն այդ ասպարեզին, անտեսում ես մնացած բոլորը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG