Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենը ազատվել է պաշտոնից





Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենատեր, հունական OTE ընկերության մասնաճյուղը հանդիսացող «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդն այսօր որոշել է աշխատանքից ազատել ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասին: Վերջինս, սակայն, նիստին ներկա չէր: Գեորգուլասը այսօր առավոտյան մեկնել է Հունաստան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, այսօր նաեւ որոշվել է, որ նոյեմբերի 13-ին հարկադիր կատարման կենտրոնում տեղի կունենա OTE ձեռնարկության բաժնետոմսերի բաց աճուրդ: Այսօր կեսօրին այդ մասին ծանուցել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը լիազորված է կառավարության կողմից ներկայացնել Հայաստանի շահերը ՀՀ - OTE դատական վեճում:

Հարցին, թե ՕTE ձեռնարկության բաժնետոմսերի որ մասն է հանվելու աճուրդի, Արա Սաղաթելյանը պատասխանեց, թե առայժմ պարզ չէ աճուրդի հանվող բաժնետոմսերի տոկոսաչափը, բայց հայտնի է, որ «աճուրդի կներկայացվի բաժնետոմսերի այն խմբաքանակը, որը կբավարարի գումարի ամբողջական բռնագանձմանը»:

«Սակայն, ըստ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացված փաստաթղթերի, մեկ բաժնետոմսը գնահատված է 70 դրամ 7 լումա», - ավելացրեց Արա Սաղաթելյանը: Հայտնի է, որ բռնագանձվող գումարը 1 մլն 500 հազար դոլար է. այդքան է OTE-ն պարտք Հայաստանի կառավարությանը:

«Եթե OTE-ն ցանկություն ունենար աճուրդին մասնակցելու, կարող էր միանգամից պարտքերը մարել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ԱրմենՏել»-ում կառավարության լիազոր ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը: - «OTE-ի այսօրվա դիրքորոշումից ելնելով, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ OTE-ն չի ցանկանում այդ պարտքը մարել»:

Ինչ վերաբերում է «ԱրմենՏել»-ի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակին, ապա Սերժ Սարգսյանի խոսքերով, Նիկոս Գեորգուլասի նշանակումից հետո ձեռնարկությունը բավականին լուրջ վնասներ է կրել: Գեորգուլասը նշանակվել է անցյալ տարվա կեսերին: Այդ ժամանակ ձեռնարկության ֆինանսական ցուցանիշները դրական էին: Կատարվել էր շուրջ 50 մլն դոլարի ներդրում: Իսկ հետո եկամուտները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով նվազեցին, փոխարենն աճեցին ծախսերը:

«ԱրմենՏել»-ի եկամուտները հիմնականում ստացվում են միջքաղաքային խոսակցություններից: Բայց թե' IP տելեֆոնիայի եւ թե' «ԱրմենՏել»-ի ներսում կատարվող տրաֆիկի գողության պատճառով ձեռնարկությունը ունեցավ լուրջ կորուստներ:

Սարգսյանի վկայությամբ, տնօրենների խորհրդի նիստում այս հարցը մի քանի անգամ բարձրացվել է: «Հիմնական գողությունը տրաֆիկի կատարվում է հենց «ԱրմենՏել»-ի ներսում», - ասաց նա՝ ավելացնելով. - «Կորուստ կամ գողություն: Գողություն կարելի է համարել, երբ որ դա ապացուցված լինի: Բայց կորուստները «ԱրմենՏել»-ի շատ մեծ են»:

Եկամուտների նվազմանը զուգընթաց, ըստ Սարգսյանի, աճել են նաեւ գործուղման, ներկայացուցչական եւ նմանատիպ այլ ծախսերը:

«ԱրմենՏել»-ը իր ծախսային մասը փոխանակ ուղղեր զարգացմանը, հեռանկարային պլաններին եւ այլն, սկսեց անտեղի փողեր վատնել», - ասաց նա՝ շարունակելով, թե միայն 2001-2002 թվականներին «ԱրմենՏել»-ում մոտ 800 աշխատող է կրճատվել, սակայն աշխատավարձի ֆոնդն այդ մեկ տարվա ընթացքում աճել է 1 մլն 300 հազար դոլարով: Նախկին գործադիր տնօրենն աշխատանքի է ընդունել պատահական մարդկանց՝ հիմնականում հույների, ովքեր մասնագետներ չէին, բայց ստանում էին չափազանց բարձր աշխատավարձ:

Հունական OTE-ն Գեորգուլասի աշխատանքային գործունեության գնահատականը դեռ չի տվել, եւ հնարավոր է, որ ընդհանրապես չտա, որովհետեւ, ըստ Սերժ Սարգսյանի, խուսափում է աղմուկից: Հույս կար, որ տնօրենների խորհդի այսօրվա նիստում տրվեին այդ գնահատականները, բայց OTE-ն բավարարվել է միայն Գեորգուլասին աշխատանքից ազատելով: Մասամբ կատարվել են նաեւ նախկին գործադիր տնօրենի՝ փոխհատուցման վերաբերյալ պահանջները: Բանն այն է, որ Նիկոս Գեորգուլասի հետ պայմանագիր էր կնքվել երեք տարով, եւ, քանի որ վաղաժամկետ է հեռացվում աշխատանքից, վերջինս 240 հազար դոլար էր պահանջել: OTE-ն համաձայնել է փոխհատուցել միայն 80 հազար դոլարը:

Արդյունքում այսօր ունենք ոչ բավարար վիճակում գտվող հեռահաղորդակցման համակարգ. 1998-ից առ այսօր փաստորեն ներդրումները կատարվել են «ԱրմենՏել»-ի եկամուտների եւ ֆինանսական շրջանառու միջոցների հաշվին. ՕTE-ն ինքը որեւէ ներդրում չի կատարել:

«Էլ չեմ խոսում այն մասին, որ կատարվել են նաեւ ապրանքային վարկի տեսքով ներդրումներ», - շարունակեց Սերժ Սարգսյանը: - «Սարքավորումները եւ մատակարարումները ստացվել են արտասահմանից մատակարարող ֆիրմաներից՝ պարտքերի տեսքով»:

Եվ եթե մինչեւ OTE-ին վաճառելը «ԱրմենՏել»-ը ընդամենը 45 մլն դոլարի չափով պարտք ուներ, ապա այսօր այդ թիվն անցել է 100 մլն դոլարից:

Նիկոս Գեորգուլասին, մինչեւ նոր գործադիր տնօրենի նշանակումը, փոխարինելու է նրա տեղակալ Ջորջ Վասիլակիսը:

«ԱրմենՏել»-ում ստեղծված վերստուգիչ հանձնաժողովի երկու հայ անդամները դիմել են հանձնաժողովի մյուս երեք հույն անդամներին ձեռնարկությունում ստուգումներ անցկացնելու առաջարկով, եւ եթե համաձայնություն ձեռք չբերեն, ապա սեփական նախաձեռնությամբ կանցկացնեն ստուգումները, ինչը թույլատրվում է ընդունած կանոնադրությամբ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG