Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը, որի ողջ տպաքանակը երեկ գողացվել էր, այսօր անդրադառնալով դրա հավանական պատճառին, նշում է. - «Կարող ենք ենթադրել, որ բարձրագույն ցասումի պատճառը մեր թերթի «Վարչապետի մերձավորները չարաշահում են» վերնագրով հոդվածն էր: Բնականաբար, վարչապետը կհայտարարի, թե ինքը ողջ տպաքանակի առգրավման հետ ոչ մի կապ չունի: Գուցե չի էլ խաբի: Նման հիմարություններ սովորաբար արվում են ավելի ցածր մակարդակի վրա: Բայց», - ընդգծում է «Առավոտ»-ը, - «բոլոր դեպքերում իշխանությունները պատասխանատու են այն բանի համար, որ մեզանում հնարավոր է հենց այնպես վերցնել եւ առգրավել թերթի տպաքանակը»:

«Բանն այն է, որ խնդրո առարկան սովորական մի հրապարակում է, որի նմանին կարելի է անընդհատ հանդիպել «Առավոտ»-ի կամ որեւէ այլ ոչ պետականամետ թերթի էջերում: Չէ՞ որ պաշտոնյաների կողմից իրականացված չարաշահումները մեզանում ամենեւին էլ նորություն չեն: Ուստի, կարող ենք ենթադրել, որ նման արձագանքի պատճառն այն է, որ նշված հրապարակման արդյունքում այլ իրադարձություններ կարող էին տեղի ունենալ... Որոշ տեղեկությունների համաձայն, դատախազությունը պատրաստ է եղել վերը նշված հրապարակման մեջ հիշատակված փաստերի առիթով քրեական գործ հարուցել եւ վարչապետի շրջապատին ներքաշել ստուգումների երկար գործընթացի մեջ: Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրները համոզվածություն են հայտնում, թե տվյալ նյութում առկա տեղեկատվությունը արտահոսել է նախագահի աշխատակազմից», - ավելացնում է մեկնաբանը՝ հավաստելով, թե սա «տեղավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ծայր առած նախագահի աշխատակազմ - կառավարություն հակամարտության տրամաբանության մեջ»:

«Երեկվա «Առավոտ»-ի ողջ տպաքանակի անհետացման փաստը ծայրաստիճան մտահոգիչ է եւ մեր մամուլի ողջ ընտանիքին մղում է միասնաբար առաջն առնելու այս նոր ձեւի գրաքննության», - շեշտադրված է «Ազգ» թերթում։ Իսկ «Երկիր» թերթի խմբագրականում էլ համադրված է. - «Մի քանի օր առաջ Մարկ Գրիգորյանի նկատմամբ ահաբեկչական ակտ կազմակերպելու արդարացվածությունը լրագրողի արարքով պայմանավորող վարչապետի շրջապատը այժմ էլ պարզապես կարծում է, որ կարելի է հանգիստ «խոսք գողանալ» բոլորիս հայացքի ներքո»։ «Երկիր»-ը գրանցում է լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ ուժի դիրքերից խոսելու՝ վերջերս ուժգնացող միտում:

«Իրավունք» թերթը անցնող շաբաթվա ընթացքին նայում է «Իշխանության ճամբարում՝ ակնհայտ ճգնաժամ» վերնագրի տակ՝ մասնավորապես արձանագրելով. - «Ռամկավարները սկսել են ամեն պատեհ ու անպատեհ առիթով վարկաբեկել հանրապետականներին, եւ վերջիններս, բնականաբար, «տակ չեն մնում»: Ակնհայտ է նաեւ կոնֆլիկտը նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի եւ Հանրապետական կուսակցության միջեւ»: Դաշնակցությունն էլ սկսել է բավականին հետաքրքիր հրապարակային ակնարկներ անել նախագահ Քոչարյանին: «Իշխանության ներսում փոխհարաբերությունները այնքան են շիկանում, որ երեւի թե շուտով իշխանական տարբեր թեւերի միջեւ ատելությունը ավելի շատ է լինելու, քան իշխանության եւ ընդդիմության միջեւ», - ամփոփում է «Իրավունք»-ը:

«Այսօր նոյեմբերի 1-ն է, եւ սկսվեց նախագահական թեկնածուների առաջադրման ամիսը.. Քաղաքական ուժերը, կուսակցությունները, խմբերն ու դաշինքները ընդգծված առաջատարներ, կարծես թե, չեն տեսնում, եւ խնդիրը դեռեւս բաց է մնում: Բայց մինչեւ ե՞րբ», - տարակուսում է «Օրրան» թերթը՝ այս առումով հատկապես ընդգծելով. - «Որպեսզի կասկածելի, մութ կենսագրություն ունեցող մարդիկ չշտապեն առաջադրվել նախագահի թեկնածու, անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում առաջադրել մեկ, երկու կամ երեք ազնիվ, պարկեշտ թեկնածուների: Այդ դեպքում պատահական թեկնածուները դժվար թե անհույս պայքարի մեջ նետվեն»:

Արդեն ծնունդ առած եկող տարվա պետական բյուջեն էլ «Օրրան»-ում որակված է «նախընտրական»՝ նկատի ունենալով աշխատավարձերի բարձրացման ակցիան, որի մակրոտնտեսական չհիմնավորվածությունը երեկ ընդունում էր եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: Ընթացիկ առումով, դա դիտարկվում է նաեւ որպես ներքաղաքական տուրուդմփոցի բյուջե, որի շուրջ նախընտրական թունդ փոշի են բարձրացնելու քաղաքական ուժերն ու պատգամավորները:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր վերլուծված է, որ ամենեւին էլ պատահական չէր օրերս արտգործնախարար Օսկանյանի հայտարարությունը, թե կա Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված բոլոր կողմերի համար ընդունելի առաջարկություն: Տեսաբանի հայացքով, կողմերի առկա բազմաթիվ հակասությունների պայմաններում անհնար է խոսել բոլորի համար ընդունելի տարբերակի մասին, ուրեմն՝ «պետք է ենթադրել, որ արտգործնախարարի վերջին ակնարկը հակառակորդի կիսադաշտ փոխանցված մի գնդակ է սոսկ, որին վերջինս պարտավոր է հարվածել՝ կրկնելով ճիշտ այն խոսքերը, որոնք արտասանվեցին Վարդան Օսկանյանի կողմից: Եթե դա շուտով լինի, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ գործ ունենք ոչ թե ԼՂՀ հիմնախնդրի «վերջնական ու ամբողջական լուծում» պարունակող տարբերակի, այլ բանակցող կողմերի առջեւ դրված եւ վերապահումների չընդունող մի այնպիսի պարտադրանքի հետ, որի բովանդակությունը շատ շուտով բացահայտվելու է՝ այն մեժելու առաքելությունը դիվանագետների ուսերից տեղափոխելով ժողովուրդների ուսերին», - ուրվագծում է «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG