Մատչելիության հղումներ

logo-print



«Առավոտ» օրաթերթի այսօրվա համարը չի հասել ընթերցողին: Թերթի օրինակ չունի անգամ խմբագրությունը: Հասցեատիրոջը չեն հասել նաեւ նախագահի աշխատակազմին, կառավարությանը, Կենտրոնական բանկին եւ այլուր առաքվող պարտադիր օրինակները:

«Իմ ճաշակով, ճիշտն ասաց, այդ թերթում ոչ մի սենսացիոն նյութ չկար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: - «Բայց ես չգիտեմ, թե այս կամ այն չինովնիկի, հանցավոր տարրի ինչ բառ, ինչ տառ, ինչ թիվ կարող է լինել, որը նրան շատ-շատ կգազազացնի»:

Աբրահամյանը ենթադրում է, որ հատկապես մի հոդված բարկացրել է ոմանց: «Դա վարչապետի մերձավորների կողմից Ծաղկաձորում որոշ օբյեկտների անօրինական սեփականաշնորհման գործընթացի մասին էր», - ասաց «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ոչ մեկի համար գաղտնիք չէ ե'ւ կոռուպցիան, ե'ւ փաստերը, որ սեփականաշնորհումը ընթանում է անարդար: Արդեն տասը տարի դրա մասին գրվում է: Չգիտեմ, գուցե այս կոնկրետ դեպքում ինչ-որ մեկի շահերին կպել ենք»:

Այդ հոդվածը վերնագրված է «Վարչապետի մերձավորները չարաշահում են» եւ առնչվում է վարչապետի օգնական Գեւորգ Հակոբյանի, նրա տիկնոջ՝ Ադելաիդա Մարտիրոսյանի , եւ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի տնտեսական գործունեությանը:

Արամ Աբրահամյանի խոսքերով, սա «երեւի գրաքննության տեսակ է»: «Որովհետեւ ես չեմ կարծում, որ այստեղ պետական կառույցներ խառնված չլինեն՝ այսպես թե այնպես», - ասաց նա: - «Նույնպես չեմ կարծում, թե նախագահը դրա մեջ խառնված լինի, որովհետեւ նախագահական ապարատը նույնպես չի ստացել [թերթի այսօրվա համարը]»:

Արամ Աբրահանյանը ասաց, որ սա առաջին դեպքը չէ. նախորդ անգամ (տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրությունների քարոզարշավի օրերին) մեկ անգամ արդեն հավաքել էին տպաքանակը, բայց այն ժամանակ որոշ բաժանորդների թերթը, այնուամենյանիվ, հասել էր: Այս անգամ, մինչդեռ, կորել է ամբողջ տպաքանակը:

«Այսինքն ինչ-որ սեւ խոռոչ է առաջացել տպարանի եւ «Հայմամուլի» միջեւ, եւ այդ սեւ խոռոչի մեջ մեր ամբողջ տպաքանակը կորել էր», -ասաց Աբրահամյանը:

«Տիգրան Մեծ» տպարանի (որտեղ տպագրվում է «Առավոտ»-ը) տնօրեն Վրեժ Մարկոսյանի խոսքերով, անցած գիշեր թերթը տպագրվել է մոտավորապես 4600 օրինակով եւ ընդունված կարգով, բոլոր փաստաթղթերով թերթը հանձնվել է «Հայմամուլին»: «Ես իմ պարտականությունները կատարել եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վրեժ Մարկոսյանը:

«Հայմամուլ»-ում եւս որեւէ մեկը այսօրվա «Առավոտ»-ը չի կարդացել: Գործակալության փոխտնօրեն Արշալույս Մանուկյանը ասաց, թե ինքը պարտավոր չէ թերթ կարդալ եւ պարտավոր չէ տեսնել այն: Փոխտնօրենը, այդուհանդերձ, հավաստեց, թե թերթը առաքվել է սովորականի պես, իսկ բաժանորդներին չի հասել համակարգչային սխալի պատճառով:

Չնայած պնդումներին, թե թերթը վաճառվել է, «Հայմամուլ»-ը չի նշում գոնե մեկ կրպակի հասցե, որտեղ գոնե մեկ ընթերցող գնել է թերթը: Փոխարենը Մանուկյանը համոզված է, թե թերթը վաճառվել է. գուցե մի շատ հետաքրքրասեր ընթերցող գնել է միանգամից ողջ տպաքանակը:

«Այդպիսի դեպքեր արդեն եղել են, երբ մարդը կանգնել է կրպակի մոտ եւ բերելուն պես ամբողջը գնել», - մտաբերում է «Հայմամուլ»-ի փոխտնօրենը՝ չմեկնաբանելով, սակայն, թե ինչպես է այդ միակ ընթերցողին հաջողվել գնել նաեւ բաժանորդների թերթերը, «Հայփոստ»-ի եւ տպագիր մամուլ առաքող մյուս ընկերությունների բաժին խմբաքանակը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Առավոտ»-ի տպաքանակի անհետացման կապակցությամբ նախագահի արձագանքը. - «Պետք է նախ պարզել հանգամանքները, թե իրականում ինչ է կատարվել, եւ եթե օրինախախտում է տեղի ունեցել, մեղավորներն անպայման կպատժվեն»:

Կատարվածի կապակցությամբ հայտարարություն են տարածել Երեւանի մամուլի ակումբը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը: «Սա մենք գնահատում ենք իբրեւ հանցագործություն եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք հայտնաբերել եւ պատժել մեղավորներին», - գնահատում եւ պահանջում են հայտարարության հեղինակները:

Իրավապահ մարմիններին պահանջ ներկայացրեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Արտակ Զեյնալյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կատարվածը որակելով «քրեորեն հետապնդելի արարք»:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) ղեկավար անդամ Վարդան Մկրտչյանը ասաց, թե, իր ունեցած տեղեկություններով, «թերթի տպաքանակի առգրավումը հենց տպարանից» կազմակերպված է եղել կառավարական մարմինների կողմից:

ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) ղեկավար անդամ Վարդան Պողոսյանի կարծիքով, կատարվածը «ազատ խոսքի կոպիտ ոտնահարում է, Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում»:

«Դա նշանակում է, որ Հայաստանում ավտորիտար համակարգը իսկապես կայացել է, եւ շատ հասկանալի է, որ իշխանությունները, չունենալով իրական հենարան երկրում, դիմում են այսպիսի արարքների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Պողոսյանը՝ հավելելով. - «Առավոտ» թերթը պետք է դիմի դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր իրենց, իմ տեղեկություններով, շանտաժի են ենթարկել, այսպես ասած՝ «բանակցել» են, որպեսզի այդ օրը իրենց [վերաբերող] նյութը չտպվի: Ճիշտ կլիներ, որպեսզի ավելի հեռուն գնային եւ փորձեին գտնել այն պատասխանատուներին, որոնց մեղքով այսօր «Առավոտ» թերթը չի հասել բաժանորդներին եւ ընթերցողներին»:


Շաքե Ավոյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG