Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հաստատեց 2003 թվականի պետական բյուջեի նախագիծը


Կառավարությունն այսօր իր հերթական նիստում հաստատեց 2003 թվականի պետական բյուջեի նախագիծը եւ, ինչպես բյուջետային օրենսդրությունն է պահանջում, սահմանված ժամկետին՝ բյուջետային տարին սկսվելուց 60 օր առաջ, կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը:

Ինչպես եւ սպասվում էր, թե' եկամուտների եւ թե' ծախսերի գծով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը զգալի աճ է նախատեսում: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 287 միլիարդ դրամ, ծախսերը՝ 334 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ մոտ 47 միլիարդ դրամ։

Նիստից հետո Վարդան Խաչատրյանը ներկայացրեց այն կատեգորիաները, որոնց աշխատավարձերը բարձրացվելու են: Նախ՝ վերստին 20 տոկոսով բարձրացվելու է ուսուցիչների աշխատավարձը: Աշխատավարձերին հավելումներ կստանան նաեւ դպրոցների վարչական ղեկավար աշխատողները՝ տնօրենները եւ ուսմասվարները։

Կառավարությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել ամենակոռումպացված պետական ծառայողների՝ հարկային, եւ մաքսային աշխատողների աշխատավարձերը, հավանաբար՝ հակակոռուպցիոն նկատառումներով: Եկող տարի այս բնագավառի աշխատողների աշխատավարձերը կկազմեն միջինը 120 դոլարին համարժեք դրամ, իսկ պարգեւատրումների եւ հավելումների հետ միասին՝ շուրջ 200 դոլար։

Քաղաքացիական ծառայողների նվազագույն, կամ ինչպես ընդունված է ասել՝ բազային աշխատավարձը սահմանվել է շուրջ 20 հազար դրամ։ Նախարարն ասաց, որ եկող տարվա հուլիսից բարձրացվելու է նաեւ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, դատավորների աշխատավարձը:

Կառավարույթունը չի մոռացել նաեւ ամենացածր աշխատավարձ ստացող պետական ծառայողներին՝ գրադարանավարներին, թանգարանների աշխատողներին, մշակույթի գործիչներին՝ որոնք այժմ ստանում են չնչին աշխատավարձ՝ 6-11 հազար դրամ։ Եկող տարի դրանց միջինը կկրկնապատկվի. ըստ Վարդան Խաչատրյանի, այս կատեգորիայի աշխատողները 13-16 հազար դրամ աշխատավարձ կստանան։

Հաջորդ տարվա հունվարի 1-ից վերստին 600-700 դրամով կավելանան կենսաթոշակները՝ աշխատած յուրաքանչյուր տարվա կենսաթոշակային հավելումը լինելու է 20 դրամ։

Թե որքանով է իրատեսական հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, անշուշտ, կախված է նրանից, թե որքանով են հուսալի դրսից ստացվելիք վարկերը: Վարդան Խաչատրյանի հավաստմամբ, Համաշխարհային բանկի ինչպես ՍԱՔ-4, այնպես էլ ՍԱՔ-5 վարկերի պայմանները կառավարությունը կատարել է: Այժմ թե' Արժույթի միջազգային հիմնադրամի եւ թե' Համաշխարհային բանկի պատվիրակությունները բանակցում են կառավարույթան հետ, եւ նախարաը հույս ունի, թե այդ վարկերի գոնե մի մասը կստացվի արդեն այս տարի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG