Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ռուսաստանցիների մեծամասնության համար կովկասցիների տարբերակումը չեչենների, վրացիների, հայերի, ադրբեջանցիների... խիստ պայմանական է», - արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Պարզապես կան սեւեր, որոնք զավթել են իրենց երկիրը եւ որոնց դեմ պետք է պայքարել»: Այս առումով «Հայոց Աշխարհ»-ում ուրվագծված է. - «Այլազգիների ու, մասնավորապես, հայերի ջարդերը Ռուսաստանում կշարունակվեն, ստանալով ավելի ու ավելի զանգվածային բնույթ: Մենք պիտի ընկալենք դա որպես անխուսափելի մի բան, չմատնվենք խուճապի, այլ պարզապես կամաց-կամաց վերստին հավաքվենք մեր հայրենիքում»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում փաստում է Ռուսաստանում մասնավորապես հայերի հանդեպ տրամադրությունների ավելի սրում, ինչը պիտի հանգեցնի մեր հայրենակիցների վերադարձի ծավալների մեծացման: «Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել ներհոսքի դեպքում բոլոր ենթակառուցվածքների սահուն աշխատանքն ապահովելու ուղղությամբ», - իր հերթին կարեւորել է Հովհաննիսյանը՝ զգուշացնելով. - «Եթե նրանք վերադառնան, իսկ մենք բոլոր այդ խնդիրները լուծած չլինենք, այսինքն՝ մեր հայրենակիցները կանգնեն փակ դարպասների առջեւ, նրանց թիվը հասնի տասնյակ, հարյուր հազարավորների, ապա դա չափազանց լուրջ սոցիալական պրոբլեմ կդառնա պետության համար»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «98-ից այս կողմ դրական տեղաշարժեր կան, բայց թե դրանք բավարար են կամ բավարար չեն, եւ դրանով պայմանավորված՝ դաշնակցությունը կպաշտպանի՞ Քոչարյանին, թե՞ կընտրի մեկ այլ ճանապարհ, այդ ամենը պարզ կդառնա մեր Գերագույն ժողովում, որը կհրավիրվի նոյեմբերի 20-ի կողմերը»: Ըստ Ռուստամյանի, ՀՅԴ Գերագույն ժողովում քննարկումները լինում են շատ բաց, եւ այնտեղ կարող են լինել խիստ բազմազան տեսակետներ, ընդհուպ՝ նաեւ անկանխատեսելի: Ուստի, չի բացառվում, որ, այո, որոշում կայացվի առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով: Դաշնակցության ներկայացուցիչը հարցազրույցում կրկնում է նաեւ իր այն միտքը, որ կողջունի Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը. - «Որովհետեւ իսկապես համարում եմ, որ այսօր երկու հիմնական գաղափարախոսություն կա... Մի գաղափարախոսությունը նախորդ ռեժիմի գաղափարախոսությունն է, որի լավագույն կրողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իսկ մյուսն այն գաղափարախոսությունն է, որը եկավ 98-ից հետո: Եւ այս առումով, առաջին նախագահի առաջադրվելու դեպքում, իսկապես շատ լուրջ գաղափարական պայքար է սպասվում: Եվ դա ավելի քաղաքակիրթ է, քան գաղափարազուրկ աթոռակռիվը»:

«Ժողովուրդը հանրապետության նախագահ պիտի ընտրի: Իսկ մինչ այդ, ամիսներ շարունակ, պիտի դիմանա դաժան փորձության՝ ընտրարշավի հարայ-հրոցի, թոզ ու դումանի, աղմուկ-աղաղակի մեջ գլուխը չկորցնելու համար», - նախանշում է «Օրրան»-ի խմբագրականը: - «Պիտի դիմանա, որպեսզի այդ աղմուկ-աղաղակների արանքներում չմոռանա ապրել, չմոռանա Նոր տարին տոնել, տղա ու աղջիկ ամուսնացնել: Եվ այդ ամենը իբրեւ, կարծես, գովազդային ընդմիջում»: Բայց վերջապես ինչքան պիտի լինենք կառավարվող, իշխվող զանգված ընդամենը: «Իրականում», - շեշտված է «Օրրան»-ում, - «հայրենի իշխանությամբ ապրել պիտի սովորենք»:

«Օր» թերթի թղթակիցը հանդիպել է, ինչպես բնորոշում է՝ «կորած» դեմքերից մեկի՝ Խաչիկ Ստամբոլցյանի հետ: «Հիմա ոչ ոք ինձ չի սիրում», - դժգոհում է վերջինս: - «Վանոյին, որը մարդասպան ու հանցագործ է, ավելի շատ են սիրում, քան ինձ, պատկերացնո՞ւմ եք, սա ինչ սարսափելի է: Նրան բոլորն ուզում են տեսնել, լսել, ասում են՝ Վանոն տղամարդ էր: Իսկ իմ գրածները չեն կարդում, ինձ չեն ուզում լսել, անգամ՝ տեսնել: Երբ ես հեռուստացույցով խոսում եմ, շատերը ուղղակի անջատում են հեռուստացույցը»: «Ես շուտ դարձի եկա ու հեռացա ՀՀՇ-ի հանցագործ խմբից», - իր անցյալն է արժեվորում Խաչիկ Ստամբոլցյանը: - «Ինձ մեղադրում են 92-93 թթ. ցրտի ու խավարի համար, իբր ես փակել եմ «Նաիրիտն» ու ատոմակայանը: Ատոմակայանի փակվելը կապ չունի ցրտի ու խավարի հետ, ցուրտն ու խավարը սարքեց Բաբկեն Արարքցյանը: Նա փակում էր Հայաստան մտնող գազը, որպեսզի նավթ ծախի, մաֆիան իր ձեռքում էր»: Վերադառնալով սիրո թեմային, Ստամբոլցյանը ժամանակակից բարքերի հետեւյալ ցնցող բացահայտումն է անում. - «Նույնիսկ Արշակ Սադոյանին ժողովուրդը սկսել է չսիրել, դա սարսափելի է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG