Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Իմ թեկնածության հարցը որոշվելու հասարակության շրջանակներում»


«Իմ թեկնածության խնդիրը որոշվելու է ո'չ անհավաստի լուրերի միջոցով, ո'չ օտար մայրաքաղաքաներում, ո'չ էլ նման հարցազրույցներում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Իմ թեկնածության հարցը որոշվելու է, ի վերջո, Հայաստանի Հանրապետության քաղաքների եւ գյուղերի եւ հասարակության շրջանակներում: Այդ լուրը ճշգրիտ չէ, բայց վերջին հաշվով կարող է ճիշտ դուրս գալ»:

Պատասխանելով, հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞, թե որպես թեկնածու գրանցման հարցում կարող են որոշակի պրոբլեմներ առաջանալ՝ կապված ՀՀ քաղաքացիության՝ Սահմանադրությանբ պահանջվող ժամկետների հետ, Հովհաննիսյանը ասաց. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես հանդիսանում եմ հանրապետության հռչակման առաջին օրվանից՝ հիմնվելով իմ անդրանիկ դիմումի վրա, ինչպես նաեւ դրանից հետո բազմաթիվ դիմումների կրկնության վրա... Այն, որ իմ դիմումից գրեթե 10 տարի անց ՀՀ անձնագիր ստացա, դա ընդհանուր ոչ մի իրավական կապ չունի իմ առաջին դիմումի հետ... Ես նույնքան իրավունք ունեմ մասնակցելու ընտրական բոլոր գործընթացներին, որքան հանրապետության նախագահը եւ որքան նախագահի արմատական ընդդիմախոսը»:

Կանխատեսելով հանդերձ, որ չի բացառվում այս հարցի շահարկումը, Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն պաշտպանված է զգում դատական մարմինների կողմից: «Ցանկացած անկախ կամ անկախության ձգտող դատարան կարող է իր վերջնական մեկնությունը տալ ձեր բարձրացրած հարցին»:

Այս փուլում Հովհաննիսյանը ամենից շատ կարեւորում է երկրում օրերքի նկատմամբ հարգանքը եւ բոլոր թեկնածուների մեկնարկային հավասարությունը՝ առանց խտրականության:

Նա չհաստատեց, տեղեկությունը, թե մտերիմների շրջանակում արդեն բարձրաձայնել է իր թեկնածությունն առաջադրելու վերջնական որոշման մասին:

Հովհաննիսյանը ասաց, որ երբեւէ կուսակցական չի եղել, բայց իր համախոհները՝ մարդիկ ում հետ նա աշխատել է նախկինում եւ հիմա էլ աշխատում է, ստեղծել եմ մի նոր կուսակցություն, որը կոչվում է «Ժառանգություն»: Ինքը, սակայն, դեռ չի անդամագրվել:

«Չի բացառվում իմ կուսակցական դառնալը, բայց նաեւ երաշխավորված չէ: Ես միտք չունեմ, օրինակ հետագա ընտրությունների հարցը քննարկել որեւէ կուսակցական հովանու ներքո», - ասաց նա:

Ռազմավարական կենտրոնը, որը ղեկավարում է Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ քաղաքական կազմակերպություն է, սակայն այն արդեն սկսել է քաղաքական շփումները կուսակցությունների հետ:

«Մենք համագործակցում ենք, կամ հաղորդակցվում ենք Հայաստանի քաղաքական ամենատարբեր կուսակցությունների հետ, եւ հետագա շաբաթները ցույց կտան, թե որ կազմակերպություններն են եւ որ կուսակցություններն են եւ որ առանձին գործիչներն ու հասարակության շերտերն են, որոնք կընդունեն մեր ճանապարհը եւ կմիանան այդ արժեքների, այդ պատվիրանների, այդ դրույթների իրագործմանը, որին մենք նվիրված ենք», - ասաց նա:

Ռազմավարական կենտրոնը Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը պարզելու նպատակով սոցիոլոգիական հարցումներ չի կատարում: Սակայն որոշակի հետազոտութուններ, ինչպես փոխանցեց Հովհաննիսյանը, արվում են: Թերեւս հենց դրանց հանրագումարի հիման վրա էլ կընդունվի վերջնական որոշումը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG