Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները





«Հայկական ատոմակայանից ոչ մի նյութ չի տարվել այնպիսի տեղ, որտեղ այն չպիտի գտնվի: Ատոմակայանում արտադրված բոլոր ռադիոակտիվ թափոնները պահեստավորվում են այնտեղ, որտեղ դրանք պիտի պահեստավորվեն: Մենք նյութերի տեղափոխման որեւէ ապացույց չունենք», - «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) Եվրոպայի վարչության պետ Մասուդ Սամեյը: Նրա ասածը հաստատեց ՄԱԳԱՏԵ-ի մեկ այլ պաշտոնյա՝ Յոզեֆ Զլատնանսկին:

«Ես ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչ եմ, որը տեխնիկական կազմակերպություն է, ու չեմ կարող քաղաքական այդ հարցին պատասխանել», - ասաց Սամեյը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, թե Ադրբեջանի պնդումները տարբեր միջազգային կազմակերպություններում, թե Մեծամորի ատոմակայանի թափոնները հայերը թաղում են Լեռնային Ղարաբաղում, քարոզչական նպատակներ է հետապնդում:

Մասուդ Սամեյի գլխավորած պատվիրակությունը հերթական անգամ մեր երկիր է եկել՝ իշխանությունների հետ քննարկելու Հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանը վերաբերող եւ Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառը վերահսկող «Պետատոմհսկողություն» հաստատությունը ուժեղացնելուն նպաստող ծրագրեր:

«Մենք ուզում ենք, որ «Պետատոմհսկողությունը» անկախ մարմին դառնա», - ասաց Սամեյը: - «Սա Հայաստանի իշխանություններին մեր ներկայացրած առաջարկներից մեկն է, ինչը մենք համարում ենք կարեւոր պայման Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման համար: Ատոմակայան ունեցող պետության մեջ պիտի լինի կարգավորիչ մարմին՝ անկախ կառավարական մյուս բոլոր օղակներից»:

Հայաստանի կառավարության հետ քննարկվել է նաեւ Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտության հարցը:

Հայաստանի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ պատրաստ են ատոմակայանը փակել հնարավորինս արագ», - շարունակեց ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչը: - «Ատոմակայանների տեխնոլոգիական երկարակեցությունը համարվում է մոտ 30 տարի: Բայց ՄԱԳԱՏԵ-ն չէ, որ պետք է որոշի, թե երբ է փակվելու Հայկական ատոմակայանը: Դա Հայաստանի իշխանությունների որոշելիքն է, ինչի վրա, անշուշտ, ազդեցություն կունենան հաջորդ տարի պատրաստվելիք մեր զեկույցի արդյունքները»:

Հայկական ատոմակայանի փակման հարցը ոչ այնքան ՄԱԳԱՏԵ-ն է առաջ քաշում, որքան Եվրամիության երկրները: Հայաստանում հավատարմագրված այդ երկրների դեսպանները բազմիցս առիթ են ունեցել ասելու, թե ատոմակայանի փակման դիմաց Եվրամիությանը պատրաստ է Հայաստանին տրամադրել 100 միլիոն եվրո՝ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու համար: Եվրամիությունն, այդուհանդերձ, այլեւս նախկինի պես չի պնդում, թե Հայկական ատոմակայանը պետք է վերջնականապես կանգ առնի 2004 թվականին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG