Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերը կառավարումը կարող է ստանձնել գերմանական «Սիմենս» ընկերությունը


Նոյեմբերի 1-ից բրիտանական Գերսի կղզու օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը ստանձնում է Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի 80,1 տոկոս բաժնեմասի սեփականությունն ու կառավարումը։ Մինչ այդ պետք է ավարտվի ցանցերի ընդունման-հանձնման գործընթացը:

«Միդլենդ ռիսորսիզը», ըստ իրազեկ աղբյուրների, Հայաստանի միջազգային ֆինանսական դոնորներին, մասնավորապես, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը բաշխիչ ցանցերի օպերատիվ կառավարումը կստանձնի էներգահամակարգի կառավարման հարուստ փորձ ունեցող հայտնի արեւմտյան ընկերություններից մեկը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, դա գերմանական «Սիմենս»-ն է, թեեւ առայժմ այս ընկերության անունը պաշտոնապես չի հրապարակվում:

Ինչպես երեւում է, ապագա օպերատորի հետ բանակցությունները հարթ չեն ընթանում, ինչը, բարդություններ է ստեղծում նաեւ Հայաստանի կառավարության համար։ Ժամանակին «Սիմենս»-ը շահել էր նաեւ Բաքվի էլեկտրաբաշխիչ ցանցի 25 տարով օպերատիվ կառավարման հանձնելու մրցույթը, սակայն, պայմանների չբավարարման պատճառով, հրաժարվել էր։ Մասնավորապես, գերմանական ընկերությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչը ցանցերի տիրոջ համար դիտվել էր անընդունելի։

Մեր դեպքում, հավանաբար, նման խնդիր չի ծագի, քանի որ գործող սակագինը էլեկտրացանցերի տիրոջը տարեկան 16 տոկոս շահույթ ստանալու երաշխիք է ընձեռում։

Էներգահամակարգի պատասխանատուների հավաստմամբ, գործող սակագնի պայմաններում այդ ոլորտի շահութաբերությունը ներկա դրությամբ 2-3 տոկոս է: այդ դեպքում հարց է ծագում, թե սակագինը չբարձրացնելով ինչպե՞ս է հնարավոր ցանցերի ։ Ըստ երեւույթին, շահութաբերությունը 16 տոկոսի հասցնելու գործում հիմնական ակնկալիքը կապվում է էլեկտրաէներգիայի ահռելի կորուստները՝ ավելի ստույգ գողությունը կրճատելու հետ։

Ի դեպ, այս տարվա ընթացքում հոսանքի գողությունն էլ ավելի է սաստկացնել։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում մատակարարված հոսանքի դիմաց ընդհանուր առմամբ չի ստացվել 35 միլիոն դոլար, որից շուրջ 18 միլիոնը՝ արդյունաբերական ձեռնարկությունների չվճարումներն են։ Բնականաբար, բաշխիչ ցանցերի հետ կապված գործարքի ձգձգումը հավելյալ խնդիրներ է առաջացնում ինչպես այս տարվա բյուջեի կատարման, այնպես էլ հաջորդ տարվա բյուջեի կազմման տեսակյունից։

Կառավարությունը պնդում է, որ ցանցերի վաճառքի հետ կապված իր պարտավորությունները կատարել է, այդ պատճառով Համաշխարհային բանկը պետք է արդեն հատկացրած լիներ այդ գործարքի հետ անմիջականորեն կապակցված ՍԱՔ-4 վարկի երրորդ տրանշը։ Այս պահին Հայաստանում են եւ կառավարության հետ բանակցում են Համաշխարհային բանկի միանգամից երկու պատվիրակություն: Առաջինը բանակցում է Էներգետիկ խնդիրների առնչությամբ, եւ դրա եզրակացության հիման վրա էլ կկայացվի հիշյալ վարկի մասին որոշումը։ Երկրորդ պատվիրակության հետ բանակցությունների ելքից կախված կլինի ՍԱՔ-5 վարկի ճակատագիրը։

Բնականաբար, այս վարկերի հատկացմամբ պայմանավորված կլինի այս տարվա բյուջեի կատարողականը, ինչպես նաեւ հաջորդ տարվա պետական բյուջեի կառուցվածքը։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, Համաշխարհային բանկի տեսանկյունից, խնդիրը ոչ այնքան այդ վարկերն են, որքան էներգետիկ համակարգի արմատական խնդիրների լուծումը: Ինչ վերաբերվում է այդ վարկերի հատկացման ժամկետներին, ապա, ըստ Սարգսյանի՝ «ժամկետները այս պահին դժվար է կանխատեսել»:

Կառավարությունը, մինչդեռ, ժամանակ չունի. բյուջետային օրենսդրության համաձայն, երկու օրից պետք է Ազգային ժողովի դատին ներկայացվի 2003 թվականի պետական բյուջեի նախագիծը: Եվ բյուջեի դեֆիցիտի պլանավորման խնդրում, ինչպես երեւում է, դարձյալ կրկնվելու է նախորդ տարվա պատմությունը, երբ արտաքին վարկերի ստացման խնդիրը չլուծած, բյուջեում դրանք նախատեսվում են, սակայն այդպես էլ ժամանակին չեն ստացվում։ Արդյունքում կուտակվում են բյուջետային պարտքեր, որոնք այդպես էլ չեն մարվում, ու փոխանցվում են հաջորդ տարիներին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG