Մատչելիության հղումներ

Լրագրողի նկատմամբ մահափորձի քրեական գործով կասկածյալներ դեռեւս չկան


Հոկտեմբերի 22-ի երեկոյան անկախ լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի նկատմամբ իրականացված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող Երեւանի դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ինտենսիվ քննություն է անցկացվում մի քանի վարկածների շուրջ, հարցաքննեվել են բազմաթիվ վկաներ: Սակայն դեռեւս չկան կասկածյալներ:

Մարկ Գրիգորյանը երեկվանից արդեն բուժումը շարունակում է ստանալ տանը: Դեպքից անմիջապես հետո, գուցե առաջին տպավորության տակ, Մարկը լրատվամիջոցներին իր ենթադրությունն էր փոխանցել, թե հնարավոր է, որ մահափորձի դրդապատճառն այն հոդվածն է, որը ինքը պատրաստվում էր գրել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 3-րդ տարելիցի կապակցությամբ: Այսօր, սակայն, լրագրողի կարծիքով, մահափորձի պատճառը ոչ թե կոնկրետ հոդվածն է, այլ իր լրագրողական գործունեությունն ընդհանրապես:

«Ես անկառավարելի էի եւ եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարկ Գրիգորյանը: - «Չկա քաղաքական ուժ, որը կարողանա ինձ կառավարել»:

Ըստ Գրիգորյանի, ինքը խանգարում էր այն մարդկանց, ովքեր չեն ուզում, որ Հայաստանում անկախ մտածող մարդիկ լինեն: Նա գերադասեց առայժմ չանդրադառնալ հարցին, թե կոնկրետ ովքեր են այդ մարդիկ՝ ասելով, թե առողջանալուց հետո կսկսի «կամաց-կամաց կվերլուծել»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ, Մարկ Գրիգորյանի դեմ ուղղված գործողությունը ուղղված էր ամբողջ լրագրական աշխարհի դեմ, «որովհետեւ Հայաստանում մամուլը, լրագրողները գործում են զանազան ճնշումների հորձանուտում»:

Թեեւ շատ երեւույթներ, ըստ Փաշինյանի, կարող են եւ չնկատվել, բայց դա չի նշանակում, որ ճնշումներ չկան: «Ազգային անվտանգության նախարարության ներսի աշխատակիցներ ինձ ասել են, որ իմ տան հեռախոսը, մեր խմբագրության երկու հեռախոս օրվա մեջ 24 ժամ դրված են լսման տակ»:

Մարկ Գրիգորյանի կարծիքով, լրագրողներին Հայաստանում գրաքննության են ենթարկում կա'մ ղեկավարները, կա'մ լրատվամիջոցների տերերը, կա'մ էլ հովանավորները:

«Լրագրողները Հայաստանում ոչ թե կատարում են հասարակության պահապան շների ֆունկցիա, այլ կատարում են շղթայված շների ֆունկցիա: Շների, որոնք հաչում են իրենց տերերի համար անընդունելի կամ իրենց տերերին դուր չեկող մարդկանց վրա», - ասաց նա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG