Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում կատարվում են ականազերծման աշխատանքներ


Տավուշի մարզի Ազատամուտ եւ Կայան ավանների մերձակայքում՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում արդեն մեկուկես ամիս է, ինչ ականազերծման աշխատանքներ են անցկացնում Միացյալ Նահանգների աջակցությամբ անցած գարնանը Էջմիածնում բացված Ականազերծման կենտրոնի առաջին շրջանավարտները:

Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, Պենտագոնի եւ Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության շրջանակներում: Օգոստոսին՝ Ականազերծման կենտրոնի առաջին շրջանավարտների վկայագրերի հանձնման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը ասել էր. - «Այսօրվա միջոցառումը գործընթացի ոչ թե ավարտ է նշանակում, այլ սկիզբ» :

Ականազերծման կենտրոնի 120 շրջանավարտներից 80-ը՝ սակրավորներ, հետախուզողներ, պայթեցնողներ, շների հետ աշխատող մասնագետներ, վերապատրաստված բժիշկներ, վերջին մեկուկես ամիսը աշխատել են Տավուշի մարզում: Այսօր նրանց այցելել էր Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

Պաշտպանության նախարարության եւ Տավուշի մարզի ներկայացուցիչները դեսպանին ասացին, որ գյուղերի շրջակայքում, ճանապարներին բազմաթիվ ականներ կան, որոնց մի մասն էլ ինքնապաշտպանության նպատակով տեղացիներն են տեղադրել: Խնդիրն այն է, որ ականապատված, վտանգավոր տարածքների 70 տոկոսի քարտեզը կազմված չէ, եւ այդ տարածքները ստուգելու, ականները հայտնաբերելու ու վնասազերծելու համար բավականին ժամանակ կպահանջվի:

«Շատ ուրախ եմ, որ ականազերծման երկար գործընթացը լավ սկիզբ է ունենում: Նպատակը ոչ միայն տարածքները ականներից մաքրելն է, այլ նաեւ հայկական վաշտի վերապատրաստելը: Նրանք գերազանց սկսեցին աշխատանքները, եւ ես շատ տպավորված եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջոն Օրդուեյը:

Դասակներից մեկի հրամատար Ռոմիկ Մաթեւոսյանի խոսքերով, քանի որ ականապատված տարածքների քարտեզ գոյություն չունի, իրենք մեծ զգուշությամբ են աշխատում:

Պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի պետ Ոստանիկ Ադոյանի խոսքերով, այստեղ ականազերծման կենտրոնի շրջանավարտները 40 հեկտար տարածք են ստուգում, եւ կեսից ավելին արդեն մաքրված է:

«Ական դեռ չի հայտնաբերվել, բայց չպայթած նռնակները, բեկորները շատ են», - ասաց նա:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ռազմական կցորդ Էրիկ ֆոն Թերշի փոխանցմամբ, մինչեւ տարեվերջ Էջմիածնի ականազերծման կենտրոնի 4 հայ շրջանավարտներ մեկնելու են Բոսնիա՝ շարունակելու վերապատրաստումը: Նրանք նաեւ նոր սարքավորումներ են բերելու Հայաստան:

Հայ զինվորականների հաջորդ խումբը Էջմիածնի կենտրոնում կվերապատրաստվի գալիք գարնանը: Թերշը նաեւ տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգների օժանդակությամբ Երեւանում բացվելու է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն: Շենքն արդեն ընտրված է. այն վերանորոգելու եւ համապատասխան տեխնիկա գնելու համար ամերիկյան կողմը տրամադրելու է 800 հազար դոլար:


Հրաչ Մելքումյան, Տավուշի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG