Մատչելիության հղումներ




Ողբերգությամբ ավարտվեց Մոսկվայի համերգասրահներից մեկում երեք օր առաջ չեչեն գրոհայինների կողմից պատանդ վերցված ավելի 700 մարդկանց ազատագրումը. վերջիններից 67-ը զոհվել են: Կան նաեւ բազմաթիվ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած վիրավորներ, որոնց թիվը ներկայումս ճշտվում է: Վիրավորվածների մեջ կան ոչ միայն հատուկ ջոկատների գրոհի ժամանակ կիրառված գազից թունավորվածներ, այլեւ հրազենից վիրավորվածներ:

Ռուսաստանյան իշխանությունները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները միանշանակորեն արդարացված են համարում ձեռնարկված գործողությունը: Արտասահմանյան լրատվամիջոցներից եւ արտասահմանյան մասնագետներից շատերը «փայլուն» են որակել հատուկ ստորաբաժանումների անցկացրած գործողությունը:

Դիվանագետների խոսքերով, պատանդառված 75 օտարերկրացիներից ոչ ոք չի զոհվել: Պատանդների մեջ էին նաեւ առնվազն երեք Հայաստանի քաղաքացիներ, որոնցից միայն մեկի անունն է հայտնի: Դա 1975 թվականին ծնված Թամար Գեւրորգյանն է: Մոսկվայում Հայաստանի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ պատանդների մեջ էին նաեւ Հայաստանի քաղաքացիություն չունեցող երկու հայ, որոնցից մեկը քսանամյա Կարեն Հայրապետյանն է: Պատանդառված մյուս հայազգիների մասին տեղեկություններ չունեն ո'չ դեսպանատունը, ո'չ էլ տեղի հայկական կազմակերպությունները:

Ռուսաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում՝ կանխելու համար ազգամիջյան եւ միջդավանաբանական բախումները: Համապատասխան կարգադրությունը գալիս է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG