Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա բոլոր թերթերն անխտիր անդրադարձել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության երրորդ տարելիցին: «Անցած երեք տարում մենք հասցրեցինք փառահեղ-անփառունակ խաչ քաշել ինքներս մեզ վրա: Նախեւառաջ՝ մեր բարոյական կերպարի: Ոճրագործությունը փորձություն դարձավ բոլորիս համար: Արագ պարզվեց, որ չափազանց շատերը միանգամից վարակվել են զառամախտով», - պատկերում է «Օրրան»-ը: - «Շատ քիչ բան է փոխվել 2002-ի հոկտեմբերի 27-ին. ընդամենը փլուզվել է «Միասնություն» դաշինքը, ընդամենը իրենց առաջնորդներին ուրացել են նրանք, ովքեր համապատասխան փոխհատուցում են ստացել կամ դրա երաշխիքը»:

«Գոլոս Արմենիի» թերթը փաստում է. «Այսօր, ինչպեսեւ երեք տարի առաջ, մենք չունենք գլխավոր հարցի պատասխանը՝ ահաբեկիչները ինքնուրո՞ւյն են գործել, թե՞ կատարել են ինչ-որ մեկի կամքը: Երեք տարի առաջ մենք բոլորս հույս ունեինք, որ այդ, ինչպես նաեւ մնացած հարցերի պատասխանները կտան նախաքննությունն ու դատարանը: Դեռ շարունակում ենք հուսալ, որ այդ պատասխանը կստանանք՝ չնայած այդ հույսն այսօր այնքան էլ լավատեսական չէ, որքան երեք տարի առաջ»:

Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի, «Հոկտեմբերի 27»-ը հարված էր մեր պետականության ամրացող հիմքերին: Ի պատասխան ընթացող դատավարությունը ձգձգելու մեղադրանքների, թերթը գրում է. - «Եթե այսօր մանրուքների մեջ ժամանակ կորցնելու կշտամբանքով հաճախ է մեղադրվում դատարանը, ապա համոզված ենք, կշտամբանք էր արտահայտվելու նաեւ շտապողականության, ապացույցները ոչ լրիվ քննության առնելու դեպքում: «Ճշմարտությունն այն է, որ բացառիկ յուրահատուկ այս քրգործի ծավալը շատ մեծ է», - ձեւակերպում է թերթը:

«Օրրան»-ի հարցազրույցում Ալբերտ Բազեյանը ասում է. - «Մինչեւ ընտրությունները դատավարությունը չի ավարտվի. նախագահը ընտրությունների կգնա՝ դատավարությունը չավարտած»: Նրա խոսքերով, ոճրագործության հետեւանքները օգտագործվեցին գործող նախագահի իշխանության ամրապնդման համար: Մեղադրել քաղաքական շահարկումների մեջ Արամ Սարգսյանին կամ Ստեփան Դեմիրճյանին, կամ նրանց քաղաքական գործընկերներին՝ ուղղակի անբարոյականություն է: «Մենք ենթադրում ենք, որ դատավարության մասնակիցները իշխանության ճնշումների եւ վերահսկողության տակ են», - դատավարության մասին կարծիք է հայտնում Բազեյանը:

«Ազգ»-ի մատուցմամբ, ակնհայտ էր, որ ընտրությունների նախաշեմին «Հոկտեմբերի 27»-ը ընդդիմության համար բավականին հզոր խաղաթուղթ է դառնալու, որը գոնե հիմա նույն ուժերը շատ անգրագետ ձեւով են օգտագործում։ «Դրա լավագույն ապացույցը երեկ հրավիրված հանրահավաքն է, որտեղ թեեւ ըստ էության հրավիրված էր «Հոկտեմբերի 27»-ի կապակցությամբ, սակայն շահարկումներից բացի ոչինչ տեղի չունեցավ», - փաստարկել է «Ազգ»-ը։

«Հայոց Աշխարհ»-ի ձեւակերպմամբ, «Ո՞ւմ էր ձեռնտու «Հոկտեմբերի 27»-ը» հարցադրումը եւ դրանից բխող «Ո՞վ է մեղավոր» ավանդական բանաձեւը թերի են ու միակողմանի եւ նույնիսկ միտումնավոր՝ եթե դրանց կողքին եւ դրանց զուգահեռ բացակայում է «Ո՞ւմ ողբերգությունն է «Հոկտեմբերի 27»-ը բանաձեւը: «Այդ առումով, անցած երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ «Հոկտեմբերի 27»-ը, լինելով համազգային եւ համապետական ընդգրկման աղետ, մեծագույն ողբերգություն էր ողջ հասարակության եւ կրկնակի ողբերգություն՝ հենց իշխանությունների համար», - գնահատում է «Հայոց Աշխարհ»-ը: Նույն թերթում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բնութագրում է. - «Տեղի ունեցածը քաղաքական ահաբեկչություն էր: Իսկ քաղաքական ահաբեկչությունները, որպես կանոն, մինչեւ վերջ չեն բացահայտվում»:

«Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածում երկու տարի առաջ հակաիշխանական բազմամարդ հանրահավաքների կազմակերպիչ Արկադի Վարդանյանը Հայաստանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման լավագույն ուղին համարում է համախմբումը Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Արկադի Վարդանյանը ասում է. - «ՀՀ առաջին նախագահի թեկնածությունը պետք է առաջադրվի 2003թ. նախագահական ընտրություններում»: Հակառակ դեպքում, ըստ Վարդանյանի, հայոց պետականությունը վտանգի տակ կդրվի: «Հայոց Աշխարհ»-ում պատգամավոր Շավարշ Քոչարյանը, ասես, արձագանքում է. - «Ե'ւ ՀՀՇ-ին, ե'ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե'ւ բոլորիս պարզ է, որ իրենց թեկնածուն երբեք լուրջ քվեներ չի ստանա: Ժողովրդի ու քաղաքական ուժերի վերաբերմունքը ՀՀՇ-ի եւ նախկին նախագահի նկատմամբ հստակ է: Նրանց հույսը ներկա իշխանություններից դժգոհության գործոնն օգտագործելն ու որոշ ձայներ կորզելն է, սակայն չեմ կարծում, թե նրանց ինչ-որ բան կհաջողվի»:

«Վերջապես, հայտարարվեցին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքները: Դրանք ապացուցեցին, որ, ինչպես միշտ, նախագահ Քոչարյանը ճիշտ է, իսկ նրա ընդդիմախոսները՝ սխալ», - գրում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Պետության ղեկավարը «պլան դրեց» Վիճպետկոմի առաջ՝ Հայաստանում պետք է լինի առնվազն 3 միլիոն բնակիչ: Պլանը կատարվեց եւ գերակատարվեց, իսկ մենք այդ ներկայացման մեջ, ինչպես միշտ, խաղացինք «մասովկայի», կրավորական օբյեկտի դեր»: «Ուրեմն, ամեն ինչ լավ է՝ արտագաղթի մասին մեր պատկերացումները չափազանցված են: Մեր բարեկամների, հարեւանների, դասարանցիների մեծ մասի բացակայությունը գիտական փաստ չէ: Իրականում կյանքի պայմանները Հայաստանում արտակարգ լավն են կամ անշեղորեն մոտենում են լավին՝ ուստիեւ փախչելու որեւէ առիթ չկա: Մի խոսքով, ոչ բոլորն են գնացել, մի քիչ էլ համբերեք, եւ ամեն ինչ լավ կլինի՝ սա է իմաստը այն քարոզչական հեքիաթի, որը կոչվում էր «մարդահամար», - պատկերում է «Առավոտ»-ը:

«Օր» թերթի խմբագրականն էլ անդրադառնում է վիճակագրական, տնտեսական ցուցանիշներին: «Վերջին շրջանում պաշտոնական վիճակագրությունը բարձր եւ կայուն տնտեսական աճի ցուցանիշներ է ավետում: 9 ամսվա տվյալներով համախառն ներքին արդյունքն աճել է 11 տոկոսով, ընդ որում՝ ամսեամիս այդ նշաձողը բարձրացվում է եւ թվում էր, թե ճիշտ հակառակը պետք է լիներ», - գրում է «Օր»-ը՝ ավելացնելով. - «Մեր կարգի երկրներում նման ձեռքբերումներին հարկավոր է վերապահորեն մոտենալ... Վտանգավոր է տնտեսական աճը վերածել «պլանային», հաշվետու ցուցանիշի, քանզի, երբ նրա հետեւում չկան տեխնոլոգիական արդիականացման լուրջ գործընթացներ, նման աճի «ֆետիշացումը» հղի է ճգնաժամի եւ, նույնիսկ, փլուզման հավանականությամբ»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Ընտրական օրենսգրքի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանը «Առավոտ»-ում ասում է. - «Ամբողջ ցավն այն է, որ մինչ այժմ Հայաստանում որեւէ քաղաքացի չի ենթարկվել պատասխանատվության ընտրակեղծիքների համար: Օրենսդիրն օրենքում նախատեսել է, մնացածը կատարողների, իրավապահ մարմինների գործն է, այսինքն՝ նրանք թերանում են իրենց աշխատանքում: Եվ սա նպաստում է, որ շարունակվեն ընտրակեղծիքները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG