Մատչելիության հղումներ




1999 թվականի հոկտեմբերի 27-֊ի ոճրագործության երրորդ տարելիցի առիթով ընդդիմադիր միավորման 16 ուժերի կազմակերպած հանրահավաքն ու հիշատակի երթն անցավ «Դատական ֆարսին՝ ոչ», «Ոչ մի շանս «27»֊ի կազմակերպիչներին եւ իրագործողներին» ցուցապաստառների ներքո: Հանրահավաքի նախաձեռնողների մեջ չէր «16»-֊ից միայն «Ազգային միաբանություն» կուսակցությունը:

Տարածված թռուցիկում իշխանություններից, մտավորականներից պահանջելով եւ ժողովրդին դիմելով, ընդդիմադիրները կոչ են անում «տեր կանգնել «Հոկտեմբերի 27»֊ի դատավարությանը, անհանդուրժողականություն ցուցաբերել հայրենիքի դավաճանների, կազմակերպիչների ու հովանավորների նկատմամբ, պահանջել արդար դատավճիռ՝ մահապատժի կիրառմամբ»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը իր ելույթում տեսակետ հայտնեց, թե «Հոկտեմբերի 27»֊-ի ոճրագործությունն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը անսահմանափակ եւ անվերահսկելի դարձնելուն, եւ նախադրյալներ ստեղծեց նրա վերընտրվելու համար, ինչի մասին չէր էլ կարող երազել Վազգենի ու Կարեն Դեմիրճյանի գոյության պայմաններում»:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ ամենակարեւորը ճշմարտության բացահայտումն է, եւ որ հետամուտ են լինելու դրան:

Մատենադարանի առջեւ անցած հանրահավաքի մի քանի հազար մասնակիցներին դիմելով՝ միավորման ուժերի առաջնորդները նաեւ կոչ արեցին առաջիկա ընտրություններում «չվաճառել իրենց քվեները» եւ խոստացան «տեր կանգնել նրանց ազատորեն ընտրելու հնարավորությանը»:

«Ժողովուրդն իր ձայնը չի տալու ահաբեկչությամբ ամրապնդված իշխանություններին», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Կուսակցության մեկ այլ ղեկավար անդամի՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի խոսերով, «Ռոբերտ Քոչարյանը չի վաստակել վերստին առաջադրվելու իրավունքը»:

Իսկ ԱԺԴ (Ազգային ժողովրդավարների դաշինք) նախագահ Արշակ Սադոյանը առաջարկեց ստեղծել ընտրությունների ընթացքը վերահսկող «ժողովրդավարության պաշտպանության ջոկատներ»:

Հանրահավաքի մասնակիցների հիշատակի երթը Ազգային Ժողովի դարպասների մոտ դիմավորեցին սաղարտավոր ոստիկանները՝ մահակներով: Խորհրդարանի այգում «Հոկտեմբերի 27»-֊ի զոհերի հուշաքարին ծաղկեպսակներ դնելուց հետո երթը շարժվեց դեպի նախագահի նստավայր, որի դարպասների առջեւ խիտ շարքով կանգնած էին ներքին զորքերի սաղավարտավոր ծառայողները՝ մետաղյա վահաններով:

Հրաժարականի կոչեր վանկարկելուց, մեջքով դեպի նստավայր, իրենց բնորոշմամբ՝ «արհամարհանքի ակցիա» ցուցադրելուց հետո, երթի մասնակիցները հեռացան:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG