Մատչելիության հղումներ

Դեսպան Օրդուեյի կարծիքով, մոսկովյան պատանդառույթան խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական երկխոսության միջոցով


Երեւանում այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի մայրաքաղաքում չեչեն ահաբեկիչների կողմից շարունակվող գործողությանը՝ մոտ 700 մարդու պատանդառությունը Մոսկվայի համերգասրահներից մեկում, Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը ասաց. - «Ես կարծում եմ, խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական երկխոսության միջոցով»:

«Մենք կողմ ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք նաեւ շատ մտահոգված ենք վերջին մի քանի տարիների ընթացքում Չեչնյայում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով: Մեզ համար նաեւ մտահոգիչ է չեչեն անջատողականների եւ միջազգային ահաբեկիչների միջեւ գոյություն ունեցող կապը, եւ Մոսկվայի վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հավաստիացրին, որ այդ կապը գոյություն ունի», - շարունակեց դեսպանը:

Պատասխանելվ լրագրողների՝ Հայաստանում խոսքի ազատությանը, առհասարակ ժողովրդավարության մակարդակին վերաբերող հարցին, Ջոն Օրդուեյը ասաց. - «Եթե ուզում եք լսել իմ տեսակետը, ապա կարծում եմ իրավիճակը բավականին լավացել է, բայց դեռեւս շատ խնդիրնեն կան, որոնք դեռեւս պետք է լուծվեն»:

«ԱՊՀ տարածաշրջանում, եթե նայենք վիճակագրությանը, տնտեսության զարգացման առումով Հայաստանն ունի ամենալավ ցուցանիշներից մեկը: Բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Տնտեսության աճից տրվող եկամուտները եւ օգուտները հավասարապես չեն բաշխվում, աղքատության մակարդակը դեռեւս շատ բարձր է», - Հայաստանի տնտեսության իր բնութագիրը տվեց դեսպանը՝ ավելացնելով, որ հատկապես շատ են անելիքները սոցիալական, առողջապահության բնագավառներում:

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրած օգնության ծրագրերի մասին, դեսպանը նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում այդ ծրագրերի շրջանակը մեծապես փոխվել է: Եթե նախնական շրջանում հիմնականում մարդասիրական օգնություն էր տրամադրվում, ապա հիմա շեշտադրումը դրվում է զարգացման ծրագրերի վրա:

Մինչեւ այժմ, ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության, Հայաստանին մոտավորապես 1 միլիարդ 100 միլիոն դոլարի օգնություն է տրամադրվել:

Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը, Օրդուեյը ասաց. - «Այս ծրագրով աշխատանքները շատ արագ առաջ են ընթանում, եւ մենք որեւէ դժվարություն, խոչընդոտ չենք տեսնում: Մենք բավականին գոհ ենք այս ծրագրերից եւ այն անձինք, որոնց հետ համագործակցում ենք պաշտպանության նախարությունում, նույնպես գոհունակություն են արտահայտել»:

Դեսպանը ասաց, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն փորձում են համաչափ քաղաքականություն վարել տարածաշրջանում, առավել եւս՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը: Դեսպանն ասաց նաեւ, թե ամերիկյան քաղաքականությունը երբեք չի ցանկանա հանդես գալ այնպիսի նախաձեռնությամբ, որը ինչ-որ ձեւով կխախտի հավասարակշռությունը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG