Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարը համոզված է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցումը միայն կարող է վերակենդանացնել հայ կինոն


Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-20-ը Չինաստանում գտնված պատվիրակությունը, ի թիվս այլ բազմաթիվ այլ հանդիպումների, եղել է Շանհայում, ուր Շանհայի միջազգային կինոփառատոնի միջազգային կապերի գծով տնօրենը հայ կինոմատոգրաֆիստներին հրավիրել է մասնակցել այդ բավական հեղինավար փառատոնին:

«Ես կարող եմ վստահորեն ասել, որ այդ փառատոնին եկող տարի մասնակցելու է Հայաստանը», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Շառոյանը:

Ըստ Շանհայի կինոփառատոնի կանոնակարգի, կարող են ներկայացվել միայն վերջին մեկ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Նախարարը դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որ հայկական ֆիլմերը կներկայացվեն: Պատճառը, թերեւս այն է, որ նոր ֆիլմեր չկան եւ այս տարի չեն էլ նկարահանվելու՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Ռոլանդ Շառոյանին շատ է դուր եկել Շանհայի կինոստուդիան, որը մի ամբողջ քաղաք է, եւ նա մտադիր է առաջիկայում անպայման ընդօրինակել Չինաստանի փորձը: «Մենք հնարավորությունները ունենք այդպիսի ստուդիա ունենալու», - ասաց նա:

Այդպիսի կինոստուդիայի ստեղծումը հնարավոր է միայն «Հայֆիլմ»-ի սեփականաշնորհման դեպքում. դրան, սակայն, կտրականապես դեմ են հայ կինոգործիչները: «Դեռեւս շարունակում են այս քաղաքականությանը խոչընդոտել հենց կինոարվեստի ներկայացուցիչները», - ասաց Շառոյանը՝ ավելացնելով. - Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում մենք կստեղծենք այդ հնարավորությունը»:

Նախարարի խոսքերով, դրան կնպաստի նաեւ մշակման փուլում գտնվող «Կինոյի մասին» օրենքը: Ի պատասխան հարցին, թե ինչու են կինոյի գործիչները դեմ «Հայֆիլմ»-ի սեփականաշնորհմանը, Ռոլանդ Շառոյանը, վկայակոչելով համաշխարհային փորձը, ասաց. - «Կինոֆաբրիկաները պետք է մասնավոր լինեն: Կինոն նաեւ կոմերցիա է, կինոն նաեւ բիզնես է... Մենք կինո չենք ունենա, եթե նաեւ ժամանակի հետ չքայլենք»:

Նախարարը այնուհետեւ վկայակոչեց Եղիշե Չարենցին՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: «Իսկ մենք դարձել ենք ժամանակի շունը, ոչ թե շունչը», - իր խոսքն ավարտեց Ռոլանդ Շառոյանը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG