Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Համաշխարհային մասշտաբների հասած ահաբեկչության դեմ ահաբեկչությամբ պայքարելը ոչ մի արդյունք չի տա», - շեշտադրում է այսօր «Առավոտ» թերթը: - Չարությունը չարություն է ծնում, եւ սպանվածների հարազատները միշտ էլ փորձելու են վրեժխնդիր լինել: «Դաժանությունը ծնում է դաժանություն, եւ այս փակ շրջանի մեջ այլեւս չկան հաղթողներ ու պարտվողներ. կան տուժող անմեղ մարդիկ», - օրվա թեմայով իր հերթին արժեվորում է «Երկիր» թերթը։ - «Մոսկովյան իրադարձությունները մեկ անգամ եւս ստիպեցին բոլորին գիտակցել, որ ահաբեկչությանը պատրաստ լինելու մասին բոլոր խոսակցությունները հարաբերական բովանդակություն ունեն։ Եվ հեռուստատեսությամբ նյույորքյան կամ մոսկովյան իրադարձություններին հետեւող հայաստանցիներն էլ մտորելու առիթ ունեն», - ընդգծված է «Երկիր»-ում։ - «Երեք տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցած ահաբեկչությունը քիչ մնաց կործանման հասցներ մեր պետությանը։ Իսկ այսօր որքանո՞վ ենք ավելի պաշտպանված, քան երեք տարի առաջ էր»։ Այսօր էլ ազգային անվտանգության դիտանկյունից ամենատարրական խնդիրների դիտանկյունից, մեզանում ամեն ինչ չէ, որ բարվոք է. - «Հետեւաբար, թաղապետի ու ավագանու, խորհրդարանի պատգամավորի ու նախագահի ընտրություններից զատ պիտի մտահոգվենք այնպիսի խնդիրներով, որոնց արդյունավետ լուծմամբ է պայմանավորված ցանկացած իշխանության իմաստն ու բովանդակությունը»։ «Երկիր»-ի մեկնաբանի մատուցմամբ, «Հոկտեմբերի 27»-ը այսօր էլ շարունակվում է այն իմաստով, որ դարձել է մեր հասարակական, քաղաքական կյանքի ուղեկիցը, եւ ինքն է արդեն որոշակիորեն վերածվել մեր միջավայրում առկա բազում ախտերը բացահայտողի։ «Հոկտեմբերի 27-ը բացահայտեց եւ բացահայտում է նախ եւ առաջ այն իրողությունը, որ մեզանում առկա պետական, քաղաքական ու հասարակական համակարգերի կայացածության մասին ոգեշունչ խոսակցությունները չափազանցված են», - գրում է մեկնաբանը։ - «Հոկտեմբերի 27-ը հավակնում է վերածվելու մեր պետության կյանքն ուղղորդելու գործուն միջոցի։ Ոմանք արդեն ծրագրեր են մշակել «27»-ը առաջիկա ընտրություններում լավագույնս օգտագործելու մասին»։

«Սադրանքների ու շահարկումների 3 տարի» վերնագրի տակ «Իրավունք» թերթը խտացրել է. «Այս տարիները բացահայտեցին մարդկանց, ովքեր ամեն ինչ, ինչ որ կարող էին, արեցին, որպեսզի առավելագույն օգուտներ քաղեն, ընդ որում՝ գործի ընթացքը շեղելու գնով»: Իսկ «Հայոց Աշխարհ»-ի անդրադարձում շեշտված է. «Սարսափելի ողբերգությունից ու ահաբեկչությունից երեք տարի անց դարձյալ պնդել, թե այն հիմա էլ շարունակվում է, միայն հիվանդ երեւակայությունը կարող է հուշել... Որեւէ հասարակություն չի կարող 3 կամ 13 տարի պատանդի կարգավիճակում մնալ, ֆիզիկապես ու հոգեբանորեն կախյալություն պահպանել՝ կատարված այս կան այն ահավոր աղետով ու դրա հետեւանքներով պայմանավորել իր կենսակերպը»: «Հայոց Աշխարհ»-ը ձեւակերպել է. «Հասարակությունը իսկզբանե մերժեց եւ անտարբեր դարձավ այն «27»-ի հանդեպ, որը հաշված ամիսների ընթացքում վերածեցին քաղաքական խաղաքարտի, ինչը ամենեւին չի առնչվում բուն ողբերգությանը: Հենց սա է, որ շփոթում են»:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը «Օրրան»-ի թղթակցին ասել է. - «Վիրավորական է, որ արդեն երրորդ տարին է լրանում, բայց այդ ստահակների դատավճիռը դեռ չի կայացվել: Այս փաստը խոսուն վկայությունն է, որ ինչ-որ բան դեռ երկրում չի փոխվել եւ ինչ-որ բան դեռ այն չէ: Մինչեւ դատավճիռը չկայացվի, մեջներիցս էս ցավը դուրս չի գալու»: Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հայացքով՝ «փոքրիկ տեղատվությամբ կարողացանք ուշքի գալ եւ շարունակվել»: Նա եւս հուսով է, որ արդար դատավճռից հետո ամեն բան իր տեղը կընկնի: Լրագրողի հետ զրուցած մի քանի այլ նախարարներ էլ բանաձեւում են, որ երկրում նկատվող կայունացման միտումը «27»-ը հաղթահարելու առաջին դրսեւորումն է:

Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրությունը, ինչպես «Հայկական ժամանակ» թերթն է նշել, ըստ էության ոչ մի հարցի չպատասխանելով՝ է'լ ավելի կաշխուժացնի Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու շուրջ քննարկումները: Եվ ամեն դեպքում, այդ «հաղորդագրությունը վկայում է, որ առաջին նախագահն անտարբեր չէ քաղաքական գործընթացների նկատմամբ»: «Երկիր» թերթի մեկնաբանը միանգամայն տեսանելի է համարում Բորիս Ելցինի հայտարարության այսօրինակ «հերքման» տրամաբանությունը եւ նպատակը՝ հետեւյալ առումով. «Գաղտնիք չէ, որ նախկին նախագահի թեկնածությունն առաջադրել-չառաջադրելու խնդիրը որոշ քաղաքական շրջանակների համար (թե' ներքին, թե' արտաքին) ոչ այնքան ռազմավարական, որքան մարտավարական նշանակություն ունի: Դա թույլ է տալիս որոշակիորեն «խաղի մեջ» մնալ վաղուց արդեն խաղից դուրս հայտնված որոշ ուժերի՝ դրանով իսկ նրանց կշիռ հաղորդելով եւ օգտագործելով միանգամայն որոշակի նպատակներով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG