Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է. - «Վրդովմունքով իմացա Մոսկվայում ահաբեկիչների կողմից բազմաթիվ պատանդներ վերցնելու մասին լուրը: Հայաստանում մեծ անհանգստությամբ են հետեւում իրադարձությունների զարգացմանը եւ հուսով են, որ այս իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում կստանա եւ պատանդներնը կվերադառնան իրենց ընտանիքների ու հարազատների մոտ»:
Նախագահի ուղերձում նշվում է, որ ահաբեկչական գործողություններն ուղղված են ոչ միայն Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, այլ նաեւ՝ միջազգային ողջ հանրության համար վախի մթնոլորտի ստեղծմանը: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք եւ պետք է հաղթահարենք ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսեւորումներով», - Ռուսաստանի նախագահին գրել է Ռոբերտ Քոչարյանը:
Ազգային ժողովի պատգամավորները ահաբեկչության վերաբերյալ կտրուկ կամ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնում, թե Ռուսաստանը արդյո՞ք երեկ երեկոյան Մոսկվայի համերգասրահներից մեկում սկսված ու մինչեւ այժմ շարունակվող ահաբեկչությունից հետո պետք է փոխի իր քաղաքականությունը Չեչնյայի հանդեպ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, օրինակ, ասաց, թե դա Ռուսաստանի գործն է: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետն է, թե Ռուսաստանը պետք է ավելի վճռական լինի «լուծումների տեսակետից»:
Մոսկվայում գիշերվանից հնչող ամենահրատապ ու դրամատիկ հարցի առնչությամբ, թե գրոհո՞վ անձնատուր անել ահաբեկիչներին, թե՞ բանակցություններով, խորհրդարանականները միաձայն էին: «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի անմեղ զոհեր չլինեն», - ասաց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունից Աղասի Արշակյանը:
1999֊ի հոկտեմբերի 27֊-ի լույս 28֊ի գիշերը պատանդի կարգավիճակում էին Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները, եւ իրենք էլ առաջին ժամերին խոսափողերից կոչ էին անում գրոհ չձեռնարկել: Աղվան Վարդանյանն ավելացրեց, թե հետո գիտակցեցին, որ «որեւէ գրոհ կամ որեւէ այլ գործողություն հանկարծ կարող է իսկապես մեծ արյունահեղության հանգեցնել»: Նման քայլի չդիմելը, ըստ Վարդանյանի, «ինչ-որ առումով քաղաքական որոշում էր»:
«Եթե պատանդների հետ հանկարծ ինչ-ոչ բան տեղի ունեցավ, ապա, իհարկե, կարող են լինել հակագործողություններ: Կարող են լինել նաեւ որոշակի բռնարարքներ կովկասցիների նկատմամբ», - ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: - «Այս իրադարձությունը շատ կոնկրետ հասցեատեր ունի: Այսինքն, սա կապված է Չեչնյայի իրադարձությունների հետ: Եվ բնականաբար, չեմ կարծում, որ սա առիթ տա լայնամասշտաբ հակակովկասյան գործողությունների»:
Երկար տարիներ Ռուսաստանում բնակված պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Ստեփան Զաքարյանը (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), ռուսաստանցի հայերին այս առիթով սպառնացող ռեալ վտանգ, այնուամենայնիվ, տեսնում են:
Զաքարյանը նաեւ նշեց, որ մոսկովյան այս ահաբեկչությունը մի անգամ եւս ապացուցում է, «որ ահաբեկչության հանդեպ չի կարելի ցուցաբերել որեւէ ներողամտություն, ահաբեկիչների հանդեպ՝ առավել եւս»:
Ռուզան Խաչատրյան, Երեւան