Մատչելիության հղումներ

Տնտեսություն աճը անցած 9 ամիսներին կազմել է 11 տոկոս





Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր հայտարարեց, որ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 11 տոկոսով: Նրա կանխատեսմամբ, աճի այս մակարդակը կպահպանվի մինչեւ տարեվերջ։

Նկատենք, որ մեր տնտեսությունն աճում է ի հեճուկս հեղինակավոր միջազգային կառույցների ոչ այնքան բարենպաստ կանխատեսումների։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, օրինակ, այս տարի մեր տնտեսությունը լավագույն դեպքում կարող է աճել 7,5 տոկոսով, հաջորդ տարի ընդամենը՝ 6 տոկոսով։

Ըստ Ճշմարիտյանի, բարձր տնտեսական աճը առաջին հերթին երկրի ներքաղաքական կայունության հետեւանք է, ինչը նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության ներդաշնակ աշխատանքով է պայմանավորված։ Բարձր տնտեսական աճի մեջ, պարզվում է ներդրում ունեն նաեւ կուսակցությունները:

«Ամբողջ աշխատանքը եւ ներքին քաղաքական կայունությունը պայմանավորված է հիմնականում քաղաքական ուժերի այսօրվա դասավորվածությամբ եւ դրանց կողմից այնպիսի քաղաքականության վարմամբ, որը այսօր թույլ է տալիս պահպանել այդ ներքին կայունությունը», - ասաց Ճշմարիտյանը՝ շեշտելով Հայաստանի հանրապետական կուսակցության դերը:

Իսկ քաղաքական պայմաններից զատ, ինչո՞վ է բացատրվում 11 տոկոսանոց տնտեսական աճը։ «Առաջին հերթին արդյունաբերական արտադրանքի աճով», - պատասխանեց Կարեն Ճշմարիտյանը՝ վստահեցնելով, թե 9 ամիսների ընթացքում այս ոլորտի արտադրանքն աճել է շուրջ 23 տոկոսով: Հատկապես աճել են արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արտադրանքն արտահանվում է: Արդյունաբերական աճի հիմնական մասը ապահովել են լեռնամետալուրգիական եւ ադամանդագործական ձեռնարկությունները:

Տնտեսական աճի առյուծի բաժինը այս տարվա 9 ամսիներին ապահովվել է հիմնականում կապիտալ շինարարության հաշվին. այս բնագավառն աճել է ավելի քան 33 տոկոսով։ Անցյալ տարի էլ տնտեսական աճի հիմնական մասը ձեռք էր բերվել հենց այս ոլորտի հաշվին։ Որոշ փորձագետներ դա բացատրում էին հատկապես քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությամբ պայմանավորված հյուրանոցաշինությամբ եւ եկեղեցաշինությամբ։ Իսկ այս տարի անշուշտ, շինարարական ներդրումների զգալի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին։

Նախարարի խոսքերով, տնտեսութան աճն ուղեկցվել է արտահանման 46 տոկոսանոց աճով, ընդ որում, այս տարվա 9 ամսվա արտահանման ծավալները 12 միլիոն դոլարով գերազանցում են ամբողջ անցյալ տարվա ցուցանիշը։ Արտահանման ծավալի մեկ երրորդը վերստին մշակված ադամանդներն ու ոսկերչական արտադրանքն է։

Ճշմարիտյանը ասաց, թե բարձր տնտեսական աճը հանգեցրել է շուրջ 32 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանը, ու, եթե այսպես շարունակվի, տարեվերջին մեզ կասեն, որ առնվազն 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել։

Արտասահմանից փոխանցվող մասնավոր դրամական օգնությունները, նախարարի տեղեկացմամբ, այժմ մոտավորապես հասել են 1998 թվականի ռուսական ճգնաժամի նախօրեի փոխանցումների մակարդակին, ու ամսական կազմում են 22-27 միլիոն դոլար: Սակայն, դրանք հետզհետե նվազման միտում ունեն, ինչը, նախարարի համոզմամբ, օրինաչափ է.

«Սա օբյեկտիվ պրոցես է», - ասաց Ճշմարիտյանը: - «Եվ տնտեսության զարգացման հետ մեկտեղ անպայման այս տրանսֆերտների քանակը պակասելու է»:

Ճշմարիտյանը խիստ լավատես է. նա վստահեցնում է, որ հաջորդ տարի եւս տնտեսական աճի այս տարվա տեմպերը կպահպանվեն, չնայած հաջորդ տարի կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին. - «Այս երեք տարիների ընթացքում այնպիսի բազա է ստեղծվել, եւ մասնավոր հատվածը այնքան է ներգրավված տնտեսության մեջ, որ հանրապետության նախագահի ընտրությունները, իրոք հանդիսանալով էական գործոն, չեն կարող այդպիսի մեծ ազդեցություն ունենալ տնտեսության աճի վրա»:

Նախարարը կրկին վստահեցրեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կանդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: «Մենք հիմա ավելի լիբերալ տնտեսություն եւ օրենսդրություն ունենք, քան այն պայմաններն են, որով մենք ընդունվում ենք ԱՀԿ»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG