Մատչելիության հղումներ




Հակառակ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հավաստիացումների, թե անցած կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) առաջադրած 220 համայանքապետի թեկնածուներից 205-ը հաղթել են, ՀԿԿ փոխնախագահ, Ազգային ժողովի փոխխոսանակ Տիգրան Թորոսյանը այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե իրականում հանրապետականներից համայնքապետ են ընտրվել մոտ 170-180-ը:

Թորոսյանի փոխանցած թիվն էլ տպավորիչ է, եւ հայաստանյան մամուլում քանիցս արժանացել է «ջախջախիչ հաղթանակ» բնորոշման:

«Պիտի խնդրեմ, որ մեր հաջողության վերաբերյալ «ջախջախիչ» բառը, եթե հնարավոր է, քիչ օգտագործեք», - լրագրողներին դիմեց Թորոսյանը՝ ավելացնելով, որ դա «խանդ է առաջացնում, որը տեղին չէ»:

Տիգրան Թորոսյանը ընդգծեց, թե ՀՀԿ-ի ստացած քվեները իրականում չեն արտացոլում կուսակցության ունեցած տոկոսները, այսինքն՝ ՀՀԿ-ն 80-90 տոկոս վարկանիշ չունի: Ասվածը փաստարկվեց, թե տեղական ինքնակառավարման ընտրություններում շատ թույլ են արտահայտվում քաղաքական մրցակցության տարրերը: Տեղերում ազդեցիկ են այլ հարաբերություններ, որոնք միավորում են նույնիսկ հակոտնյա քաղաքական դիրքերից հանդես եկողներին:

Թորոսյանը անպատասխան թողեց «Հայկական ժամանակ»-ի թղթակիցի հարցը, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, «համաժողովրդական սիրո արժանացած կուսակցությունը նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով՝ ժողովրդին հուսախաբ չանելու համար»՝ պատճառաբանելով հարցի անպարկեշտ ձեւակերպումը:

«Երբ մարդիկ կամ լրատվամիջոցները կամ լրատվամիջոցների ղեկավարները անցնում են պարկեշտության սահմանները, ես նման մարդկանց չեմ պատասխանում», - ասաց Թորոսյանը:

Թե ում թեկնածությունը կպաշտպանի ՀՀԿ-ն, վերջնականապես պարզ կդառնա նոյեմբերին անցկացվելիք համագումարում: Արդեն հիմա էլ, սակայն, Տիգրան Թորոսյանը ասաց, թե նախագահի թեկնածուի հարցում կուսակցությունը տեսակետը չի փոխել: Իսկ կուսակցության տեսակետը այս հարցում մի քանի առիթներով հնչեցրել է վարչապետ եւ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը՝ տալով Ռոբերտ Քոչարյանի անունը:

Այսօր էլ Ազգային ժողովում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իր ղեկավարած կուսակցության այսպիսի հաղթանակից հետո նախագահական ընտրություններում իրենք կարող են մարտահրավեր նետել նախագահ Քոչարյանին, Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Այդպիսի խնդիր գոյություն չունի: Վարչապետը, որ երրորդ տարին է աշխատում է հանրապետություն նախագահի հետ, եւ այսօրվա կայունության ու տնտեսական առաջընթացի գրավականը եղել է այդ համատեղ աշխատանքը, չի կարող ինչ-որ մի ընտրությունների հետեւանքով այդ ամբողջ պայմանավորվածությունները, մոտեցումները խախտվեն»:

Ավելին՝ Անդրանիկ Մարգարյանը շարունակեց. - «Ես չէի ասի, որ ընտրությունները դա միայն Հանրապետական կուսակցության հաղթանակն է: Կուսակցության թեկնածուների երբ որ տեղերում մեր գործունեության մասին խոսում էին, ապա դա հավասարաչափ նաեւ վերաբերում էր նախագահի քաղաքականությանը: Այս հաղթանակը կիսում է նաեւ նախագահը»:

Ապագա խորհրդարանական ընտրություներում Տիգրան Թորոսյանը մրցակից է համարում բոլոր ուժերին, որոնք ունակ են հաղթահարել 5 տոկոսի շեմը: Իսկ այդպիսիք կան ե'ւ իշխանական, ե'ւ ընդդիմադիր դաշտում: Ինչ վերաբերում է դաշինքով խորհրդարանական ընտրությունների մասնակցելու նպատակահարմարությանը, ապա, Տիգրան Թորոսյանի խոսքերով, կուսակցությունը «գոնե առայժմ դաշինք կազմելու անհրաժեշտություն չի տեսնում»:


Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG