Մատչելիության հղումներ

Վիրավորված լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում





Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում պայթյունից վնասվածքներ ստացած ու հիվանդանոց տեղափոխված լրագրող Մարկ Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հարուցված քրեական գործը վարում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հիվանդանոցից հեռախոսով պատմեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը, ինքը պատրաստվում էր հանդիպել արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի հետ՝ զրուցելու «Հոկտեմբերի 27»-ի դատավարության որոշ խնդիրների վերաբերյալ: Գրիգորյանը բրիտանական լրատվամիջոցներից մեկի համար հոդված է պատրաստում «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության վերաբերյալ:

«Հանկարծ փողոցում շարժում նկատեցի հետեւիցս, ու մի բան սահելով անցավ ոտքերիս տակ», - ասաց Մարկ Գրիգորյանը: - «Մի փոքր պայթյուն կար շարժումից անմիջապես հետո, իսկ հետո՝ մեծ պայթյուն»:

Գրիգորյանը չի նկատել թե ինչ է պայթել, միայն նկատել է ճերմակ անդրավարտիքով մեկի՝ն փախչելիս: Դեմքը չի տեսել:

Դեպքից անմիջապես հետո զանգահարել է Արա Սաղաթելյանին, հայտնել է կատարվածի մասին եւ խնդրել է, որ իր վաղեմի բարեկամը եւ արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հետեւի գործի բացահայտմանը:

Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ Հովհաննես Սարկավագյանի վկայությամբ, հիվանդի վիճակը լավ է, վիրահատության անհրաժեշտություն չկա: Բացի դեմքից, վնասվել էր նաեւ Գրիգորյանի որովայնը, կրծքավանդակը, թոքում օտար մարմին է հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ՝ պայթուցիկ զենքի բեկոր: Բեկորներից վնասվել է նաեւ այդ պահին փողոցով ընթացող մի ավտոմեքենա:

Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին կրկնեց երեկ մի շարք այլ լրատվամիջոցներին ասածը, թե, իր կարծիքով, տեղի ունեցածը կարող է կապված լինել «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ, քանի որ ինքը հոդված էր գրում ահաբեկչության մասին՝ ավելացնելով, որ իր նպատակն էր վերլուծել գործի ընթացքը երեք տարի անց: Իսկ անցկացրած հարցազրույցների ժամանակ որեւէ փաստ ձեռք չի բերել, որը կարող էր մահափորձ կատարելու պատճառ դառնալ:

«Ես պետք է գրեի ընդհանուր բաներ, ներկայացնելու էի որոշ մարդկանց գնահատականներ, սրբորեն պահպանելով լրագրության բոլոր կանոնները եւ բազմակողմանիությունը», - ասաց Գրիգորյանը:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Քննությունն իրականացնում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը: Դատախազի ավագ օգնական Սերգեյ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել: Դեռեւս պարզված չէ, թե կոնկրետ ինչ պայթուցիկ զենք է օգտագործվել՝ ինքնաշեն, թե գործարանային: Կան մի քանի վարկածներ, որոնց ուղղությամբ մանրամասն քննություն է իրականացվում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG