Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր ընդգծված է հետեւյալ ուշագրավ միտքը. - «Եթե կարողանում ենք զգալ պատերազմում հաղթանակի քաղցրությունը, պիտի նաեւ խաղաղ ժամանակներում՝ տվյալ դեպքում ընտրություններում, արժանապատիվ պարտվել կարողանալ: Երկու դեպքն էլ նշանակում է, որ հասարակությունը առողջ հոգեբանություն ունի, ինչը շատ կարեւոր է պետության կայուն զարգացում ապահովելու համար»: «Օրրան» թերթի հետընտրական մտորումները ավելի ուղղված են հայ ընտրողներին: «Վերջապես՝ ժողովրդի համար պարզ ու հստակ պիտի լինի մի շատ հասարակ բան. ժողովուրդն ընտրություն ասված քվեարկությանը մասնակցելու է վճռակա՞ն ձայնի իրավունքով,. թե՞ իբրեւ դամքաշ, թնդանոթի միս, միայն մասսայական տեսարաններ գոյացնելու համար», - այլընտրանքն է ձեւակերպում «Օրրան»-ը՝ շեշտելով նաեւ, որ ի վերջո Հայաստանը աշխարհում միայն մեր հայրենիքն է, իսկ դրսինների համար միայն քաղաքական, տնտեսական, շուկայական տարածք է: «Այս երկրում նախագահ պիտի ընտրվի այս երկրի համար: Այս երկրում նախագահ պիտի ընտրի այս ժողովուրդը», - կարգախոսում է «Օրրան»-ը:

«Առավոտ» թերթը անդրադառնում է, որ իրականում ոչ թե հհշական, այլ իշխանական քարոզչամեքենան է վերջին տարիներին ՀՀՇ-ին եւ Տեր-Պետրոսյանին դարձրել քաղաքական լուրջ գործոն. - «Իր կառավարման 5 տարիներին Քոչարյանն արեց ամեն ինչ, որ ժողովուրդը չմոռանա ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանին՝ տեղի-անտեղի համեմատություններ անելով եւ նրանց «ռեւանշիստական» մտադրություններով բոլորին սարսափեցնելով»: Իշխանությունները այս ողջ ընթացքում հոգու խորքում «փայփայում էին միտքը, թե նախկին նախագահի վերադարձի մասին ակնարկները հանկարծ ու իրական կլինեն։ Որ Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում կցանկանա ուժերը չափել Քոչարյանի հետ։ Բայց քանի որ Հայաստանի նման երկրում պատահականություններ չեն լինում, միեւնույն է, բոլոր պարագաներում «կհաղթի» Քոչարյանը: Այ, դա կլիներ ընտրարշավի ցնցող վերջաբան: Իբր, ասում էինք, չէ՞, որ նախկիններն ուզում էին վերադառնալ, բայց ժողովուրդն ընտրեց մեզ։ Ու մենք նրանց դեմ եւս 5 տարի մեծ եռանդով կպայքարենք։ Իսկ այժմ քոչարյանական քարոզչամեքենան առանձնապես անելիք էլ չունի՝ Թռչունիչին կամ Արշակ Սադոյանին փնովելն առանձնապես հետաքրքիր զբաղմունք չէ», - ուրվագծում է «Առավոտ»-ի խմբագրականը: - «Այժմ Քոչարյանը ստիպված է ընտրությունների գնալ, ըստ էության, հպարտ մենությամբ։ Իսկ այստեղ, իրոք որ, տխրելու բան կա»։

Դառնալով ընդդիմադիրներին, «Հայոց Աշխարհ» թերթն իր հերթին մատնանշում է. «Արդեն բավականաչափ երկար ժամանակ է, ինչ համառ փորձեր են արվում ներշնչել հասարակությանը, թե իշխանության վերին օղակներում եւ իշխանությանն աջակցող ուժերի շրջանում ընթանում է տոտալ պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով»: Հիմա էլ՝ վերջին ընտրություններից հետո, եթե ոչ իշխանության թիմում պառակտում առաջացնելու, ապա գոնե հասարակության ներսում նման տպավորություն ստեղծելու համար, ասպարեզ է նետվում վարկածը, թե Հանրապետական կուսակցության, վարչապետ Մարգարյանի դիրքերի ամրապնդումը վտանգ է ստեղծում նախագահի համար: «Հայոց Աշխարհ»-ի որակմամբ, նման հնարքներով ընդդիմադիրները, ավելի քան համոզված գալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում իրենց անխուսափելի պարտության մեջ, փորձում են արդեն փաստորեն տանուլ տված խաղը տեղափոխել հակառակորդի կիսադաշտ՝ պատահական գոլ խփելու արկածախնդրական նպատակադրումով: «Հայկական ժամանակ» թերթի հայացքով էլ, մի շարք ընդդիմադիրների հրապարակային տեսակետները թույլ են տալիս պնդել, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը ու Քոչարյանը նորընծա ընդդիմադիրներին իշխանությունից չզրկեր, հիմա նրանք Քոչարյանին պաշտելիս կլինեին: «Այլապես, ինչո՞վ բացատրել, որ Հայաստանը բռնատիրական պետություն դարձնելու փորձերի մեջ Քոչարյանին մեղադրող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հիացական խոսքեր են ասում Իրաքի բռնակալ Սադամ Հուսեյնի մասին», - հարց է դրել «Հայկական ժամանակ»-ը՝ ակնարկելով. - «Հանրապետություն» կուսակցության անդամ Ղուկաս Ուլիխանյանը պարզապես չի հասկանում, որ ինքը Սադամին գովելով՝ չի կարող հոկտեմբերի 27-ի բացահայտում պահանջել, որովհետեւ Սադամն էլ իր երկրում հեգեմոնիայի է հասել մի քանի տասնյակ չբացահայտված հոկտեմբերի 27-երի միջոցով»:

«Այս մաղձը, իրար չհանդուրժելու այս որոմը մեզանում նոր չէ», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ վկայակոչելով դեռ Խորենացու «չարափառություն» բնորոշումը: Ինչ վերաբերում է վերջին անցուդարձին, Լեւոն Անանյանի տպավորությունը այսպիսին է. - «Այսօր մեր հասարակությունը պատրաստ չէ ազնիվ, արդար ընտրություններ անցկացնելուն: Եթե հասարակությունը ամեն անգամ ընտրության գնալով կանխավ գիտի, որ անում է սխալ ընտրություն՝ վաճառելով իր քվեն, ուրեմն արժանի է նրանց, ում ընտրում է: Առայժմ փակ շրջան է, որից սպասելիքներ չունեմ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG