Մատչելիության հղումներ

Իշխանամետ կուսակցությունները գոհ են անցած քվեարկության նախնական արդյունքներից





Երեկ Հայաստանի շուրջ 650 բնակավայրերում կայացած տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների նախնական արդյունքներով իշխող ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն) ջախջախիչ հաղթանակ է տարել: Ընտրությունների արդյունքները բավարար է համարում նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), որը հանրապետականներից հետո ամենաշատ թեկնածուներ էր առաջադրել:

Երեկ կայացած ընտրություններն աչքի ընկան ժողովրդի ակտիվ մասնակցությամբ. նախնական տվյալներով, միջին մասնակցությունը կազմել 46 տոկոս, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ՝ 1999 թվականի ընտրություններին մասնակցել էր ընտրողների 28 տոկոսը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կուսակցության առաջադրած 220 թեկնածուներից, ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, 205-ը ընտրվել է համայնքապետ: Ըստ ՀՀԿ նախընտրական շտաբի նախնական տվյալների, 37 քաղաքներից 17-ում քաղաքապետ են ընտրվել իրենց կուսակիցները, եւս 13-ում հաղթել են հանրապետականների պաշտպանած անկուսակցական թեկնածուները:

Գալուստ Սահակյանի գնահատմամբ, անցած ընտրությունները բացառիկ էին, քանի որ «մինչեւ այսօր չի գրանցվել որեւէ ընտրախախտում, կամ որեւէ լարված իրավիճակ որեւէ տեղամասում կամ ընդհանրապես տարածքում»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւս այսօր լուրջ խախտումների մասին որեւէ տեղեկատվություն առայժմ չկա:

Մայրաքաղաքի համայնքներում նույնպես հաղթողներ կան հանրապետականներից կամ նրանց պաշտպանած թեկնածուներից: Նախնական տվյալներով, Կենտրոն համայնքում, օրինակ Արարատ Զուրաբյանը տանուլ է տվել Գագիկ Բեգլարյանին, Արաբկիրում հաղթել է Լեւոն Հարությունյանը: Եթե հաշվի առնենք, որ մինչ այս տեղերում անցկացված ընտրություններում եւս հանրապետականները լուրջ հաջողությունների էին հասել, ակնհայտ է դառնում, որ կուսակցությունը տեղերում ամրապնդում է դիրքերը:

ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը, գոհունակություն հայտնելով ընտրությունների արդյունքներով, ասաց, թե տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների համեմատությամբ այս ընտրությունները անցել են «բավականին նորմալ, արդար, թափանցիկ, օրինականության սահմաններում»:

Նրա խոսքերով, ՀՀԿ-ն այս արդյունքներին հասել է՝ առանց օգտագործելու իշխանական լծակներն ու վարչական ռեսուրսները՝ «հասկանալով, որ դրանք կարող են տալ միայն ժամանակավոր էֆեկտ»: «Իսկ մենք ժամանակավոր խնդիրներ չենք ուզում լուծած լինել», - ասաց Նիկոյանը: Այսպիսով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն ձգտում է ամրապնդվել տեղերում: Ապագայում նրանք լուրջ մտադրություններ ունեն. տեղական մարմինների ղեկավարների շուրջ կհամախմբվեն կուսակցության տեղական կառույցները, եւ գալիք համապետական ընտրություններում հանրապետականները բավականին մեծ ռեսուրսներ կունենան: «Բնական է ընտրությունների [նախագահական եւ խորհրդարանական] ժամանակ այդ կառույցները կաշխատեն», - ասաց Նիկոյանը:

Դաշնակցությունը տպավորիչ հաղթանակներ չունի. թեկնածուներ ուներ 3 քաղաքներում՝ Կապանում, Վարդենիսում եւ Բերդում: Երեքում էլ պարտվեց: Գյումրիում եւ Աշտարակում ՀՅԴ-ի թեկնածունեն դեռ ընտրարշավի ժամանակ էին ինքնաբացարկ հայտնել:

Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ն համայնքի ղեկավարի 70 թեկնածու էր առաջադրվել: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի խոսքերով, առաջադրվածների մեծ մասը հաջողության է հասել՝ «համայնքապետեր, ավագանու անդամներ, եւ այս առումով նոր ներկայություն է եւ մեծ ներկայություն է ամբողջ Հայաստանի տարածքում»:

«Ընտրությունների արդյունքերից գոհ ենք, որովհետեւ ամեն ինչ ճիշտ է համեմատության մեջ», - ասաց Գեղամ Մանուկյանը: Տեղական ինքնակառավարման մարմիների 1996 եւ 1999 թվականների ընտրություններին կուսակցությունը շատ ավելի փոքր ուժերով էր մասնակցել, իսկ այս անգամ «ծավալները եւ աշխարհագրությունը մեծացավ, ընդլայնվեց», եւ ընտրությունների ընթացքը, նրա ձեւակերպմամբ, «շատ ավելի դրական տոնայնություն ուներ, շատ ավել նորմալ պայքար ընթացավ»:

Որպես բացասական միտում Մանուկյանը նշեց այն, որ շատ կուսակցությունների պասսիվ մասնակցության պատճառով, «նորից շատ-շատ տեղերում դաշտը թողնվեց թաղային հեղինակություններին, փողին եւ լծակ ունեցող իշխանավորներին»:


ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախընտրական շտաբի պատասխանատու Ալեքսանդր Բուտաեւը իր կուսակցության պասսիվությունը բացատրեց հետեւյալ կերպ՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում միանգամայն ուրիշ մեխանիզմներ են աշխատում: «Ծանոթ, բարեկամ, փող», - ասաց նա: - «Եվ բացարձակապես գաղափարը չի աշխատում»: Նրա խոսքերով, ընտրական համակարգը որեւէ դրական փոփոխություն չի կրել:

Ընտրությունների ընթացքը քննադատեցին նաեւ «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունները ամենամեծ աղմուկն էին հարուցել: Առաջադրված 6 թեկնածուներից հիմնական մրցակցությունը ծավալվեց գործող թաղախետ, ՀՀՇ-ի գործիչներից Արարատ Զուրաբյանի եւ անկուսակցական, ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Գագիկ Բեգլարյանի միջեւ: Ընտրողների 40 տոկոսի մասնակցության պայմաններում Բեգլարյանը հավաքել է շուրջ 22 հազար ձայն, իսկ Զուրաբյանը՝ 11 հազարից քիչ ավելի: Տեղին է հիշեցնել, որ 1999 թվականին Արարատ Զուրաբյանը Կենտրոնի թաղապետ էր ընտրվել՝ ունենալով ընդամենը 7 հազար ձայն (քվեարկությանը այն ժամանակ մասնակցել էր ընտրողների 10 տոկոսից քիչ ավելին):

Զուրաբյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Հայոցյանի խոսքերով, ընդդիմադիրները, ընտրական հանձնաժողովներում անդամներ չունենալով, չեն կարող մրցակցել իշխանության թեկնածուների հետ: Ըստ նրա, բողոքելն անգամ անիմաստ է:

Հայոցյանը կասկածի տակ առավ, թե Բեգլարյանը այդքան ձայն է հավաքել: «Նման բան չէր կարող լինել», - ասաց նա՝ փաստարկելով. - «Եթե մարդ կարող է Կենտրոնում նման ձայն հավաքել, նա ազատ կարող է նախագահի թեկնածու առաջադրվել»: Նա հիշեցրեց, թե մոտավորապես նույնքան ձայն էր ստացել Կենտրոն համայնքում Ռոբերտ Քոչարյանը 1998-ի նախագահական ընտրություններում:

Հայոցյանը չցանկացավ մանրամասնել իրենց արձանագրած խախտումները՝ այդուհանդերձ, ասելով, թե իրենք վստահ են, որ Կենտրոնում քվեարկել են Էջմիածնի, Բաղրամյանի, Բերդաձորի բնակիչներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԺՄ-ն (Ազգային ժողովրդավարական միություն) ներկայացնող Պավել Եդիգարյանը չցանկացավ իր կուսակցության արդյունքների մասին խոսել՝ նշելով, թե վերջնական տվյալներ չունի: Լավատեսորեն, սակայն, չէր տրամադրված: Նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «ընդդիմադիր կուսակցությունը Հայաստանի պայմաններում երբեք արդյունք չի ցույց տալու»: Ընտրակաշառքները, ըստ նրա, մեծ դեր խաղացին, ինչին ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

Այսօր լրագրողներին իրենց նախնական տպավորությունը փոխանցեցին Եվրախորհրդի դիտորդները: Նրանց տեսանկյունից, նկատելի է միջազգային չափանիշներին համապատասխանելու կամքը: «Այս ընտրությունները կարեւոր փուլ են Հայաստանի՝ տեղական մակարդակում դեմոկրատական ինստիտուտների համախմբման եւ ուժեղացման գործընթացում», - արձանագրել են նրանք:

Ընտրությունները հիմնականում հավասարակշռված էին եւ հանգիստ, լուրջ խնդիրների մասին տեղեկություններ ստացվել են միայն մի քանի ընտրատեղամասերից: Ընտրացուցակները, ըստ դիտորդների, նախորդ ընտրությունների համեմատությամբ բավականին շտկումներ էին կրել: Ճնշումներ են եղել առանձին դեպքերում, ոստիկանության ներկայությունը եւս ինչ-ինչ կասկածների տեղիք է տվել եւ անհրաժեշտ է, որ ոստիկանների մասնակցությունը ընտրություններին հստակեցվի օրենքով:

«Մենք ափսոսում ենք, որ այս անգամ էլ տեղական մարմինների ընտրություներից դուրս մնաց Երեւանի քաղաքապետի ընտրությունը», - նշեց դիտորդական առաքելության ղեկավար Քրիստոֆեր Նյուբերին:


Հրաչ Մելքումյան, Շաքե Ավոյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG