Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանում միակ նախընտրական տեխնոլոգիան ընտրակաշառք բաժանելն է», - սահմանում է «Առավոտ» թերթը եւ գնահատում. - «Այս առումով թեկնածուներն իսկապես դրսեւորեցին երեւակայության աննախադեպ թռիչք՝ անցում կատարելով պարզունակ հացից ու սոլյարկայից դեպի լուրջ բարեգործական ակցիաներ: Այսպես, օրինակ, նշվեց Գիտելիքների օրը կամ Ուսուցչի տոնը»: Ընդհանուր առմամբ, «Առավոտ»-ի հայացքով, տեղական իշխանավորները արդեն ձեւեր չեն էլ թափում, իբր ընտրվում են՝ օգնելու համար մեզ՝ ինքնակառավարումն իրականացնելու գործում: Նրանք պարզապես փողով գնում են մեզանից իշխանությունը՝ հետագայում հույս ունենալով այդ ծախսերի տեղը հանել: «Ի տարբերություն առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, այս ընտրությունները կարող են քիչ թե շատ հանգիստ անցնել», - եզրափակել է խմբագրականը: - «Լուրջ խաղը դեռ առջեւում է»:

«Օրրան» թերթի դիտարկմամբ, հիմա մեզանում սոխի ընտրությունը, «սոխի ջոկջկելը ավելի կենսական ու կարեւոր է թվում այս խորացող աշնանը՝ ձմեռնամուտից առաջ, քան համայնքապետի ընտրությունը»: Իսկ բացատրությունը հետեւյալն է. «Ընտրողն այդպես ծուլորեն, չուզենալով ու մոռանալով է ներկայանում ընտրությանը, որովհետեւ դրա մեջ նա անխիղճ ու անբարո բան է տեսնում, խաբս ու աճպարարություն է տեսնում: Եվ, բնականաբար, վիրավորվում է: Եվ, ի պատասխան այդ վիրավորանքի, արհամարհում է ընտրությունն էլ, ընտրվողին էլ: Մի բան, որի ելքը կանխորոշված է ու հայտնի, դառնում է խիստ անհետաքրքիր, նույնիսկ եթե Բրազիլիա - Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը լինի»:

«Օր» թերթն էլ ուրվագծել է. «Գործող իշխանությունը «ընտրություններ» կոչված կամպանիայի ընթացքում լայնորեն հենվում է նոմենկլատուրայի ավելի քան մեկ տասնյալ հազարանոց բանակի վրա: Իսկ բյուրոկրատիան իր հիմնական ծառայությունը «մատուցում է» ընտրակեղծիքների, ընտրացուցակների հետ արվող տարազան աճպարարությունների՝ ավելի ու ավելի հղկվող մեխանիզմների գործադրման միջոցով»: Սա, սակայն, ըստ թերթի, վաղ թե ուշ կործանելու է երկիրը:

ՀՀՇ նախընտրական շտաբի պետ Դավիթ Շահնազարյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում այսօր էլ պնդում է, թե Քոչարյանը «անգամ փոքրագույն շանս չունի ընտրություններում ձայն հավաքելու», «իշխանության բոլոր ռեսուրսները սպառված են», եւ որպես ապացույց մատնանշում է ներկա ընտրարշավը. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունը առաջադրել է բազմաթիվ թեկնածուներ, բայց նրանցից որեւէ մեկը բացահայտ չի հայտարարում, որ պաշտպանում է Քոչարյանին, իսկ իրենց ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, երբ չկա մամուլ, նրանք հրապարակավ քննադատում են Քոչարյանին: Այսինքն, այն խավը, որի վրա հույս է դրել Քոչարյանը, հրաշալի հասկանում է, որ այս ընտրություններում որեւէ շանս կարող է ունենալ միայն այդ դեպքում, եթե ձերբազատվի եւ սահմանազատվի Քոչարյանից»: Դավիթ Շահնազարյանի ընդգծմամբ, նման դաշինքները ոչ միայն օգտակար չեն, այլեւ էապես վնասում են քաղաքական դաշտին, «թե' Քոչարյանը եւ թե' այդ կեղծ ընդդիմությունը գտնվում են անընդունելի քաղաքական դաշտում, ու ծրագրերի մեջ որեւէ հակասություն պարզապես գոյություն չունի»: «Քոչարյանին հեռացնել ի վիճակի են միայն շարժման գաղափարախոսությունը կրող ուժերը եւ մասնավորապես՝ ՀՀՇ-ն՝ իր նախագահական թեկնածուով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով», - վստահեցնում է Շահնազարյանը:

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը «Առավոտ» թերթում այսօր ասում է. - «Գերագնահատվում է միասնական թեկնածուի կարեւորությունը: Ես երբեք չեմ խոսում միասնական թեկնածուի դեմ: Բայց միշտ շփոթում են 96-ի հետ եւ ասում են, թե միասնական թեկնածու էր, դրա համար հաղթեց: Սրանով երկու մեծ սխալ են անում: Առաջինը՝ շատ է գերագնահատվում ժողովրդի ցանկությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից ազատվելու: Այդպես չէր լինի, եթե դիմացը չլիներ այլընտրանքը, որպես կերպար, որպես ծրագիր, նաեւ՝ հետեւը կանգնած ուժ»: «Եթե հիմա 16 կամ 56 կուսակցություն միասնական քվեարկեն եւ ինչ-որ Պողոս Պետրոսյանի հայտարարեն միասնական թեկնածու, որեւէ ժողովրդական պոռթկում չի լինի... Պետք է նվաճել միասնական թեկնածու անվանվելու իրավունքը, ոչ թե ինտրիգների միջոցով 16 կամ 56 կուսակցության ներսում հասնել նրան, որ քեզ կողմ լինեն», - շեշտում է Վազգեն Մանուկյանը:

Հայկոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի համոզմամբ, անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ ընդդիմության ձայները չտրոհվեն: «Եթե միասնական թեկնածու չունենանք, մեր միասնական ընտրազանգվածը անկանխատեսելի ընտրություն կարող է կատարել», - նշում է նա «Հայոց Աշխարհ»-ում՝ նաեւ վստահ, որ միասնական թեկնածուն անպայման կլինի ռուսամետ: Կոմկուսի ղեկավարի պատկերմամբ, առաջիկա նախագահական ընտրություններում պայքարը ծավալվելու է երկու քաղաքական հզոր հոսանքների՝ ռուսամետների եւ արեւմտամետների միջեւ: Արեւմտամետները իշխանական ուժերն են: Այս առումով անդրադառնալով Ելցինի հայտարարությանը, Դարբինյանը ավելացրել է. - «Նա իր անձնական կարծիքն է հայտնել՝ նախընտրելի թեկնածուին մատնանշելով: Իհարկե, ռուսաստանյան իշխանությունները առաջիկա ընտրությունների ժամանակ կսատարեն ռուսամետ իշխանական թեկնածուին, սակայն առայժմ ո'չ Ռուսաստանի նախագահը, ո'չ էլ կառավարությունը կամ նրա ղեկավարը պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չեն հստակեցրել անձերի հարցում»: Արտաքին այս մասով, ի դեպ, Վազգեն Մանուկյանը «Առավոտ»-ում ընդգծել էր. - «Ինձ համար շատ երկրորդական է, թե ինչ կմտածի Ռուսաստանը, ԱՄՆ-ը, երբ մենք լուծում ենք մեր պետության ներքին հարցը: Եվ ինչքան մենք ինքնուրույն լուծենք, այնքան ավելի մեծ կշիռ կունենանք նաեւ այդ պետությունների մոտ»:

Մեր քաղաքական դաշտի եւ ընտրարշավի հնարավոր զարգացումների մասին խոսելով «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ամփոփել է. - «Հայաստանը շատ փոքր է անակնկալների համար: Բոլոր հավանական սցենարները կանխատեսելի են, քաղաքական դերակատարում ստանձնելու ունակ բոլոր գործիչները՝ հայտնի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG