Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն մեկնաբանում Ելցինի հայտարարությունը





Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատը հրաժարվում է մեկնաբանել Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի՝ երեկ մամուլի ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, թե Տեր-Պետրոսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2003 թվականի փետրվարի նախագահական ընտրություններում:

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից: Իսկ նախկին նախագահի խոսնակ Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Ես տեղյակ չեմ, թե Ելցինի հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը»:

Նախկին իշխանական կուսակցությունը՝ ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում) նույնպես գերադասում է լռել: Առանձին գործիչներ, այդուհանդերձ, կարծիքներ են հայտնում, թե Տեր-Պետրոսյանը դժվար թե նման բան ասած լիներ. եթե նման ցանկություն ունենար, անձամբ ինքը կասեր եւ ոչ թե Ելցինի միջոցով կփոխանցեր: Նման կարծիք հայտնեց, մասնավորապես, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով. - «Այն, ինչ արեց Ելցինը, էթիկայի տեսակետից ճիշտ չէր»:

Հերքող հայտարարությամբ, սակայն, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ նրա գրասենյակը գոնե առայժմ հանդես չի եկել:

Անդրադառնալով Բորիս Ելցինի հայտարարություններին (Ելցինը երեկ ասել էր նաեւ, թե առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը), ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հայաստանի նախագահին պետք է ընտրի Հայաստանի ժողովուրդը: Դա մասնավոր անձի ինչ-որ կարծիք էր, բայց կարեւորը հասարակ ժողովրդի կարծիքն է»:

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որն արդեն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, ասաց, թե Բորիս Ելցինը, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանին հորդորել է հետեւել իր օրինակին. - «Այն է՝ դեկտեմբեր ամսին հայտարարությամբ հանդես գա, աղերսի ժողովրդի ներողամտությունը եւ լքի քաղաքական ասպարեզը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Ալբերտ Բազեյանը անտարբեր է վերաբերում Բորիս Ելցինի հայտարարություններին: «Նրան [Ելցինին] հրավիրել էր իշխանությունը, եւ նա բացարձակապես տեղյակ չէ քաղաքական ուժերի տեսակետներին», - ասաց նա: - «Այնպես որ՝ առանձնապես չենք կարեւորում այդ հանգամանքը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG