Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյանը, հավանաբար, կառաջադրվի նախագահի թեկնածու





Նոյեմբերի 2-ին կայանալիք ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) արտահերթ համագումարում, ամենայն հավանականությամբ, 2003 թվականի փետրվարի նախագահական ընտրություններում կառաջադրվի կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը:

Համագումարից առաջ կուսակցության սկզբնական կազմակերպությունները կոնֆերանսներ են անցկացնում՝ ընտրում են համագումարի պատվիրակներին եւ առաջադրում նախագահի իրենց թեկնածուին: Տեղական կառույցներում մինչեւ հիմա անցկացված բոլոր կոնֆերանսներում նույն որոշումն է ընդունվել՝ նախագահի թեկնածու առաջադրել Ստեփան Դեմիրճյանին: Բնականաբար, նույնը կրկնվելու է կուսակցության համագումարում: «Այդ հարցը կքննարկի համագումարը եւ համապատասխան որոշում կկայացնի», - ասաց Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ ինքը կենթարկվի համագումարի որոշմանը:

Այսօր էլ Երեւանի Կենտրոն համայնքի ՀԺԿ կազմակերպության կոնֆերանսի ելույթներում ասվեց, թե անկախ նրանից, թե «16»-ի միավորումը ինչպիսի համաձայնության կգա միասնական թեկնածուի հարցում, կուսակցությունը արժանի թեկնածու ունի: Եվ կոնֆերանսը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը: Վերջինիս խոսքերով, ՀԺԿ-ն որպես «մասսայական եւ ծանրակշիռ կուսակցություն» չի կարող պասսիվ դերակատարություն ունենալ նախագահական ընտրություններում եւ պետք է արտահայտի իր հստակ տեսակետները:

Անդրադառնալով նախորդ՝ 1998 թվականի ընտրություններին, Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Բոլորս հիշում ենք, թե այդ ընտրությունները ինչպիսի կեղծիքներով ու խախտումներով անցան: Եւ եթե Կարեն Դեմիրճյանը ժամանակին չգնաց իրավիճակի սրման, դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է լկտիանան եւ մտածեն, թե ամեն անգամ նույնն է լինելու»:

«Մենք վճռականորեն պայքարելու ենք ընտրությունների իրական արդյունքները նենգափոխելու ցանկացած փորձի դեմ եւ չենք հանդուրժելու կեղծիքները», - հայտարարեց ՀԺԿ առաջնորդը: - «Ուղղակի բոլորիս պարտքն է կազմակերպվել եւ լինել գործնական, սթափ, վճռական եւ փոխել իրավիճակը այս երկրում»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG