Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնելու հոկտեմբերի 25-ին


Ընդդիմադիր 16 կուսակցությունների խորհրդի նիստում այսօր, ինչպես պաշտոնապես տեղեկացվեցին լրագրողները, քննարկումները հիմնականում ծավալվել են երկու հարցի շուրջ: Առաջինը՝ կապված 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի հետ, երկրորդը՝ ընդդիմադիր պատգամավորների անելիքները Ազգային ժողովի առաջիկա եռօրյայում:

«Մենք չենք ուզում, որ հոկտեմբերի 27-ին որեւէ ակցիա լինի», - լրագրողներին ասաց այսօրվա նիստի նախագահած ՀԺԿ-ական (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) Վարդան Մկրտչյանը՝ ավելացնելով, թե որոշվել է, որ «16»-ի հանրահավաքը եւ դրան հաջորդելիք երթը կկազմակերպվեն հոկտեմբերի 25-ին: Ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են իրենց կառույցների միջոցով թռուցիկներ տարածել եւ հանրությանը տեղեկացնել հրավիրվելիք հանրահավաքի մասին:

Քննարկված երկրորդ հիմնական հարցը Ազգային ժողովի առաջիկա եռօրյայում «16»-ը ներկայացնող 28 պատգամավորների անելիքներն էին: Այս քննարկումների վերաբերյալ լրագրողներին փոխանցված տեղեկատվությունը ավելի սուղ էր: Վարդան Մկրտչյանը ասաց սոսկ, թե եռօրյայից առաջ ընդդիմադիր պատգամավորները իրենց նիստում կորոշեն իրենց անելիքը:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների տեղեկացմամբ, սակայն, քննարկվել են բազմաթիվ տարբերակներ՝ այդ թվում եւ ամբիոնը վերստին զավթելու մոտեցումը: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնք չեն հրապարակվում, ընդդիմադիրների պատգամավորական խումբը վերաբերմունք է արտահայտելու խորհրդարանի առաջիկա եռօրյայում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ: Իսկ առավել ակտիվ «16»-ը ներկայացնող պատգամավորները լինելու են երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին՝ համապատասխանաբար հայտարարությունների ժամին ու կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների պնդմամբ, ոչինչ չի բացառվում, եւ հարցը միայն այս կամ այն գործողությունը տվյալ պահին կատարելու նպատակահարմարությունն է լինելու:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG