Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունը Ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ է արձանագրել


Առաջիկա կիրակի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքը վերահսկելու, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) արդեն գրանցվել են տեղական 10 հասարակական կազմակերպություններ ներկայացնող 1078 դիտորդ եւ 67 դիտորդ միջազգային տարբեր կազմակերպություններից: Դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին տեղեկացրին, որ նախընտրական այս շրջանում արդեն հանրապետության 8 ընտրատարածքային հանձնաժողովներում եւ 235 տեղամասերում ուսումնասիրություններ են կատարել եւ որոշակի խախտումներ արձանագրել են:

ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի խոսքերով, մինչդեռ, այս պահին արդեն «ամեն ինչ հաղթահարված է», եւ լուրջ խնդիրներ հանձնաժողովն արդեն չունի: «Ընտրություններին պատրաստ են բոլոր ընտրատարծքներում եւ նրանց տեղամասային ընտրական հանձնաժողովներում», - ասաց Սահրադյանը: - «Բարեբախտաբար, մենք կոպիտ խախտումներ չունենք»:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավարի տեղակալ Խաչիկ Ոսկանյանը այսօր հրապարակեց հայտնաբերված խախտումները: Նրա ներկայացմամբ՝ կան ընտրացուցակներին առնչվող աղաղակող խախտումներ: Այսպես, Մասիսում, Աշտարակում, Աբովյանում հայտնաբերվել է, որ փակցված ընտրացուցակների վրա բացակայում են ներքին գործերի համապատասխան ծառայությունների պատասխանատուների ստորագրություններն ու կնիքը: Գյումրիում եւ Վանաձորում ընտրացուցակներում եղել են մահացած մարդկանց անուններ: Աղետի գոտու ժամանակավոր տնակների բնակիչները ընդգրկված չեն եղել ընտրացուցակներում: Քիչ չեն եղել ընտրողների կրկնվող անունները:

Խախտումներ են հայտնաբերվել նաեւ քարոզչական նյութերի հրատարակման գործում: Խաչիկ Ոսկանյանի վկայությամբ, իրենց ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ թեկնածուներ չեն նշում, թե որտեղ եւ ինչ տպաքանակով են հրատարակվել քարոզչանյութերը: Մինչդեռ ընտրական օրենսգրքում հստակորեն նշված է, որ այդ պայմանը պարտադիր է բոլոր թեկնածուների համար:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին ու այլեւայլ խոստումներին, ապա, ըստ Ոսկանյանի, այդ արատավոր երեւույթը եւս շարունակվում է: Անհայտ անձինք նորից զանգահարում են կամ տարբեր պատճառաբանություններով այցելում են ընտրողներին հետաքրքրվում են թե ում օգտին են քվեարկելու, վերցնում են անձնագրերի տվյալները: Ահազանգեր կան, սակայն, ցավոք, ընտրողները դեռեւս այնքան համարձակ չեն, որպեսզի կոնկրետ ասեն, թե ովքեր, որ թեկնածունի վստահված անձինք են հոգեբանական ճնշումներ գործադրում կամ խոստումներ շռայլում:

Վաղը նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը համոզված է, որ ընտրացուցակների առումով այս անգամ որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, կա:

«2002 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որոշակի առաջընթաց կապահովեն նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ թե' ընտրացուցակների հարցում, թե' ընտրությունների արդարության եւ թե' թափանցիկության տեսակետից», - վստահություն հայտնեց ԿԸՀ նախագահը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG