Մատչելիության հղումներ

Քոչարյանը արգելում է իրավապահ մամիններին միջամտել տեղական ընտրություններին





Երկուշաբթի երեկոյան անցկացրած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավապահ մարմինների ու ուժային կառույցներին պաշտոնատարներին նախազգուշացնել է, որ առաջիկա կիրակի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «ցանկացած միջամտության դեպքում կատարողները խստագույնս կպատժվեն»:

«Որեւէ թեկնածուի օգնել, քարոզարշավին մասնակից լինել՝ ուղղակի արգելում եմ: Այս կամ այն թեկնածուի նկատմամբ ձեր անձնական վերաբերմունքը կարող եք արտահայտել քվեարկության միջոցով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Խորհրդակցությունը մասնակցում էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, ազգային անվտանգության, ներքին գործերի, արդարադատության նախարարները, գլխավոր դատախազը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները, ազգային անվտանգության, ներքին գործերի մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները:

«Այս ընտրությունները չափազանց կարեւոր են երկրի համար», - ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, ասել է Ռոբերտ Քոչարյանը: - «Դրանք ե'ւ արձագանքի, ե'ւ արդար ընտրություններ կազմակերպելու նկատմամբ ժողովրդի հավատի առումով պետք է դրական ֆոն ստեղծեն հետագա ընտրությունների համար»:

Հոկտեմբերի 20-ին ընտրություններ կկայանան Հայաստանի 930 համայքներից 654-ում՝ ներառյալ Գյումրին եւ Երեւանի մի քանի համայնքները:

Նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել են հաշված օրեր, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ խորհրդակցության բոլոր հրավիրյալներն այս կամ այն չափով պատասխանատու են ընտրությունների օրինական անցկացման համար եւ յուրաքանչյուրն այդ առումով ունի իր անելիքը: Նախագահը ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին խստիվ արգելել է ներքաշվել նախընտրական որեւէ գործընթացի մեջ՝ շեշտելով, որ ցանկացած միջամտության դեպքում կատարողները խստագույնս կպատժվեն:

Երկրի ղեկավարը մարզպետներին կոչ է արել ցուցաբերել ծայրագույն զսպվածություն՝ հասկանալով, որ իրավունք չունեն մարզպետարանի աշխատակիցներին ներգրավել նախընտրական գործընթացների մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կարեւոր է համարել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին արձագանքի բոլոր տեսակի խախտումներին եւ թույլ չտա, որ ծագած խնդրիները խորանան:

«Նշելով, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել ընտրությունների օրվա ընթացքում ընտրողի դատարան դիմելու եւ դատարանի միջոցով ընտրելու իրավունքի վերականգնումն արգելող կետը, Նախագահն ասել է, որ ընտրությունների օրը դատարանները պետք է գործեն եւ մեր քաղաքացիները դատարանների միջոցով ընտրելու իրենց իրավունքը վերականգնելու հնարավորություն ունենան», - ասված է նախագահի մամլո գրասենյակի հաղորդարության մեջ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG